11:12 29 մարտի 2017
Ուղիղ եթեր
Արամի 9

«Հին Երևանի կանգուն վկաները». Արամի 9

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Շուխյան
25320

Sputnik Արմենիան ներկայացնում է «Հին Երևանի կանգուն վկաները» խորագրով շարքը: Այս թեմայով հերթական հրապարակումը կպատմի Արամի 9 հասցեում գտնվող մի շենքի մասին, որի ճարտարապետական արժեքները գուցեև այնքան մեծ չեն, սակայն իր պատմական նշանակությամբ այդ շենքը կարելի է բացառիկ համարել:

Արամի 9 հասցեում է գտնվում 20-րդ դարի սկզբի հայ ազգային ազատագրական պայքարի ականավոր գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունը, որտեղ նա ապրել է 1917 թվականից մինչև իր մահը՝ 1919-ի հունվարը: Ցավոք, այսօր շենքը գտնվում է կիսավեր վիճակում, առանց տանիքի՝ կանգուն են միայն շենքի պատերը: Սարդարապատի հերոսամարտի և Առաջին հանրապետության հռչակման մեկդարյա հոբելյաններին ընդառաջ, որը նշվելու է մեզ մոտ 2018 թվականի մայիսին, հրատապ է դառնում այդ շենքի հիմնովին վերանորոգումը և այնտեղ համապատասխան թանգարանի ստեղծումը:

Арам Манукян
Արամ Մանուկյան

Այս տարվա հունվարի 29-ին՝ Արամ Մանուկյանի հիշատակի օրը, Արամի 9 հասցեում գտնվող շենքի մոտ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց թատերականացված ուշագրավ ֆլեշմոբ, որի նպատակն էր հանրության ուշադրությունը սևեռել Արամ Մանուկյանի տան՝ օր առաջ վերականգնման և Երևանի պատմամշակութային այլ հուշարձանների պահպանության խնդրին:

Ուղիղ մեկ դար առաջ, 1917-ի դեկտեմբերին, երբ Արամ Մանուկյանը Թիֆլիսից ժամանեց Երևան, նրան՝ 1915-ի Վանի հերոսամարտի փառապանց ղեկավարին և Վանի հայկական ինքնավարության նահանգապետին, իսկ այդ ժամանակ արդեն Արևելյան Հայաստանի ղեկավարին, դիմավորեցին մեծ ցնծությամբ: Երևանի քաղաքային դումայի պատգամավոր Ֆադեյ Քալանթարյանը նրան նվիրեց Երևանի կենտրոնում, Ցարսկայա փողոցում՝ ներկայումս Արամի 9 հասցեում գտնվող իր տունը: Երկհարկանի, սև տուֆից շենքը կառուցված է ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով 1910 թվականին:

Թուրքական կանոնավոր զորքերի Արարատյան դաշտավայրի և Երևանի վրա արշավանքի վտանգի առջև, 1918-ի մարտին Երևանի հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների ընդհանուր ժողովում Արամ Մանուկյանը ընտրվում է Երևանի դիկտատոր, ստանալով գործունեության ամենալայն լիազորությունները։ «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու, և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու»,- ասել էր այդ օրերին Արամ Մանուկյանը։ Նա արտակարգ իրավիճակ է հայտարարում և կարճ ժամանակամիջոցում կարողանում է միավորել հայկական ցաքուցրիվ զորախմբերը Երևանի շուրջը՝ մեծագույն ջանքերի շնորհիվ կազմակերպելով 1918-ի մայիսի 21-ից մինչև 27-ը թուրքական բանակի դեմ մղվող Սարդարապատի հերոսամարտի հաղթանակ ավարտը:

1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Արամ Մանուկյանը փաստացի միանձնյա շուրջ երկու ամիս ղեկավարել է երկիրը մինչև 1918-ի հուլիսի 23-ը, երբ Երևան է գալիս Թիֆլիսում ստեղծված Հայաստանի Հանրապետության առաջին կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ։ Այդ կառավարությունում Արամ Մանուկյանը ստանձնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը և մնում այդ պաշտոնում մինչ իր մահը, որը վրա հասավ բծավոր տիֆից 1919-ի հունվարի 29-ին: Պետության ծախսերով և կաթողիկոսական արարողակարգով նա հուղարկավորվեց այժմյան Կոմիտասի անվան պանթեոնի տեղում գտնվող Երևանի քաղաքային գերեզմանատանը (հետագայում նրա աճյունը վերաթաղվել է): Ցարսկայա փողոցը, որտեղ ապրել էր Արամ Մանուկյանը, անվանակոչվեց որպես Արամի փողոց: Խորհրդային տարիներին այն դարձավ Սպանդարյանի փողոց, իսկ 1991-ին՝ փողոցին կրկին վերադարձվեց Արամի անունը:

