07:29 26 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Պուշկինի 38

«Հին Երևանի կանգուն վկաները». Պուշկինի 38

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Շուխյան
«Հին Երևանի կանգուն վկաները» (12)
38551

Sputnik Արմենիայի «Հին Երևանի կանգուն վկաները» խորագրով շարքի այս հրապարակումը պատմում է Պուշկինի 38 հասցեում գտնվող շենքի մասին, որը 20-րդ դարասկզբի գործարար Առաքել Աֆրիկյանի առանձնատունն է եղել:

Երևանի վարչական քարտեզի վրա Պուշկինի փողոցն իր այս ներկա աշխարհագրական դիրքով ձևավորվեց 19-րդ դարի 70-ական թվականներին, երբ քաղաքի նոր նախագծի համաձայն՝ ընթանում էին փողոցների վերակառուցման աշխատանքներ: Այդ ժամանակ Պուշկինի փողոցը կոչվում էր Թարխանովսկայա, այնուհետև խորհրդային կարգերի հաստատումից հետո սկսեց կրել հեղափոխական Բոգդան Կնունյանցի անունը, իսկ 1949-ին, Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ, փողոցի՝ մինչև այսօրվա Սախարովի հրապարակ ընկած հատվածը վերանվանվեց բանաստեղծի անունով։

Փողոցի պահպանված հին շենքերից ամենագեղեցիկ և արժեքավոր կառույցն է համարվում Պուշկինի 38 հասցեում գտնվող՝ մեծահարուստ Առաքել Աֆրիկյանի առանձնատունը: Սև տուֆից երկհարկանի շենքը վեր խոյացավ 20-րդ դարի հենց սկզբին՝ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով: Շինության երկրորդ հարկի արտաքին հարդարանքը առանձնանում է իր արտահայտիչ զարդաքանդակներով և ավանդական պատշգամբներով: Իսկ ահա շենքի ներսում մինչև այժմ էլ դեռ պահպանվել են ուշագրավ գեղարվեստական որմնանկարներ և յուրահատուկ դիզայնով արված պատի բարձրադիր վառարաններ:

Պուշկինի 38-ը Երևանի նվիրական հասցեներից է: Հայտնի է, որ 1918-1920 թթ.՝ Առաջին հանրապետության օրոք այս տանն է ապրել հայ մեծանուն զորավար, Սարդարապատի ճակատամարտի ընդհանուր հրամանատար Մովսես Սիլիկյանը, որի վերաբերյալ շենքի պատին տեղադրված է համապատասխան հուշատախտակ: Հայաստանի համար վճռորոշ օրերին՝ 1918 թվականի գարնանը Մովսես Սիլիկյանը սեղմ ժամկետում կարողանում է ձևավորել հայկական մարտունակ զորամասեր, որոնք հետ են մղում թուրքական կանոնավոր զորքերի հարձակումը և Սարդարապատի հերոսամարտում փառահեղ հաղթանակ տանելով` փրկում են Երևանը, Էջմիածինը, Արարատյան դաշտավայրը և մոտակա շրջանները թուրքական զորքերի անխուսափելի օկուպացումից: Քիչ հայտնի փաստ է, որ հենց այս շենքի պատշգամբից էին երևանցիները 1918-ի մայիսի 21-ից մինչև 27-ը ընկած ժամանակահատվածը պարբերաբար տեղեկություններ ստանում ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին:

Улица Пушкина 38. Старый Ереван
© Sputnik/ Asatur Yesayants
Առաջին հանրապետության օրոք այս տանն է ապրել հայ մեծանուն զորավար, Սարդարապատի ճակատամարտի ընդհանուր հրամանատար Մովսես Սիլիկյանը, որի վերաբերյալ շենքի պատին տեղադրված է համապատասխան հուշատախտակ:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Պուշկինի 38-ը ազգայնացվել է, այնուհետև այստեղ է գործել Գավառկոմը՝ Գավառական կոմիտեն, Երևանի ցուցադրական թիվ 1 դպրոցը, իսկ հետագայում շենքը ծառայել է տարբեր հիմնարկների համար որպես գրասենյակային տարածք: Հիմա այստեղ է տեղակայված Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Իսկ ովքե՞ր էին Աֆրիկյանները կամ ավելի ստույգ՝ Ափրիկյանները: Երևանյան այդ մեծ գերդաստանի ներկայացուցիչները՝ եղբայրներ Կարապետ, Առաքել և Տիգրան Աֆրիկյանները, 19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին խոշոր գործարարներ էին, որոնք զբաղվում էին նաև բարեգործությամբ: Օրինակ՝ Աֆրիկյան եղբայրների մեծ ներդրումներով սարքվեց մի ջրագիծ, որի շնորհիվ Երևանը ապահովվեց մշտական խմելու ջրով: Հայտնի է նաև, որ Կարապետ Աֆրիկյանը երկար տարիներ հովանավորել է Երևանի նահանգի ծխական դպրոցները:

1892 թվականին նախկին Երևանի բերդի տարածքի մոտ, Ներսես Թաիրյանի (հետագայում՝ Շուստովի) կոնյակի գործարանի հարևանությամբ, հիմնվում է Կարապետ Աֆրիկյանի գինու և կոնյակի գործարանը: Կարապետ Աֆրիկյանը արտադրության մեջ մեծ ներդրումներ է կատարում` Եվրոպայից ներկրելով նորագույն տեխնոլոգիական սարքավորումներ: Գործարանը արտադրում էր կոնյակ, օղի և թնդեցրած գինիների տարբեր տեսականիներ: Արտադրանքը հաջողությամբ վաճառվում էր Ռուսական կայսրության քաղաքներում, իսկ կոնյակը արտահանվում էր նաև եվրոպական երկրներ: Կարելի է ասել, որ Աֆրիկյանները իրենց ժամանակի երևանաբնակ ամենահաջողակ գործարարների շարքն էին դասվում:

Ներկայացնելով Պուշկինի 38 հասցեում գտնվող շենքը, անհրաժեշտ է հիշատակել նաև մեկ այլ շինության մասին, որը դեռ երեք տարի առաջ կանգուն էր և գտնվում էր նրա հարևանությամբ: Դա Երևանի ամենագեղեցիկ շենքերից մեկն էր` հանրահայտ «Աֆրիկյանների տունը», որը ապամոնտաժվեց 2014-ի ամռանը: Մոդեռն ճարտարապետական ոճով կառուցված և Տերյան 11 հասցեում գտնվող երկհարկանի այդ շենքը իրավացիորեն Երևանի Փոքր Կենտրոնի զարդն էր համարվում: Շենք, որին սովոր էինք միշտ տեսնել ու հիանալ նրանով` յուրօրինակ, կոկիկ ու սլացիկ, և որի պահպանման համար այդքան համատեղ պայքարեցին երևանցիները: Բայց նա չկա այլևս, իսկ դրա հետ չքվեց ու անհետացավ նաև մեր հավաքական հիշողության ևս մի կարևոր մասնիկ` որն արդեն չես կարող փոխանցել ապագա սերունդներին:

20-րդ դարասկզբին այդ շենքը քաղաքային ակումբ էր հանդիսանում, որտեղ հավաքվում էին ժամանակի հայտնի երևանցիները` արվեստի և քաղաքական գործիչներ, գործարարներ և հյուրեր: Վերակառուցելով` այն կարելի էր մի գեղեցիկ ու թանկագին պատմական արժեք դարձնել Երևանի համար: Տեղին է հիշել 17-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Ֆրանսուա դը Լառոշֆուկոյի իմաստուն խոսքերը. «Մենք հեշտությամբ ենք մոռանում մեր այն սխալները, որոնք հայտնի են միայն մեզ»:

Русская версия

  • և ավանդաՇինության երկրորդ հարկի արտաքին հարդարանքը առանձնանում է իր գեղեցիկ պատշգամբներով:
    և ավանդաՇինության երկրորդ հարկի արտաքին հարդարանքը առանձնանում է իր գեղեցիկ պատշգամբներով:
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Արտահայտիչ զարդաքանդակները:
    Արտահայտիչ զարդաքանդակները:
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Արտահայտիչ զարդաքանդակները:
    Արտահայտիչ զարդաքանդակները:
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Պուշկինի 38 հասցեում գտնվող շենքի պատուհանները
    Պուշկինի 38 հասցեում գտնվող շենքի պատուհանները
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Պուշկինի 38
    Պուշկինի 38
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Պուշկինի 38
    Պուշկինի 38
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Պուշկինի 38
    Պուշկինի 38
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Պուշկինի 38
    Պուշկինի 38
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Խորհրդային կարգերի հաստատումից հետո Պուշկինի 38-ը ազգայնացվել է, այնուհետև այստեղ է գործել Գավառկոմը՝ Գավառական կոմիտեն, Երևանի ցուցադրական թիվ 1 դպրոցը, իսկ հետագայում շենքը ծառայել է տարբեր հիմնարկների համար որպես գրասենյակային տարածք: Հիմա այստեղ է տեղակայված Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
    Խորհրդային կարգերի հաստատումից հետո Պուշկինի 38-ը ազգայնացվել է, այնուհետև այստեղ է գործել Գավառկոմը՝ Գավառական կոմիտեն, Երևանի ցուցադրական թիվ 1 դպրոցը, իսկ հետագայում շենքը ծառայել է տարբեր հիմնարկների համար որպես գրասենյակային տարածք: Հիմա այստեղ է տեղակայված Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Սև տուֆից երկհարկանի շենքը վեր խոյացավ 20-րդ դարի հենց սկզբին՝ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով
    Սև տուֆից երկհարկանի շենքը վեր խոյացավ 20-րդ դարի հենց սկզբին՝ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով
    © Sputnik/ Asatur Yesayants
1 / 10
© Sputnik/ Asatur Yesayants
և ավանդաՇինության երկրորդ հարկի արտաքին հարդարանքը առանձնանում է իր գեղեցիկ պատշգամբներով:

 

թեմա:
«Հին Երևանի կանգուն վկաները» (12)

Գլխավոր թեմաներ