22:30 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Երևան, Շենգավիթ

Երևանը հին է Հռոմից ու Քեոփսից. բացահայտումները շարունակվում են

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
56250

Շենգավիթյան բնակատեղին գտնվում է Երևանյան լճի արևելյան բարձրադիր ափին: Այսօր շենգավիթցիներից քչերը գիտեն, որ ապրում են մի տեղանքում, որը 6000 տարվա պատմություն ունի:

Գոհար Սարգսյան, Sputnik.

Երբ մարդիկ խոսում են Շենգավիթ վարչական շրջանի մասին, անմիջապես պատկերացնում են դրսում խողովակների վրա նստած տղաների, նարդի խաղացող ու բղավող պապիկների ու ռաբիս լսող երիտասարդների: Այնինչ այսօրվա Շենգավիթը տեղակայված է մի վայրում, որը կարելի է քաղաքակրթության օրրան համարել: Այնտեղ ապրել են նստակյաց տնտեսաձև ունեցող մարդիկ, իսկ հայտնաբերված գանգերի ուսումնասիրություններն ապացուցել են, որ նրանք հայեր են եղել:

Իսկ հիմա ավելի մանրամասն. սկսենք սկզբից: Մեզանից 6 հազար տարի առաջ հիմնադրվել է Շենգավիթ բնակատեղին, որի գոյության մասին խոսել, հետո քաղաքական նկատառումներով լռել են Խորհրդային Միության տարիներին: 1936 թվականին Շենգավիթի պեղումները ղեկավարել է հնագետ Բայբուրդյանը: Հետո նրան կալանավորել են ու աքսորել:

Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմաբան Անժելա Տերյանը պատմեց, որ թեման շուրջ 20 տարով փակվել է, հատկապես որ հնագետներին «ժողովրդի թշնամի» են համարել:

Պեղումները վերսկսվել են 1958 թվականին: Տասնյակ տարիներ ձգված հետազոտությունները բազմաթիվ հետաքրքիր փաստեր են վերհանել:
Բացահայտվել է, որ Շենգավիթը մոտավորապես մշակութային չորս շերտ ունի:

«Հնագույն շերտը թվագրվում է չորրորդ հազարամյակով, ինչը նշանակում է, որ 6000 տարի առաջ է եղել այդ բնակատեղին, իսկ վերին շերտը թվագրվում է 2-րդ հազարամյակով: Պեղումների ժամանակ հայտնաբերված բնակավայրերը, տները կառուցվել են մեկը մյուսի վրա, այսինքն` 1000 տարի հետո նույն տան վրա պատեր են հայտնաբերվել, կառուցվել է մեկ այլ տուն, փաստորեն 4 մշակութային շերտ է առաջացել»,-պատմեց Տերյանը:

Պարզվել է, որ Շենգավիթը կառուցվել է որպես պլանային քաղաք, եղել է հատակագիծ՝ կենտրոնական ու հատող փողոցներով: Պարսպապատված է եղել, ունեցել է ջրագիծ: Այս ամենը և ոչ միայն, մասնագետներին թույլ են տալիս ենթադրել, որ այստեղ ապրել են նստակյաց տնտեսաձև ունեցող մարդիկ:

«Մշակութային հրաշալի նյութեր են հայտնաբերվել, շատ հայտնի է շենգավիթյան խեցեղենը: Հայտնաբերվել են օբսիդիանից պատրաստված գործիքներ, հատիչներ, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված գործիքներ, զարդեր, զենքեր»,- ասաց պատմաբանը:

Предметы домашнего обихода населенного пункта Шенгавит
© Sputnik/ Aram Nersesyan
Շենգավիթյան խեցեղեն

Նրա խոսքով՝ շենգավիթյան խեցեղենը յուրահատուկ է, այն սև է, մետաղի նման փայլեցված, ներսից կարմիր կամ վարդագույն է, իսկ սև ֆոնի վրա կան սպիտակ, երկրաչափական նախշեր՝ տարբեր կենդանիների պատկերներով:

Անժելա Տերյանը ներկայացրեց վերջին բացահայտումներից մեկը՝ շումերական «Լուգալբանդա և Էնմերքար» դյուցազնական զրույցում խոսվում է շենգավիթյան խեցեղենի մասին:

Հարցը, թե մշակութային որ շերտերում են ապրել հայերը, Տերյանին վիրավորական թվաց, շեշտեց՝ հայերը մշտապես ապրել են այնտեղ. Շենգավիթը հայկական բնակավայր է:

«Հայկական լեռնաշխարհն արարչագործության բնօրրաններից մեկն է, այսինքն` մարդն արարվել է, դրանից հետո ապրել է նաև այստեղ: Շենգավիթյան պարսպից դուրս հայտնաբերվել են դամբարաններ, տասնյակ մարդկանց աճյուններ: Նրանց աճյունները, գանգերը մարդաբանական հետազոտությունների են ենթարկել, և մարդաբան պրոֆեսոր Ճաղարյանը գանգերից մեկի հիման վրա ստացել է պատկեր, այդ պատկերը, որն այսօր ցուցադրվում է Շենգավիթի թանգարանում, շատ նման է արմենոիդ մարդաբանական տիպին` կլոր գլուխ, խոշոր աչքեր, բարձր քթոսկր»,- ասաց պատմաբանը:

Տերյանի խոսքով՝ 3-րդ և 4-րդ շերտերում կատարված պեղումներն էլ հնագույն շենգավիթցիների հարստության նշաններ են ցույց տվել:

Житель населенного пункта Шенгавит
© Sputnik/ Aram Nersesyan
Շենգավիթի հնագույն բնակչի գանգի հիման վրա արված պատկեր

«Կարծես թե մեկի տունն ավելի լավն է, քան մյուսինը, մեկի տանն ավելի շատ կից շինություններ կան, քան մյուսում, մեկն ունի հացահատիկների հորեր, որոնք կնքվել են, իսկ կնիքն արդեն սեփականության նշան է, հայտնաբերվել է նաև գուրզ կամ գավազան, իսկ դրանք իշխանության նշաններ են: Ստացվում է, որ վերջին շերտերում մասնավոր սեփականությունն է ի հայտ եկել»,-պատմեց Տերյանը:

Հայտնաբերվել են նաև զոհասեղաններ, ինչը նշանակում է, որ նրանք պաշտել են աստվածներին և զոհեր են մատուցել նրանց:

Պեղումները ժամանակ առ ժամանակ վերսկսվում են, սակայն նոր գտածոների հայտնաբերումը թանկ հաճույք է, քանի որ դրանք գտնելուց հետո նաև պահպանել ու ցուցադրել է պետք: Այսօր Շենգավիթ բնակատեղիի պեղումները պետության ծավալուն ֆինանսավորման կարիք ունեն:

Մոտ մեկ ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանի ժամանակ՝ ճեպազրույցի փուլում, ներկաներին հիշեցրել էր, որ ունենք Շենգավիթ, որը 6000 տարեկան է:

«Այստեղ է Շենգավիթ արվարձանը, որը 6000 տարեկան է՝ նույնպես ապշեցուցիչ թիվ է, այսինքն 1000 տարով մեծ է, քան Քեոփսի հայտնի բուրգը Եգիպտոսում»,-ասել էր նա:

Վարչապետի այս անդրադարձը թույլ է տալիս հուսալ, որ այս կարևոր հարցը պետական ուշադրության կարժանանա:

Անժելա Տերյանը ցավով է նշում, որ մենք աշխարհին ներկայացրել ենք միայն Էրեբունին: Չնայած հիշեցնում է նաև համահարթեցման քաղաքականությունը, որ տարվել է խորհրդային տարիներին, և որպես փաստ հաշվի են առել Արգիշտի 1-ի արձանագրությունը՝ ըստ դրա հաշվելով Երևանի տարիքը: Այս պահին պատմաբանը ծիծաղելի է համարում այն արտահայտությունը, թե Երևանը մոտավորապես 30 տարով է մեծ Հռոմից. եթե մենք աշխարհին ցույց տանք և ապացուցենք Շենգավիթ բնակատեղիի տարիքը, կստացվի, որ մենք աշխարհին նո՛ր ասելիք ունենք:

  • Ժամանակից Շենգավիթը
    Ժամանակից Շենգավիթը
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Շենգավիթի բակերից մեկում
    Շենգավիթի բակերից մեկում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Շենգավիթցի կանայք
    Շենգավիթցի կանայք
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Մետրոյի Շենգավիթ կայարանը
    Մետրոյի Շենգավիթ կայարանը
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Այգում
    Այգում
    © Sputnik/ Asatur Yesayants
1 / 5
© Sputnik/ Asatur Yesayants
Ժամանակից Շենգավիթը

Գլխավոր թեմաներ

  • Ծովակալ Իսակով

    …1941 թվականին Շլիսելբուրգի մերձակայքում նա կորցրեց ձախ ականջի լսողությունը, իսկ մեկ տարի անց Սոչիում անդամահատեցին նրա ոտքը` ազդրին հասցված բեկորային վիրավորման հետևանքով առաջացած փտախտի պատճառով։ Վիրահատությունից հետո երկու ժամ չէր շոշափվում զարկերակը, սակայն նա ողջ մնաց։

    4
  • Ծրագրավորող

    Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանն ու Ուկրաինան աշխարհի ամենամեծ ՏՏ–շուկան են ձևավորել, որում ընդգրկված է 15 հազար մասնագետ և երկու հազար ընկերություն։ Այս եզրակացությանն են հանգել Yalantis ընկերության մասնագետները։

    12
  • Ատենախոսություն

    Հայաստանը գիտական գրագողությունների բացահայտմամբ նախկին ԽՍՀՄ–ում առաջին տեղում է։ Բացահայտվում են ոչ միայն Հայաստանում ու հայերենով, այլև արտերկրում այլ լեզուներով կատարված գրագողությունները, Sputnik Արմենիային հայտնեցին Բարձրագույն որակավորման հանձնաժողովից։

    32