22:29 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ԱԺ

Որքան գումար են զինծառայողների ընտանիքներին փոխանցել ԱԺ պատգամավորները

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20210

Վիրավոր և զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցելու համար ԱԺ-ի աշխատակիցներն ու պատգամավորները 2 մլն 26 հազար 800 դրամ գումար են հավաքել: Այսօր այդ մասին հայտարարեց ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ԱԺ-ի պատգամավորներն ապրիլյան պատերազմից հետո հայտարարեցին, թե պատրաստ են իրենց աշխատավարձերի նվազագույնը 1%-ն ամեն ամիս փոխանցել մարտական գործողությունների ժամանակ տուժած զինվորականների ընտանիքներին: Խոստացան, բայց փոխանցեցին ոչ բոլորը: Այս մասին այսօր հայտնի դարձավ այդ նպատակով ստեղծված ԱԺ-ի աջակցության հիմնադրամի աշխատանքային հանձնաժողովի անդրանիկ նիստում:

Հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արսեն Բաբայանը հայտնեց, որ ԱԺ-ի աշխատակիցներն ու պատգամավորները միայն հոկտեմբեր ամսվա աշխատավարձերից հիմնադրամին 2 մլն 26 հազար 800 դրամ գումար են փոխանցել:

Ի դեպ, թեև պատգամավորները նման պատրաստակամություն էին հայտնել հուլիսին, բայց վճարումները կատարվել են միայն 4 ամիս անց՝ նոյեմբերին: Արսեն Բաբայանն այս հետաձգումը պայմանավորեց տեխնիկական խնդիրներով:

«Զուտ կազմակերպչական աշխատանքների պատճառով, քանի որ սկզբում չէր որոշվել, որ պետք է լինի առանձին հիմնադրամ, ինչ կազմ պետք է ունենա, խմբակցություններն ինչ մասնակցություն պետք է ունենան: Եվ այդ ամբողջ ընթացքում որևէ մեկից որևէ գումար չի պահվել: Պահվել է միայն այն ժամանակ, երբ կար համապատասխան հաշվեհամարը, երբ կար հիմնադրամը, այսինքն՝ միայն հոկտեմբեր ամսվա համար»,- ասաց նա:

Բայց հոկտեմբեր ամսվա իրենց աշխատավարձից հիմնադրամին վճարումներ են կատարել ոչ բոլոր պատգամավորները: Արսեն Բաբայանն այս իրողությունը չժխտեց, բայց և հրաժարվեց չվճարողների անունները հրապարակել՝ խորհուրդ տալով նրանց անունները փնտրել հիմնադրամի կայքում հրապարակված անունների ցանկում:

Հրապարակված ցուցակի համաձայն` հոկտեմբերի իրենց աշխատավարձերից հիմնադրամին փոխանցում է կատարել 478 մարդ, որոնցից 392-ը ԱԺ-ի աշխատակազմի աշխատակիցներն են՝ վարորդներ, պատգամավորների օգնականներ, խորհրդականներ, տարբեր վարչությունների ու բաժինների աշխատակիցներ, 86-ը՝ պատգամավորներ:

Արսեն Բաբայանի խոսքով` չվճարողների մի մասն ուղղակի տեղյակ չի եղել, որ պետք է դիմում գրի, որպեսզի իր աշխատավարձից պահում անեն, եղել են նաև տեխնիկական խնդիրներով ցանկից դուրս մնացածներ և այնպիսիք, ովքեր գերադասել են ինքնուրույն օգնել զինվորականներին ու նրանց ընտանիքներին: Վերջինները, ի դեպ, ըստ Բաբայանի՝ հիմնականում ՕԵԿ և ԲՀԿ խմբակցությունների անդամներն են:

Հիմնադրամի բոլոր մուտքերը հրապարակված են հիմնադրամի՝ zinvor.org կայքում: Ըստ այդ հրապարակման, ամենափոքր վճարումը 160 դրամ է, ամենախոշորը՝ 466 390 հազար դրամ: Վերջինն, ի դեպ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի վճարումն է, որն, Արսեն Բաբայանի խոսքով` հիմնադրամին է փոխանցել իր հոկտեմբեր ամսվա ամբողջ աշխատավարձը:

Մյուս պատգամավորները վճարել են 5-33 000 —ական դրամ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը 11 910 դրամ է փոխանցել, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Առաքել Մովսիսյանն ու Սեյրան Սարոյանը՝ 6300-ական դրամ, Մանվել Գրիգորյանը՝ 6610 դրամ, Մհեր Սեդրակյանը՝ 5040 դրամ, Սամվել Ալեքսանյանը՝ 5670 դրամ:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Նիկոլ Փաշինյանը, օրինակ, դրամահավաքին չեն մասնակցել:

Թե որ զինծառայողների ընտանիքները կստանան ԱԺ- աջակցությունը և ինչ տեսքով, հանձնաժողովում դեռ չեն որոշել: Այստեղ դեռ մշակվում է աջակցության կարիք ունեցողների տվյալները: Իսկ այդպիսիք, ինչպես հայտնեց հանձնաժողովի անդամ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, քիչ չեն:

«Խիստ կարիքավորներն ու կարիքավորները շուրջ 50 տոկոս են կազմում: Մենք շաբաթական միջինը 30 ընտանիքի հետ աշխատում ենք: Աշխատել ասելով՝ կոնկրետ օգնում ենք, աշխատում ենք ավելի շատերի հետ: Բայց 30-40 ընտանիք ամեն շաբաթ ֆինանսական աջակցություն է ստանում՝ ուսման վարձի տեսքով, ձմռան վառելիքի տեսքով, կոմունալ վճարումների տեսքով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ նոր հիմնադրամին, դրա անդամներն ու ղեկավարները խոստացան, որ շարունակելու են թափանցիկ աշխատել և առաջիկայում մանրամասն ներկայացնել ոչ միայն մուտքերը, այլև ծախսերը՝ ըստ իրականացված կոնկրետ ծրագրերի:

Միաժամանակ Արսեն Բաբայանը չբացառեց, որ առաջիկայում հավաքված գումարը հետագայում կարող է փոխանցվել կառավարության նախաձեռնությամբ ստեղծված նոր՝ զինծառայողների ընտանիքների աջակցող պետական հիմնադրամին:

Գլխավոր թեմաներ

  • Ծովակալ Իսակով

    …1941 թվականին Շլիսելբուրգի մերձակայքում նա կորցրեց ձախ ականջի լսողությունը, իսկ մեկ տարի անց Սոչիում անդամահատեցին նրա ոտքը` ազդրին հասցված բեկորային վիրավորման հետևանքով առաջացած փտախտի պատճառով։ Վիրահատությունից հետո երկու ժամ չէր շոշափվում զարկերակը, սակայն նա ողջ մնաց։

    3
  • Ծրագրավորող

    Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանն ու Ուկրաինան աշխարհի ամենամեծ ՏՏ–շուկան են ձևավորել, որում ընդգրկված է 15 հազար մասնագետ և երկու հազար ընկերություն։ Այս եզրակացությանն են հանգել Yalantis ընկերության մասնագետները։

    12
  • Ատենախոսություն

    Հայաստանը գիտական գրագողությունների բացահայտմամբ նախկին ԽՍՀՄ–ում առաջին տեղում է։ Բացահայտվում են ոչ միայն Հայաստանում ու հայերենով, այլև արտերկրում այլ լեզուներով կատարված գրագողությունները, Sputnik Արմենիային հայտնեցին Բարձրագույն որակավորման հանձնաժողովից։

    32