ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում և մանկապարտեզների ավագ խմբերում սահմանվել է խիստ հսկողություն՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն` նախորդ շաբաթ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունները Երևանի քաղաքապետարանի ենթակայության 30 մանկապարտեզներում կատարել են մատակարարվող սննդի որակի և պահպանման պայմանների ուսումնասիրություններ:
Արդյունքում խախտման դեպքեր չեն գրանցվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը դպրոցներում և պարբերական ստուգումները մանկապարտեզներում: