06:37 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ծիծեռնակաբերդի կառուցումը

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պատմում է Ծիծեռնակաբերդի առաջին նախագծի մասին

© PANORAMA/Sashur Kalashyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
31830

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման նախագիծը սկզբում համարձակ տարբերակով է ներկայացվել` խաչի տեսքով։ Ծիծեռնակաբերդի տեղում՝ հարթակի մեջ, մոտ 10 մետր խորությամբ հսկայական խաչ պետք է լիներ։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, Sputnik Արմենիային մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչու խաչաձև հուշարձանը 1965 թվականին չարժանացավ հատուկ մրցութային հանձնաժողովի հավանությանը։

Հայրենական մեծ պատերազմից ու Իոսիֆ Ստալինի մահից հետո հայ մտավորականներն ու հասարակ ժողովուրդը սկսեցին ավելի հաճախ խոսել Հայոց ցեղասպանության մասին։

«Ի ուրախություն մեզ, ԽՍՀՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատացան, ինչից հետո հնարավոր դարձավ բարձրաձայնել այդ հարցը և արտասանել «ցեղասպանություն» բառը։ Իսկ 1965 թվականին արդեն կարելի էր լիարժեք խոսել այն մասին, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել 50 տարի առաջ», — Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Թարխանյանը։

Հետդարձի ճամփա չկար

Ինչպես նշեց ճարտարապետը, այն ժամանակ դեռ չէին էլ ենթադրում, որ Ցեղասպանության թեման արձագանք կստանա ոչ միայն բուն Հայաստանում, այլև սփյուռքում։

«Բայց քայլն արդեն արված էր, հետդարձի ճամփա չկար։ Մարդկանց ինչ-որ ձևով հանգստացնելու և ստեղծված իրավիճակը մեղմացնելու նպատակով Մոսկվայում որոշեցին թույլատրել, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցվի Հայաստանում։ Ավելի ուշ համապատասխան հուշահամալիրի կառուցման նախագծի մրցույթ հայտարարվեց։ Առաջին փուլը շատ բուռն անցավ. քանդակագործերն ու ճարտարապետները հարյուրավոր աշխատանքներ ներկայացրին», — նշեց Թարխանյանը։

Сашур Калашян (слева) и Артур Тарханян (справа). Строительство Мемориала жертв Геноцида Армян
Սաշուր Քալաշյանը (ձախից)և Արթուր Թարխանյանը (աջից)

 

Նրա խոսքով` ստեղծվեց հանձնաժողով, որը գլխավորում էր հայկական ճարտարապետության հիմնադիր, դոկտոր Վարազդատ Հարությունյանը։ Մրցույթի առաջին փուլը հեշտ չանցավ. պետք էր այդքան աշխատանքների մեջ ընտրել մեկը` ամենաարժանին։

Որոշվեց ստեղծել հինգ աշխատանքային խումբ, որոնք պետք է շարունակեին աշխատանքը։

«Դրանց թվում էր նաև հորս`Արթուր Թարխանյանի և նրա ընկերոջ` Սաշուր Քալաշյանի աշխատանքը։ Մտահղացումը միաժամանակ և՛ ողբերգական էր, և' համարձակ. հուշարձանը խորության մեջ գտնվող խաչ պետք է լիներ, այնտեղ իջնելու ընթացքում երաժշտություն պետք է հնչեր, շուրջը կանաչ խոտ լիներ ու քարե խաչ։ Գաղափարի հեղինակներն առաջարկում էին խաչի երկար կողմից իջնել 10 մետր խորություն ունեցող մութ թունել` անմար կրակին մոտենալու համար», — ասաց ճարտարապետը։

Թարխանյանի խոսքով` հետո կարելի էր խաչի մյուս կողմերից դուրս գալ։ Բայց խորհրդային տարիներին խաչն անընդունելի տարբերակ էր, այն չէին կարող ընդունել։

Ողբերգական գլուխգործոցի ստեղծումը

«Սաշուր Քալաշյանն ու Արթուր Թարխանյանը երիտասարդ էին, բայց արդեն հայտնի էին իրենց մոդեռնիստական մոտեցումներով, ճարտարապետական ծավալների ու տարածքների ընկալմամբ»,- ասաց անվանի ճարտարապետի դուստրը։

Նա նշեց, որ որոշում կայացնող հանձնաժողովն ավելի պահպանողական էր, և նրանց պատկերացմամբ` ապագա հուշարձանը պետք է լիներ Թամանյանի ոճով։

