20:32 26 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Պարգևատրման արարողություն ՀՀ նախագահի նստավայրում

Մայրս ինձ ասաց` տղես, ես էլ եմ գալիս, գնա առաջնագիծ. պարգևատրում ՀՀ նախագահի նստավայրում

© President
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9620

Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պարգևատրեց խիզախություն ու անմնացորդ նվիրում ցուցաբերած զինծառայողներին:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Մինչ պարգևատրման արարողությունը ՀՀ նախագահի նստավայրում տարբեր և իրարամերժ տրամադրություններ էին` մեկն ուրախ էր պարգևի ակնկալիքով, իսկ մյուսին հանգիստ չէր տալիս զինվոր որդու կորուստը։ Բայց մի բան միավորում էր բոլորին` հպարտության զգացում, որ անձնվեր ծառայություն են մատուցել հայրենիքին ու քաջաբար պահել թիկունքը։

Ապրիլյան գործողություններին մասնակցած վիրավոր զինծառայողներին արհեստավարժորեն բժշկական առաջին օգնություն է ցուցաբերել Արա Մարուքյանը։ Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և մասնագիտական արդյունավետ գործունեության համար նա պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով։

Մարուքյանը Sputnik Արմենիային պատմեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին իր կյանքի մասին չի մտածել, առաջնահերթ իր գործն է արել։ Իսկ երբ ամեն ինչ ավարտվել է, նոր է հասկացել, որ կյանքի ու մահվան սահմանին է եղել։

«Մի բան պատմեմ. մայրս մի օր զանգեց, հարցրեց` որտե՞ղ ես, ցանկացա հանգստացնել, ասացի` հետ եմ եկել, Մատաղիսի շրջանում եմ, առաջնագիծ չեմ գնացել, բայց իրականում առաջնագծում էի։ Զարմացա, երբ ասաց` տղես, ես էլ եմ քեզ հետ գալիս, գնա այնտեղ, երեխաները մեղք են»,- ժպիտով պատմեց նա։

Ара Марукян
Karen Yepremyan
Արա Մարուքյան

Նախագահի նստավայրում էր նաև Շավարշ Մելիքյանի հայրը։ Մելիքյանն այն քաջարի զինծառայողն է, որը հետ է մղել Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը։ Շավարշը հետմահու պարգևատրվեց «Արիության» մեդալով։

«Վերջին անգամ հետը խոսել եմ դեկտեմբերի 28-ին, բայց մեկ տարի նրան չէի տեսել. արտագնա աշխատանքի էի։ Նա քաջ տղա էր. ինքն էր որոշել շարունակել ծառայությունը»,- ասաց զինվորի հայրը` Մելիքսեթ Մելիքյանը։

Պարգևատրման արարողությունից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ:

  • Մելիքսեթ Մանուկյան
    Մելիքսեթ Մանուկյան
  • ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պարգևատրեց խիզախություն ու անմնացորդ նվիրում ցուցաբերած զինծառայողներին:
    ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պարգևատրեց խիզախություն ու անմնացորդ նվիրում ցուցաբերած զինծառայողներին:
  • ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պարգևատրեց խիզախություն ու անմնացորդ նվիրում ցուցաբերած զինծառայողներին:
    ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պարգևատրեց խիզախություն ու անմնացորդ նվիրում ցուցաբերած զինծառայողներին:
1 / 3
Մելիքսեթ Մանուկյան

«Մենք շնորհակալ ենք ձեր կատարած հսկայական աշխատանքի համար, որ կոչվում է ծառայություն հայրենիքին: Առաջին հերթին մենք պետք է ոգեկոչենք այն անմահներին, ում մենք այսօր պարգևատրում ենք հետմահու: Մենք՝ մեր ողջ ժողովրդով, կանգնում ենք հերոսներ դաստիարակած ծնողների կողքին, այս ընտանիքներին ենք ուղղում սփոփանքի և գոտեպնդման մեր խոսքը։ Շնորհավորում եմ նրանց, ովքեր այս պահին դահլիճում են և մեր Զինված ուժերի շարքերում շարունակում են իրենց զոհված մարտական ընկերների նվիրական գործը: Իմացե՛ք, որ հայրենիքը վստահում և հավատում է ձեզ»,-ասաց նախագահ Սարգսյանը։

Հետո զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորական խոսքն ուղղեց հայ ժողովրդին։

«Հայկական բանակը ստեղծվեց մեր պետականության վերականգնմանը զուգընթաց: Սակայն բանակի կազմավորումը սկսվել էր ավելի վաղ: Այն սկսվել էր ոչ թե վերևից, այլ ներքևից՝ ինքնաբուխ ձևով և ժողովրդի ինքնապաշտպանական բնազդով: Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում ծավալված դաժան իրադարձությունները վերարթնացրին մեր պատմական հիշողությունը՝ կոտորածների և գաղթի ճանապարհների սահմռկեցուցիչ տեսարաններով: Տարերայնորեն ձևավորվող, բայց խորապես գիտակցված կամավորական շարժումը և կամավորների առաջին ջոկատները դարձան այն խարիսխը, որի վրա պիտի բարձրանար փառավոր ու հաղթական մի բռունցք՝ Հայկական բանակը»,-ասաց երկրի ղեկավարը։

Նա շեշտեց, որ մեզ պարտադրված պատերազմն ամբողջ ժողովրդին դարձրեց բանակ։ Նա հիշեցրեց` քառորդ դար առաջ Վազգեն Սարգսյանի հրամանով մեր բանակը դարձավ պետական հաստատություն: Այդ օրվանից ի վեր մենք արդեն ինքնապաշտպանական պատերազմ էինք վարում պետականորեն:

«Հաջորդ քսանհինգ տարիները մեր բանակի համար լինելու են որակական նոր վերելքի տարիներ։ Սպայությունը` որպես մեր ազգային մտավորականության առանձնահատուկ շերտ, ունենալու է ավելի բարձր հասարակական վարկ ու կշիռ, ունենալու է ավելի բարձր մասնագիտական, այդ թվում՝ տեխնոլոգիական պատրաստվածություն։ Զորակոչիկների համար ծառայությունը դառնալու է իսկապես կյանքի դպրոց՝ սկսած ռազմական հմտություններից, վերջացրած քաղաքացիական և հոգեբանական պատրաստվածությամբ»,- ասաց նա։

ՀՀ նախագահն իր խոսքը եզրափակեց մաղթանքով` ոգու արիություն, անկոտրում կամք և խաղաղություն։

Գլխավոր թեմաներ