09:57 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Սպիրիդոն Մելիքյանը, Կոմիտասն ու Արմենակ Շահմուրադյանը

Կոմիտասի առեղծվածը. ինչի՞ մասին էր լռում հանճարը

© Komitas Museum
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
567102

Մեծագույն երգահան, երաժշտագետ, երաժշտական էթնոլոգ և երգիչ Կոմիտասի մահից գրեթե մեկ դար է անցել, սակայն նրա կյանքի որոշ մանրամասներ գաղտնիք են մնում նույնիսկ նրա արվեստն ուսումնասիրողների համար։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Մեծանուն երգահան Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) թողած ստեղծագործական ժառանգությունն ահռելի նշանակություն ունի հայ երաժշտության համար, թեև ձեռագրերի մեծ մասը ոչնչացվել է կամ կորել։ Նրա երաժշտական հանճարի առջև խոնարհվում էին եվրոպացի անվանի երգահանները` Կլոդ Դեբյուսին, Քամիլ Սեն Սանսը, Վենսան դ'Էնդին, Գաբրիել Ֆորեն…

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Կոմիտասի մասին ասել է. «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։

Թուրքական յաթաղանը հայկական երգի կոկորդին

1915 թվականին Կոմիտասը հայ մտավորականների և արվեստի գործիչների հետ աքսորվեց Անատոլիայի խորքերը և տեսավ սեփական ժողովրդի սարսափելի ոչնչացումը։ Ու թեև ազդեցիկ մարդկանց շնորհիվ նրան վերադարձրին Կոստանդնուպոլիս, այնուհանդերձ դաժան սպանությունների պատկերները անջնջելի հետք թողեցին Կոմիտասի հոգում։

ԿՈՄԻՏԱՍԱԳԵՏ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՀԱՅ ՄԵԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՄԱՍԻՆ
© Sputnik. Լիլիթ Հարությունյան, Կարեն Եփրեմյան

Երկար տարիներ ի վեր ընդունված էր համարել, որ Կոմիտասի մոտ շիզոֆրենիա է զարգացել, որի հետևանքով էլ նա վախճանվել է` գրեթե 20 տարի անցկացնելով Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարանում։ Սակայն վերջին տարիների հետազոտությունները հերքում են այդ վարկածը։ Ըստ նոր ուսումնասիրությունների` վարդապետը խենթ չի եղել, և նրա լռությունը չի կարելի շիզոֆրենիայի ախտանիշ համարել։

Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկության դոկտոր Լուիս ֆոն Հովհաննիսյանն իր ատենախոսությունում եզրակացրել է, որ Կոմիտասի մոտ հետտրավմատիկ խանգարում է եղել, որը հնարավոր էր բուժել, սակայն ոչ ոք չի արել դա, չնայած որ այն ժամանակ գործում էր այսպես կոչված «Կոմիտաս վարդապետի օգնության կոմիտեն»։

Նոր վարկածի կողմնակիցները կարծում են, որ երգահանին խաբեությամբ են տարել հոգեբուժարան, որպեսզի նա չխոսի Ցեղասպանության սարսափի մասին, քանի որ Կոմիտասը մեծ համբավ ուներ Եվրոպայում։ Վստահեցնում են, որ վարդապետը լռել է դեղահաբերի ազդեցության տակ, որոնցով նրան «բուժում» էին Կոստանդնուպոլսի կլինիկայի թուրք բժիշկները։ Իսկ մահվան պատճառը, ինչպես պարզել են հետազոտողները, աստեիտն է եղել։ Կլինիկայում հիվանդներին կոշտ կոշիկներ էին հագցնում։ Կոմիտասը քերել է ոտքը և վարակվել։ Այդ ժամանակ (40-ականների վերջին) հակաբիոտիկներ դեռ չկային։

Ուշագրավ է այն փաստը, որ «Կոմիտասի օգնության կոմիտեն» հրաման է ստորագրել այն մասին, որ ոչ ոք երգահանին չայցելի առանց իրենց թույլտվության։

Որքան շատանում են պատասխանները, այնքան շատանում են հարցերը

Չնայած երաժշտի կյանքի վերջին երկու տասնամյակը կապված էր իսկապես տարօրինակ հանգամանքների հետ, այնուհանդերձ Կոմիտասի արվեստն ուսումնասիրող երգահան Արթուր Շահնազարյանը կարծում է, որ վարդապետին հնարավոր չէր բռնությամբ որևէ տեղ պահել։