Մրցույթի երկրորդ փուլում Արթուր Թարխանյանն ու Սաշուր Քալաշյանը ստեղծեցին «Ծիծեռնակաբերդի» նոր նախագիծը։ Հեղինակների մտահղացմամբ` այն պետք է հասկանալի լիներ բոլորին` անկախ ազգությունից ու հավատքից, և պետք է դառնար մի կենտրոն, որտեղ կհավաքվեին և կներկայացվեին Հայոց ցեղասպանության պատմական փաստերը։

Այսօր արդեն կանգուն հուշահամալիրը բաղկացած է երեք հիմնական կառույցից` Հուշապատ, Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն:

Вечный огонь Мемориала жертв геноцида армян Цицернакаберд
© Sputnik/ Владимир Федоренко
Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդում վեր խոյացող զույգ սյուների վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում։ Ոմանք ասում են, որ դրանք խորհրդանշում են այն 12 գավառները, որտեղ հիմնականում իրագործվել է կոտորածը, մյուսներն այդ թիվը կապում են Քրիստոսի 12 առաքյալների հետ։ Սակայն Սաշուր Քալաշյանը, որը համալիրի ճարտարապետներից մեկն է, այսպես է պարզաբանել 12 թվի ընտրությունը. «Նախագծման ընթացքում մենք փորձում էինք հետևյալ համադրությունները` 4, 6, 8, 12 և 16։ Մենք միայն էսթետիկ խնդիր ունեինք»։

«Վարազդատ Հարությունյանի դերը պետք է ընդգծել. հենց նա պնդեց, որ Յակով Զարոբյանը (Հայաստանի ԿԿ կոմկուսի առաջին քարտուղար — խմբ.) մեկ անգամ ևս վերանայի բոլոր աշխատանքները և վերջնական որոշում կայացնի։ Առաջին հերթին նրան ցույց տվեցին հորս ու նրա գործընկերոջ մակետը։ Զարոբյանն ու Հարությունյանը նախածի մեջ միասնականության խորհրդանիշ տեսան։ Հետագայում տարաձայնություններ եղան նախագծողների ու իշխանության ղեկավարների միջև, բայց հուշարձանն այնուամենայնիվ կանգնեցվեց»,- ասաց ճարտարապետը։

Թարխանյանի խոսքով` իր ողջ մանկությունն անցել է բլրի վրա, որտեղ Մեծ եղեռնի հուշարձանի շինարարությունն էր ընթանում։

«Հիշում եմ, որ հայրս համարյա ամեն շաբաթ-կիրակի բռնում էր ձեռքս, ու մենք գնում էինք այնտեղ։ Բլուրը պատված էր մեծ գետաքարերով, բազալտի քարերով, անտառ չկար։ Լերկ գագաթի վրա աշխատողները գործ էին անում, իսկ հայրս գնում էր նախագծի, գծագրերի հարցերը լուծելու։ Ինձ մենակ էր թողնում, ու ես ձնծաղիկներ էի հավաքում քարերի արանքից։ Ինձ համար շատ երջանիկ ժամանակահատված էր», — ասաց Թարխանյանը։

Նրա խոսքով` հայրը ոչինչ չէր պատմում Հայոց ցեղասպանության մասին։

«Չէր ուզում վախեցնել ինձ, քանի որ ես 6-7 տարեկան էի, ասում էր, որ ժողովրդի պատմության հուշարձան է կառուցում։ Մենք չէինք ասում, որ Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ ենք գնում, ասում էինք` գնում ենք Ծիծեռնակաբերդ», — նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նրա խոսքով` Արթուր Թարխանյանը Ծիծեռնակաբերդն առանձնացնում էր իր աշխատանքներից, քանի որ ճարտարապետական կոթող էր և առաջընթաց` տվյալ ժամանակաշրջանի համար։

Ինչպես նշեց Թարխանյանը, Ծիծեռնակաբերդն օրինակ ծառայեց հետագայում շատ այլ հուշարձանների կառուցման համար, որոնց թվում էր նաև Հոլոքոստին նվիրված հուշարձանը։

Կոթողի բացումը, որը տեղի ունեցավ 1967թ. նոյեմբերի 29-ին, Խորհրդային Հայաստանի 47-րդ տարեդարձի օրը, վերածվեց քաղաքական, մշակութային խոշոր իրադարձության: Սգո երթը հուշահամալիր շարունակվեց մինչև ուշ գիշեր:

Մինչև հուշահամալիրի կառուցումը, հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության զոհերին իր հարգանքի տուրքը մատուցում էր` այցելելով Կոմիտասի անվան պանթեոն, իսկ 1967թ. ի վեր մարդկանց բազմահազարանոց թափորը շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:

Русская версия

Գլխավոր թեմաներ