ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Երևանի պետական բժշկական համալսարանի տարածած հայտարարության համաձայն` այսօր «Հրապարակ» օրաթերթում տեղ գտած տեղեկությունը և համացանցում այդ նյութի տարաբնույթ մեկնաբանությունները, թե իբր ԵՊԲՀ ռեկտորը կարգադրել է հեռացնել աշխատանքից աշխատակցի, իրականությանը չեն համապատասխանում:
««Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում որևէ աշխատակից չի ազատվել աշխատանքից, այլ աշխատանքային պարտականությունները թերի կատարելու համար 3 բուժաշխատողի տրվել է նկատողություն»,- նշված է հայտարարության մեջ:
Համալսարանից հորդորում են չխեղաթյուրել իրականությունը և զերծ մնալ անհարկի շահարկումներից:
«Կարծում ենք՝ ևս մեկ անգամ մանրամասնելու կարիք չկա, թե բժշկական հաստատությունում, մասնավորապես, վիրաբուժական բաժանմունքում ինչպիսի կարևորություն ունի սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը»,- հայտնել են ԵՊԲՀ-ում:
«Հրապարակ» թերթը գրել էր, որ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոց շրջայցի, կլինիկայի աշխատակից Աստղիկ Թադեւոսյանի բաժնում՝ համակարգչի վրա ռեկտորը փոշի է նկատել, մատով ցուցադրաբար մաքրել է համակարգչի էկրանը եւ տեղում կարգադրել հեռացնել նրան աշխատանքից: