14:33 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Կոթի

Գութանի փոխարեն՝ զենք, Նյու Յորքի փոխարեն՝ սահմանամերձ Կոթի

© Sputnik/ Laura Sarkisyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14531

Տավուշի մարզում գտնվող Կոթի գյուղը սահմանակից է Ադրբեջանին: Թեև Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես չեն պատերազմում իրար դեմ, այդուհանդերձ սահմանամերձ գյուղերում կրակոցները չեն դադարում:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Կոթի գյուղը երեք ուղղությամբ սահմանակից է Ադրբեջանին: Սահմանի երկարությունը կազմում է 38 կմ: Հայ զինծառայողներն առաջնագծում 24 ժամ շարունակում հսկում են սահմանը, բայց հասարակ գյուղացիներն էլ բազմաթիվ անգամ գութանի փոխարեն զենք են վերցրել իրենց հողի պաշտպանության համար:

«Վաղուց չեն կրակել, բայց երբ կրակում են, մենք էլ ստիպված ենք լինում պաշտպանվել: Փոքր տարիքում վախենում էի, բայց երբ մեծացա, հասկացա՝ տնից ոչ մի տեղ չես փախչի», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Արմանը:

Նա ծառայել է բանակում, այսօր զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ: Արմանը երազում է գնալ Նյու Յորք, ուստի ողջ ազատ ժամանակը նվիրում է անգլերեն սովորելուն: Կոթիում ժամանցի վայրերը քիչ են, և երիտասարդների թիվը գյուղում հետզհետե քչանում է:

Село Коти
© Sputnik/ Laura Sarkisyan
Կոթի

Սակայն Կոթիում փոփոխություններ էլ կան: Գյուղի եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցում բացվել է ազգային երգ ու պարի խմբակ, որտեղ հաճախում են ոչ միայն Կոթիի, այլև Նոյեմբերյանի տարածաշրջանի երեխաները: Գյուղի միակ դպրոցում սմարթ-կենտրոն է գործում, որտեղ ցանկացողները կարող են անգլերենի լրացուցիչ դասեր ստանալ: Նախատեսվում է նաև ռոբոտաշինության խմբակ բացել:

Կոթին ժամանակին հողագործության և անասնապահության ակտիվ կենտրոն է եղել: Այսօր գյուղում բնակվում է 2100 մարդ, որոնց տներում գազ չկա, իսկ առանձին տեղերում էլ՝ ջուր: Գյուղի միակ ճաշարան-ռեստորանը հարսանեկան և սգո արարողությունների սրահ է ծառայում:
Կոթիում մի քանի մթերային խանութ կա, մեկ դեղատուն, մանկապարտեզ և դպրոց:

Գյուղը գազիֆիկացված է, բայց ֆինանսական խնդիրների պատճառով գյուղացիները չեն կարողանում գազը տուն հասցնել: Այդ ծառայության համար յուրաքանչյուր ընտանիք պետք է վճարի 50-200 հազար դրամ:

«Մեծ գումար է գյուղացիների համար, ուստի մենք դիմել ենք Հայաստանի կառավարությանը՝ առաջարկելով գազն անցկացնել վարկով: Առայժմ սպասում ենք պատասխանի», — Sputnik Արմենիաայի թղթակցի հետ զրույցում ասաց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:

Մյուս կողմից, Կոթիի բնակիչները վախենում են գազը տուն հասցնել, քանի որ գյուղը կարծես վառոդի տակառի վրա լինի: Գյուղում տարածքներ կան, որոնք ոչ ոք չի մշակում, քանի որ գտնվում են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ:

Село Коти
© Sputnik/ Laura Sarkisyan
Կոթի

Այս ամենը հաշվի առնելով՝ պետությունը գյուղի բնակիչներին ազատել է հողի հարկից, իսկ էլեկտրաէներգիայի ծախսի 50 տոկոսը վճարում է պաշտպանության նախարարությունը:Կոթիի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ աշխատատեղերի բացակայությունը: Գյուղում անասնապահությունից և հողագործությունից զատ, զարգացած է հրուշակեղենի արտադրությունը:

Գյուղը վերջին անգամ կրակոցների տակ է հայտնվել կես տարի առաջ: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, որովհետև գյուղացիներն արդեն գիտեն, թե ինչ է պետք անել նման դեպքերում:

Կոթին Տավուշի մարզի գյուղերից է, որտեղ ապրող հասարակ մարդը երբեք չի թուլացնում զգոնությունը:

Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել էին ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ էր շպրտվել` տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ Էդգար Նարայանը և Էրիկ Աբովյանը։

Русская версия

Գլխավոր թեմաներ