07:31 26 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Տարոն Մարգարյան, Զարուհի Փոստանջյան, Նիկոլ Փաշինյան

Նիկոլը երգեց, Աշոտյանը ֆալշ որակեց, Զարուհին էլ եռագույնը գտավ. քաղաքապետ ենք ընտրում

Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ալինա Օրդյան
13411

Շաբաթը բացահայտեց երգիչ քաղաքական գործչին: Նիկոլ Փաշինյանը երգեց, քաղաքը քննարկեց: Երևանն այսպես քաղաքապետ է ընտրելու: Վատ չենք սկսել: Չուշացավ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի արձագանքը. «Փաշինյանը ֆալշ է երգում»: Միաժամանակ, նա ողջունելի համարեց, որ մարդն անկաշկանդ է:

Երևանի քաղաքապետին ընտրելու ենք մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը երեք քաղաքական ուժ՝ Հանրապետականը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը: Հանրապետականի ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Երկիր Ծիրանի»-ի քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, իսկ «Ելք»-ինը՝ Նիկոլ Փաշինյանը:

Այսպիսով՝ նախընտրական քարոզչությունը դեռ չմեկնարկած՝ քարոզչական նոր տեխնոլոգիաներն արդեն գործի են դրվել: Վերջերս նորաձև է դարձել հատկապես քաղաքական գործիչների երաժշտական ունակությունների բացահայտումը: Որպես քարոզչական գործիք Հանրապետականն, օրինակ, խորհրդարանական ընտրություններում իր նախընտրական տեսահոլովակում ներկայացրեց երաժիշտ-վարչապետ Կարեն Կարապետյանին: Նախընտրական նորամուծություն էր երաժշտական տեսահոլովակների շրջանառությունը:

Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը որոշեց մայրաքաղաքի ընտրողներին զարմացնել երգելու իր ունակությամբ: Երգի ընտրությունը պարտավորեցնող է, քանի որ հենց Երևանի օրհներգն է ընտրվել` «Էրեբունի-Երևան» երգը:

Արմեն Աշոտյանը թեև գլխավորում է Փաշինյանի մրցակից Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբն ու երգեցողության մասնագետ չէ, Փաշինյանի երգին «ֆալշ» գնահատականը տվեց միայն ստեղծագործաբար՝ խնդրելով մինչև քարոզչության մեկնարկը ոչինչ չքաղաքականացնել: Սակայն չմոռանանք, որ Արմեն Աշոտյանը նաև երգեր է գրում: Դեռ այն ժամանակ կրթության նախարար Աշոտյանի հեղինակած երգը՝ Հայկոյի կատարմամբ, ողողել էր համացանցը: Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ Աշոտյանն, օրինակ, երգ գրի Փաշինյանի համար, հետաքրքրվեցին լրագրողները: Աշոտյանը չբացառեց երաժշտական համագործակցությունը: Իսկ որպես նախընտրական շտաբի ղեկավար երգ կգրի՞ արդյոք Տարոն Մարգարյանի համար hարցին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Աշոտյանը կգրի, Փաշինյանը կերգի»:

Քաղաքապետի մյուս թեկնածուն էլ պասիվությամբ աչքի չընկավ: Զարուհի Փոստանջյանը նախ հայտարարեց, որ գնում է գրավելու քաղաքապետարանը, հետո էլ հայոց եռագույնի որոնումների հետքերով հասավ խորհրդարան և դիմեց Աժ նախագահ Գալուստ Սահակյանին: Խորհրդարանը լքող արդեն նախկին պատգամավոր Զարուհու վերջին խնդրանքը ԱԺ-ի խոսնակը չմերժեց:

Այսպիսով՝ խորհրդարանը լքելուց հետո մարտի 14-ին քաղաքապետարանը գրավելու կգնա դրոշակակիր Փոստանջյանը, Փաշինյանը նոր բեմեր կնվաճի, իսկ քաղաքապետի մյուս թեկնածուն՝ նույն ինքը Երևանի ներկայիս քաղաքապետն առայժմ զբաղված է քաղաքապետի առօրյա հոգսերով: Սպասենք նոր անակնկալների. քարոզարշավն առջևում է:

Գլխավոր թեմաներ