11:21 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Արարատ

Թող նրանք իմանան, որ մենք կանք

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Դմիտրի Պիսարենկո
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (21)
7951

2011 թվականի օգոստոսին ես մի խումբ ռուսաստանցի հայերի հետ Արարատ լեռ բարձրացա։ Վերելքի ընթացքում պատմում էինք մեր մասին։ Ու բոլորին միավորում էր մանկության նույն երազանքը, որը կապված էր Արարատ բարձրանալու հետ։ Հենց բարձրանալու, ոչ թե նվաճելու։

Բիբլիական լեռը հայերի համար, ի տարբերություն մարդկության այլ հատվածի, առանձնահատոկ խորհուրդ ունի։ Այն ազգային խորհրդանիշ է։

Այս ճամփորդության ընթացքում ես ինքս ինձ համար վերջնական եզրակացություն արեցի. հայերը չպետք է ունենան Արևմտյան ու Արևելյան Հայաստաններ, որովհետև կա մեկ միասնություն` Հայրենիք։ Ենթագիտակցության մեջ հնարավոր չէ հայրենիքը բաժանել, նույնիսկ եթե այդ հայրենիքի մեծ մասն անցել է Թուրքիային, և այնտեղ պարզապես հայ չի մնացել…

Հանգստի համար կանգ առանք 4200 մետր բարձրության վրա, ընթրիքից հետո ինձ մոտեցավ Վարդան Վարաժյանը, որը բնակվում էր Նիժնի Նովգորոդում և Արարատ լեռը բարձրանալու էր եկել 15-ամյա որդու` Տիգրանի հետ։ Հայաստանում Վարդանը գիտնական էր եղել, աշխատել էր Մերգելյանի անվան ինստիտուտում, բայց 90-ականների բարդ կենցաղային հանգամանքները ստիպել էին նրան ընտանիքի հետ հիմնավորվել Ռուսաստանում և գիտությունը փոխարինել շինարարական և վերանորոգման աշխատանքով։ Նա մեզանից միակն էր, որ ռուսական անձնագիր չուներ և մեզ ցույց էր տալիս իր կապույտ հայկական անձնագիրը` հպարտությամբ նշելով, որ շարունակում է Հայաստանի քաղաքացի մնալ և կգա մի օր, երբ ընդմիշտ կվերադառնա տուն։

— Դու կրթված մարդ ես, ուզում եմ հետդ խորհրդակցել,- լուրջ դեմքով ասաց նա։

— Ասա։

— Մենք որոշեցինք, որ Տիգրանն Էրդողանին նամակ գրի։ Բնօրինակը կթաղենք գագաթին, իսկ կրկնօրինակը նրան փոստով կուղարկենք հետդարձի ճանապարհին։ Ի՞նչ կասես։

— Իմա՞ստը։

— Իմաստը հայրենասիրական դաստիարակությունն է։ Մենք այդ մասին կպատմենք լրագրողներին։ Թող այդ քայլն օրինակ ծառայի հայ երեխաների համար։ Տիգրանը ծնվել է Ռուսաստանում, և լինելով հայ, հայտնվելով Մասիսի վրա, արդարացիորեն կոչ է անում ճանաչել ցեղասպանությունը։

— Չգիտեմ, մի տեսակ տարօրինակ է ստացվում։ Դու այսօր առավոտյան ինքդ էիր ինձ խնդրում նրան պատմել Եղեռնի մասին։ Այսինք նա դեռ շատ բան չգիտի և չի հասունացել այդպիսի ակցիայի համար…

— Կարևոր չէ։ Կարևորը, որ մենք Մասիսի վրա ենք ու պետք է մի բան անենք։ Հիշում եմ` երբ փոքր էի, մեր գյուղացիներից մեկն ասաց` վաղը սարի վրա խարույկ ենք վառելու, անվադողեր կբերեք։ Մենք Շիրակի մարզի Հոռոմ գյուղից ենք։ Այն ժամանակ խորհրդային տարիներին երեխաներից ո՞վ գիտեր ապրիլի 24-ի, 1915 թվականի թուրքերի իրագործած ցեղասպանության մասին։ Մենք անվադողերը քարշ տվեցինք գագաթ, այնտեղ նա մեծ կրակ վառեց հենց ապրիլի 24-ի երեկոյան։ Ես դա ընդմիշտ հիշեցի։ Հետո ձեռքը պարզեց Թուրքիայի ուղղությամբ ու ասաց` մենք այնտեղ չենք, բայց թող իմանամ, որ մենք կանք։

Русская версия

թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (21)

Գլխավոր թեմաներ