«Նա գուցե իսկապես շիզոֆրենիա չի ունեցել։ Բայց ընկճախտի ծանր տեսակը պակաս լուրջ խնդիր չէ։ Ընդ որում, այդ հիվանդությունից տառապում էր ոչ միայն Կոմիտասը, այլև ողբերգական իրադարձությունների ականատես դարձած շատ այլ մարդիկ։ Ողբալի իրադարձություններից հետո այդպիսի մարդկանց թիվը չափազանց մեծ էր։ Իմ մանկության պատկերներում հիշում եմ տատիկների, որոնք նույնպես տեսել էին 1915 թվականի ցեղասպանությունը։ Հիշում եմ`մեծերն ասում էին, որ չանհանգստացնենք նրանց, ասում էին` «այնպիսի բաներ են տեսել, որոնց մասին չեն կարող պատմել», — նշում է Շահնազարյանը։

Նրա խոսքով` Կոմիտասը վախի ուժեղ զգացողություն է ունեցել և հետապնդման մոլուցք։

«Իմ գրքում ես գրել եմ նրա կյանքի ոչ այնքան հայտնի փաստերի մասին։ Կոստանդնուպոլսի կլինիկայում գտնվելիս` նա ոչ մի կերպ չի համաձայնել հեռանալ այնտեղից` ոչ Փարիզ, ոչ որևէ այլ տեղ։ Կոմիտասը համոզված է եղել, որ եթե այնտեղից դուրս գա, իր հետ մի բան կպատահի», — պատմում է երգահանը։

Շահնազարյանը նշում է, որ վարդապետը համաձայնել է հիվանդանոցից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ թերթերը գրել են երիտթուրքերի դատապարտման մասին։

«Այդ փաստը չի կարելի պատահական համարել։ Երբ Թուրքիայի կառավարությունը դատարանում դատապարտեց երիտթուրքերին, դրանից հետո հաջորդ օրը Կոմիտասը համաձայնեց դուրս գալ կլինիկայից», — ընդգծում է նա։

Համադրելով տարբեր փաստերն ու իրադարձությունները` կարելի է եզրակացնել, որ Կոմիտասի կյանքի մանրամասները դեռ պետք է պարզել, քանի որ մինչև այսօր անչափ շատ են մութ էջերը։

Արվեստն անզոր է քաղաքականության դեմ

Շահնազարյանի խոսքով` Կոմիտասն իր ստեղծագործական ճանապարհի սկզբում միշտ ասում էր, որ հայկական արվեստը պետք է ներկայացնել արտասահմանում, սակայն ավելի ուշ նա հրաժարվում էր այդ տեսակետից։

«Սկզբում նա հավատում էր, որ եթե աշխարհը ճանաչի մեզ, մեր մշակույթը, դա մեզ կօգնի ու կպաշտպանի։ Նման բովանդակություն պարունակող նամակներ է գրել Արշակ Չոբանյանին, այդ նամակները պահպանվել են։ Բայց ավելի ուշ Կոմիտասը համոզվել է, որ աշխարհը որքան էլ բարձր գնահատի քո արվեստը, երբ գործը հասնում է քաղաքականությանը, շահին, կարող է աչքերը փակել ամեն ինչի վրա և թողնել, որ ազգդ վերացնեն», — ասում է նա։

Ըստ Շահնազարյանի` հենց այդ պատճառով էլ 1931 թվականին (մահվանից չորս տարի առաջ), երբ երգահանը հարցազրույց է տվել փարիզյան կլինիկայում, ասել է. «Պետք չէ ոչ ոքի ցույց տալ մեր արվեստը, երգեք ձեր տանը, մյուսներն ականջներ ունեն, որ լսեն, և աչքեր ունեն, որ տեսնեն»։

Նույն հարցազրույցի ընթացքում նրան հարցրել են`ո՞վ տեր կկանգնի հայկական մշակույթին, եթե ինքը` վարդապետն այլևս ի վիճակի չէ դա անել, Կոմիտասն ասել է. «Այն ազգը, որը ծնել է ինձ ու ինձ նման մարդկանց, միշտ էլ կծնի նորերին։ Միշտ կթվա, թե ազգը կործանման եզրին է հայտնվել, բայց կգա մեկը, ով պետք է, և նա կփրկի իրավիճակը»։

Русская версия

Գլխավոր թեմաներ