  • Արամի 9 հասցեում գտնվող կիսավեր շենքը
    Արամի 9 հասցեում գտնվող կիսավեր շենքը
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Արամի 9 հասցեում գտնվող կիսավեր շենքը
    Արամի 9 հասցեում գտնվող կիսավեր շենքը
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Արամի 9 հասցեում գտնվող կիսավեր շենքը
    Արամի 9 հասցեում գտնվող կիսավեր շենքը
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Արամի 9 հասցեում գտնվող կիսավեր շենքը
    Արամի 9 հասցեում գտնվող կիսավեր շենքը
    © Sputnik/ Асатур Есаянц
  • Արամի 9 հասցեում գտնվող կիսավեր շենքը
    Արամի 9 հասցեում գտնվող կիսավեր շենքը
    © Sputnik/ Асатур Есаянц
  • Արամի 9 հասցեում գտնվող կիսավեր շենքը
    Արամի 9 հասցեում գտնվող կիսավեր շենքը
    © Sputnik/ Асатур Есаянц
  • Արամի 9 հասցեում գտնվող կիսավեր շենքը
    Արամի 9 հասցեում գտնվող կիսավեր շենքը
    © Sputnik/ Асатур Есаянц
1 / 7
© Sputnik/ Asatur Yesayants
Արամի 9 հասցեում գտնվող կիսավեր շենքը

Արամի 9 շենքում Արամ Մանուկյանն ապրել է իր ընտանիքի հետ: 1918-ի սկզբին նա ծանոթանում է Կատարինե Զալյանի հետ, որն աշխատում էր Հայաստանի որբանոցներից մեկում որպես բժշկուհի: Շուտով նրանք ամուսնանում են և բնակվում այստեղ: Այդ ամուսնությունից ծնվեց Արամի միակ ժառանգը` Սեդան, որն ընդամենը չորս ամսական էր, երբ մահացավ հայրը: «Ծանր տարիներ, դժվար աշխատանք, ամբողջ օրը մայրս մանկատանն էր անցկացնում, հայրս էլ՝ հասարակական, քաղաքական գործունեության մեջ մշտապես թաղված, և այնպիսի ընտանեկան կյանք, ինչպիսին նորմալ ամուսիններն էին ունենում, երևի այդպես էլ չիրականացավ»,- այսպես է պատմել իր հուշերում Սեդա Մանուկյանը:

1919-ի հուլիսին կայացան Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի ընտրությունները` 80 պատգամավորներից 3-ը կին էին, և նրանց թվում էր նաև Արամ Մանուկյանի այրին՝ Կատարինե Զալյանը: Դառնալով խորհրդարանի պատգամավոր, Կատարինեն աշխատանքներ է իրականացնում առողջապահության հանձնաժողովում և դառնում Հայաստանում գործող որբանոցների համակարգողը: Նա ամբողջությամբ նվիրվել էր գաղթականների ու որբերի օգնությանը՝ զօրուգիշեր պայքար մղելով իրար հետևից երկրում բռնկվող համաճարակների դեմ: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Արամ Մանուկյանի տունն ազգայնացվում է, և Կատարինեն ու Սեդան զրկվում են բնակարանից:

Դժվարին տարիներ ապրելով՝ Կատարինե Զալյանը մահացավ 1965 թվականին: Արամի դուստրը` Սեդա Մանուկյանը, մինչև 1976-ը ապրում էր Երևանում, հետո տեղափոխվեց Մոսկվա, որտեղ էլ մահացավ 2005 թվականին: Հայաստանի անկախացումից տարիներ անց, 1998-ին, 80-ամյա Սեդա Մանուկյանը եկավ Երևան և որոշ ընկանեկան մասունքներ նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին:

Մահվանից առաջ Կատարինե Զալյանը, ինչպես Սեդա Մանուկյանն էր պատմում, ասել էր դստերը. «Ես չտեսա, բայց դու վաղ թե ուշ անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հերոս հայրիկին: Չի կարող պատահել, որ հայ ժողովուրդը մոռանա նրան ու նրա ազգանվեր գործերը` ես դրանում վստահ եմ»: Եվ իսկապես՝ այսօր արդեն Արամ Մանուկյանի կարճատև կյանքն ու հերոսական գործունեությունը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենափառավոր էջերից է համարվում:

 

Գլխավոր թեմաներ