11:13 29 մարտի 2017
Ուղիղ եթեր
Էդվարդ Նալբանդյան

Նալբանդյան. «Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել»

© Sputnik/ Сергей Пятаков
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
102 0 0

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունը:

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց չկա, քանի որ Հայաստանը խաղաղություն չի ուզում։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ խաղաղության ձգտելը առաջին հերթին նշանակում է խաղաղություն քարոզել, ոչ թե պատերազմ: Նալբանդյանի մեկնաբանությունը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Խաղաղության ջատագով կողմը չի դիմում դիվերսիոն հարձակումների, կոպտորեն չի ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքը, մշտապես չի խախտում զինադադարի ռեժիմը և հրաժարվում ստեղծել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ։ Միայն Բաքվում են նման կերպ ընկալում խաղաղությունը, ինչպես երևում է այնտեղից հնչող հայտարարություններից»,- ասել է Նալբանդյանը։

Ըստ նրա՝ հայտնի է, թե ինչ փորձանքներ են բերել իրենց ժողովուրդների գլխին այն ղեկավարները, ովքեր արհամարհել են միջազգային իրավունքը և ջատագով են եղել հարցերը ուժով լուծելուն։

«Իսկ համեմատությունների առումով. առաջին անգամ չէ, որ Բաքվում փայփայում են այն միտքը, թե իբր Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող մրցակից լինել, հետևաբար Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնա։ Ադրբեջանում կարծում են, թե փողով կարող են հեղինակություն ձեռք բերել, բարեկամներ գնել, ինչ-ինչ կասկածելի բանաձևեր անցկացնել և դա ներքին լսարանին ներկայացնել որպես ձեռքբերում, հեղինակության ապացույց»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։

Ըստ նրա՝ Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների, մամուլի, խոսքի և այլ հիմնարար ազատությունների առումներով։

«Վերջին տարիներին մենք ականատես եղանք, թե ինչ պատահեց ոչ պակաս հարուստ և ինքնագոհ բռնատիրական ռեժիմների հետ։ Մեր պետությունների և հասարակությունների զարգացման տրամաբանությունը և ուղղվածությունը հակադարձ համեմատական են»,- եզրափակել է Նալբանդյանը։

Գլխավոր թեմաներ