04:35 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Թուրքիա

Սաֆրաստյան. Թուրքիան նյարդայնացնելու է Վաշինգտոնին

BULENT KILIC / AFP
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Հայ քաղաքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ ԱՄՆ–ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Թուրքիան կշարունակի իրեն հանդուգն պահել, սակայն դա այնքան էլ չի ազդի երկու երկրների հարաբերությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման վեկտորն ԱՄՆ նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփի պարագայում շատ չի փոխվի, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Նրանք ինչպես եղել են դաշնակիցներ, այդպես էլ կմնան, քանի որ Թուրքիան կարևոր աշխարհաքաղաքական դիրք է զբաղեցնում Մերձավոր և Միջին Արևելքում։ Ամերիկան հաշվի կառնի այդ փաստը և կփորձի պահպանել դաշնակցային հարաբերությունները»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով` Թուրքիան Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կշարունակի իրեն հանդուգն պահել, ինչպես եղել է վերջին մի քանի տարիների ընթացքում։ Դա կնյարդայնացնի Վաշինգտոնին։

«Ես, սակայն, չեմ կարծում, որ Թրամփի վարչակազմն արմատապես կփոխի Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը, քանի որ այդ երկիրը մեծ նշանակություն ունի ԱՄՆ-ի համար»,- հավելեց նա։

Այն հարցին, թե ինչպես կազդի Թրամփի նախագահությունը Հայաստանի վրա, Սաֆրաստյանը նշեց, որ հատուկ փոփոխություններ պետք չէ ակնկալել։

«Թրամփի ընտրվելը շատ չի ազդի Հայաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասի դիրքորոշման վրա, քանի որ նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ մասին ոչ մի խոսք չի եղել։ Ուստի, չեմ կարծում, որ Թրամփի կամ նրա վարչակազմի կողմից պատրաստվում են նոր աշխարհաքաղաքական քայլեր։

Մյուս կողմից, կարծում եմ, որ նրան ընտրելը մարտահրավեր է բոլոր հայերի համար, քանի որ վերջին տասնամյակի ընթացքում մենք գործ կունենանք նախագահի հետ, որը ոչ մի անգամ չի արտահայտվել ո՛չ Հայաստանի, ո՛չ Հայոց ցեղասպանության, ո՛չ ղարաբաղյան հակամարտության մասին։ Նախորդ նախագահները պատկերացում ունեին Հայկական հարցի մասին, նրանք ունեին իրենց դիրքորոշումը, քանի որ նրանք պատկանել են քաղաքական վերնախավին, բայց Թրամփը եկել է բիզնեսից։ Կարծում եմ, որ նա ոչ մի պատկերացում չունի այդ մասին»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով` հայկական սփյուռքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը, պետք է օգտագործեն մինչև նորանշանակ նախագահի երդմնակալության արարողությունը, որին մնացել է մեկուկես ամիս։

«Հայկական սփյուռքը և դիվանագետները Թրամփի շրջապատի միջոցով պետք է անհրաժեշտ տեղեկատվություն հասցնեն նրան։ Դա լուրջ աշխատանք է պահանջում ինչպես ԱՄՆ-ում մեր հայրենակիցների, այնպես էլ Հայաստանի դիվանագիտական ծառայության կողմից, որը պետք է փորձի լրացնել ԱՄՆ-ի նոր նախագահի մոտ տեղեկատվության պակասը»,- ասաց Սաֆրաստյանը։

Մեկնաբանելով Ադրբեջանի գործարար օղակների հետ Թրամփի կապերի մասին տեղեկատվությունը` քաղաքագետն ասաց, որ դա ոչ մի կերպ չի ազդի երկու երկրների փոխհարաբերությունների վրա։

«Ես չգիտեմ, թե որքանով է ստույգ Ադրբեջանի գործարար օղակների հետ Թրամփի սերտ կապերի մասին տեղեկատվությունը։ Ամեն դեպքում, դրանք լիովին կարող էին լինել, բայց չեմ կարծում, որ ԱՄՆ նախագահը բիզնեսի շահերը կգերադասի պետականից։ Ես կողմնակից չեմ այն տեսակետին, որ Ադրբեջանի հետ նրա գործարար կապերը կարող են ազդել այդ երկրի նկատմամբ Ամերիկայի քաղաքականության վրա»,- ասաց քաղաքագետը։

Այդ առումով հայերը որոշակի սպասումներ ունեն Թրամփից։ Փորձագետների մի մասը ենթադրում է, որ Թրամփի ընտրվելը սառեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` բացատրելով իրենց դիրքորոշումը նրանով, որ Թրամփը, առաջին հերթին, կղեկավարվի ազգային շահերով։ Մյուսները, հակառակը, հույսեր են կապում ԱՄՆ-ի 45-րդ նախագահի անկանխատեսելիության հետ, որի գործողություններն անհնար է գուշակել։

Գլխավոր թեմաներ