01:16 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյան. 2016-ը լի էր փորձություններով

president
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (116)
18 0 0

Անցնող տարում մենք ինքներս մեզ և ողջ աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցինք, թե ինչ ասել է ազգային ոգի, ազատության և հայրենիքի համար պայքարելու կամք, Ամանորի և Սուրբ Ծնդդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահ սերժ Սարգսյանն Ամանորի եվ Սուրբ Ծննդյան տոների առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում, մասնավորապես, ասվում է.

«Պատմության գիրկն է անցնում 2016 թվականը, որը մեր անկախության վերականգնման քսանհինգ ամյակի տարին էր: Այն իսկապես իրադարձություններով և փորձություններով լի ժամանակաշրջան էր:

Ապրիլին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը: Մարտի դաշտում մեր ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր հավաքական ուժն անկոտրում է, հայրենիքը պաշտպանելու կամքը՝ անսասան: Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնությունը նենգ ու դավադիր հարձակումներից չի ընկրկելու: Բոլոր փորձություններից մենք դուրս ենք գալու ավելի ամրացած:

Թո՛ղ մեր հիշողության մեջ 2016 թվականը մնա որպես ազգային համախմբման տարի: Անցնող տարում մենք ինքներս մեզ և ողջ աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցինք, թե ինչ ասել է ազգային ոգի, ազատության և հայրենիքի համար պայքարելու կամք:

Այսպիսի ազգային համաձայնությամբ թևակոխում ենք մեր անկախ պետականության երկրորդ քսանհինգ ամյակը: Մեր անկախության առաջին շրջանը պատերազմ և դժվարություններ դիմագրավելու փուլ էր: Այդ ընթացքում կերտեցինք Արցախի ազատամարտի հաղթանակը, դրեցինք հայոց անկախ պետության հարատևության հիմքերը:

Ահա այստեղ է իմ լավատեսության աղբյուրը: Նաև այստեղ է մեր վաղվա հաջողությունների ակունքը: Ավելի լավ երկիր կառուցելու հավատը և այն պաշտպանելու կարողությունը մեզ արդեն դարձրել են ավելի ուժեղ: Ամեն շաբաթ, ամեն ամիս մենք կատարելու ենք գուցե և փոքր, բայց վստահ քայլ դեպի ավելի լավ, ավելի արժանապատիվ և ավելի բարեկեցիկ ապագա:

Նոր տարի ենք մտնում լուրջ և իրատեսական ծրագրերով: Հետևողական և լայնածավալ փոփոխությունների դրական արդյունքները թե՛ տնտեսության, թե՛ այլ ոլորտներում մոտ ապագայում զգալու ենք բոլորս: Հավատում եմ, որ նոր կառավարությանը դա հաջողվելու է, և դա լինելու է բոլորիս հաջողությունը:

Եկող տարին վճռորոշ է լինելու մի քանի առումներով: 2017 թվականի գարնանը կայանալու են Ազգային ժողովի ընտրությունները: Մեր հասարակությունը միասնաբար կարող է կազմակերպել այնպիսի քաղաքական գործընթաց, որին կվստահի նրա յուրաքանչյուր ներկայացուցիչ: Մեզ անհրաժեշտ են այնպիսի ընտրություններ, որպեսզի մեր պետության նավը խուսափի անցյալից հայտնի ստորջրյա խութերին բախվելուց:

Սիրելի՛ բարեկամներ, նոր՝ 2017 թվականին, մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին երջանկություն, խաղաղություն և սեր: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (116)

Գլխավոր թեմաներ