ԵՐԵՎԱՆ, — Sputnik, Աննա Հարությունյան. «Ողջաբերդցի ջահելներին աղջիկ չեն տալիս. ասում են՝ գյուղը փլուզված է»,- դժգոհում է Ողջաբերդ գյուղի բնակիչ Արիջան Շահբազյանը և ասածն ավելի պատկերավոր դարձնելու համար մեզ հրավիրում է իրենց բակ, ցույց տալիս իր խորդուբորդ հողամասը, սեփական տան պատերի ճաքերն ու կիսավեր գոմը, որն ամիսը մեկ անգամ ստիպված վերանորոգում է:
«Միայն ապրելու խնդիրը չէ. անասնապահությամբ, հողագործությամբ զբաղվել էլ չենք կարողանում: Ծառերը գետնի տակն են անցնում, հողը տանում է, սարերում էլ ճեղքեր կան, անասունները ընկնում են մեջը, կորում»,- պատմում է Շահբազյանը:
Ողջաբերդցիներն իրենց խնդիրների հետ մենակ են մնացել: Իշխանությունների ուշադրության կենտրոնում միայն գյուղով անցնող, դեպի Հայաստանի ամենահայտնի տուրիստական ուղղություններից մեկը՝ Գառնի տանող ճանապարհն է, որը չնայած հետևողական վերանորոգումներին, անընդհատ նոր փլուզումների է ենթարկվում:
«Այս պահին Ողջաբերդում դեռ ուսումնասիրություններ են կատարվում ճապոնացի մասնագետների կողմից տեղադրված սարքավորումների միջոցով: Մեր հիմնական խնդիրը տարածքով անցնող, Գառնի տանող ճանապարհը պահպանելն է: Այլ միջոցառումներ այս պահին չկան»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի պետ Արմեն Դաշյանը:
Գյուղացիները հետևողական են, մանրամասն տեղյակ են գյուղում իրականացվող ուսումնասիրություններից, բայց դրանց հետ ոչ մի հույս չեն կապում: «Ողջաբերդի միակ փրկությունն այն է, որ նոր գյուղատեղ տան, մարդիկ տեղափոխվեն»,- ասում են սողանքի վրա ապրող գյուղացիները:
Ողջաբերդից բացի Հայաստանում ևս ավելի քան 3 հազար տարբեր չափերի սողանքային գոտիներ կան, որոնցից 200-ը բնակավայրեր են: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սողանքների ակտիվացման հիմնական պատճառը մարդն է: Տվյալ տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները, բույսերը ջրելու սխալ ռեժիմը, հաճախ նաև անվերջ հոսող ոռոգման ջրերը թուլացնում են առանց այն էլ անկայուն ապարաշերտերը:
«Հողը չի սիրում իրեն չսիրողին, իր լեզուն չհասկացողին. կամ ամլանում է, կամ ոտ առած, ջուր դառած փախչում»: Ժողովրդական հայտնի խոսքը թերևս սողանքային երևույթների ամենատիպիկ բնութագրումն է: Մասնագետները կարծում են, որ համապատասխան միջոցառումներ իրականացնելով հնարավոր է կանխատեսել ու նաև կանխել սողանքները:
Աշխարհում տարածված մեթոդներից է «կանաչ ճարտարապետությունը», որի հաջողված օրինակը կա Ֆիլիպիններում: Այստեղ սողանքային լանջերը պատում են կոկոսի մանրաթելերով: Նման փորձ նաև Հայաստանում է կիրառվել, բայց ոչ թե կոկոսի, այլ մեր բնաշխարհին հատուկ սոճիների միջոցով:
«Երբ Սևանի մակարդակն իջել էր, ունեինք լճի ափերն ամրացնելու խնդիր, քանի որ սողանքային երևույթներ էին նկատվում: Արդյունքում ամբողջ Սևանի ափամերձ տարածքում արհեստական սոճիներ տնկվեցին: Այս ծառատեսակները պահանջկոտ չեն և հատուկ ոռոգման կարիք չունեն, բացի այդ լավ զարգացած, խորը արմատային համակարգ ունեն, որն էլ ինչ-որ չափով դադարեցնում է սողանքային երևույթները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ բուսաբանության և սնկաբանության ամբիոնի ասիստենտ Նարինե Զաքարյանը:
Կանխարգելիչ միջոցառումներից են նաև արգելապատնեշների կառուցումը և հորիզոնական հորատման միջոցով գրունտային ջրերի հեռացումը: Նման փորձ, ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակից Արմեն Դաշյանի խոսքով, կիրառվել է Հայաստանի Առափիի և Գետահովիտ գյուղերում, որտեղ 8-9 ամիս առաջ ավարտված հորիզոնական հորատման աշխատանքների շնորհիվ հաջողվել է կայունացնել հողի շարժը:
Արմեն Դաշյանը վստահեցնում է՝ Հայաստանում շատ լավ գիտեն ինչ է պետք անել, բայց չգիտեն՝ ինչ միջոցներով: