09:55 14 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Վիգեն Սարգսյան

Հրամանատարից վախեցող զինվորը վախենալու է նաև հակառակորդից. հարգեք և մեծարեք զինվորին

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13630

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ամփոփել է տոնական շաբաթը և ուղերձ հղել զինծառայողներին՝ ցավով խոսելով նաև կորուստների մասին:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. «Վստահ եմ, որ Պաշտպանության նախարարից ակնկալում եք շնորհավորանքի խոսքեր լսել: Անշուշտ, ես միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչել են Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ»,- իր ուղերձն այսպես է սկսել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ սրանք մեծ, պատմական, կոթողային իրադարձություններ են, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր ներկային և ապագային:

«Բայց տոնական այս շաբաթը ես ամփոփում եմ ցավի և խոր մտահոգության զգացումով: Մենք՝ բանակում, իսկ իրականում` մեր ողջ ժողովուրդը, ունեցանք չորս զինծառայողի կորուստ, որը ոչ միայն կարող էր չլինել, այլև պետք է չլիներ: Որոշեցի այս ձևով դիմել ձեզ` հաշվի առնելով, որ բոլորդ միասին զորամասերում դիտում եք «Զինուժ» ծրագիրը, և հուսով եմ՝ կկարողանամ Ձեզ հասցնել մեր ողջ ժողովրդի հորդորն ու խնդրանքը»,- նշել է նախարարը:

Անցնող շաբաթվա սկզբին դժվարին ծառայության բավականաչափ երկար ճանապարհ անցած ժամկետային երեք զինծառայողներ, խախտելով զինվորական կանոնադրությունների տարրական պահանջները վերցրել են իրենցից մեկին ամրագրված ծառայողական ավտոմեքենան և ինքնակամ լքել զորամասը: Առավոտյան տողանում զինծառայողների բացակայությունը նկատելուց հետո սկսված որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրանք ենթարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարի, որի հետևանքով մեքենան հայտնվել է ջրամբարում:

Երկրորդ ողբերգական դեպքը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող երկու զինվորների միջև ծագած վեճի արդյունքում` նրանցից մեկի կողմից հերթափոխի կանոնները խախտվելու շուրջ: Արդյունքը` ծառայակցի կողմից կրակոց` մահացու վիրավորման ելքով:

Եվս մի դեպք տեղի է ունեցել Երևանում, օրը ցերեկով: Իրականության հետ կապը կորցրած մի քանի զինծառայողներ, իրենց օրենքից վեր համարելով, վիճաբանության են բռնվել անսթափ վիճակում մեքենա վարելու համար իրենց կանգնեցրած ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ և սպային ու զինծառայողին անվայել վարք դրսևորել հանրային վայրում` մեր բազմաթիվ հայրենակիցների աչքի առջև:

«Ինչու՞ եմ ես միավորում այս երեք դեպքերը: Պարզ պատճառով: Երեքն էլ մեր անփութության, անկարգապահության, անտեղի ինքնավստահության, մեր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունք են: Իհարկե, երեք դեպքով էլ կատարվում են ծառայողական քննություններ, և ես խստագույնս պատժելու եմ այն հրամանատարներին, սպաներին, պատասխանատուներին, ովքեր պետք է անհնար դարձնեին նման իրավիճակների առաջացումը»,- ընդգծել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ մեր կանոնադրությունները հենց այնպես չեն գրված: Մեր կանոնները ձևի համար չեն, մեր կարգապահությունն ավելորդություն չէ:

«Դուք բոլորդ մեծ, կարևոր, գուցե և ամենակարևոր գործն եք կատարում մեր Հայրենիքի համար: Հիշեք դա, և արեք այնպես, որ ժողովուրդը ոչ միայն սիրի ձեզ՝ որպես իր զավակների, այլև խորապես հարգի որպես ազգի պաշտպանների` հասկանալով, որ զինվորական լինել նշանակում է լինել կարգապահ, օրինապահ, ուժեղ: Ուժեղ լինել չի նշանակում լինել անպատիժ: Ուժը բանակում անհրաժեշտ հատկանիշ է, բայց այն պետք է ուղղված լինի հակառակորդի, այլ ոչ թե յուրայինի դեմ: Ուժեղ մարդը երբեք այդ ուժը չի ցուցադրում իրենից թույլի, առավել ևս` իր ծառայակցի, իր պես համազգեստ կրողի նկատմամբ: Մի քանի հոգով չի հարձակվում մեկի վրա, չի ստեղծում իրավիճակ, որը կարող է վտանգել իրեն կամ իր մերձավորներին»,- շեշտել է նախարարը:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ իմ ուղերձի նպատակն է՝ դիմել յուրաքանչյուրին` հրամանատարից մինչև շարքային` խնդրելով հետամուտ լինել իր խոսքին:

«Ձեր պատասխանատվությունը մեծ է, Ձեզ այսօր շատ է տրված Հայրենիքը պաշտպանելու սրբազան պարտականության առումով: Իսկ ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում՝ ասված է Սուրբ գրքում»,- ասել է նա:

Նշած դեպքերի արդյունքում խամրեց չորս հայկական օջախների լույսը: Եվս մի քանիսը հայտնվելու են բուն ծառայությունից շեղող, զինծառայողի, հատկապես` սպայի կերպարին ոչ վայել երկարատև հարցաքննությունների, ծառայողական ուսումնասիրությունների, հնարավոր է նաև քրեական հետապնդման դաշտում:

«Մի՞թե դա այն գինն է, որ կարող ենք մեզ թույլ տալ ամենաթողության վայրկենական և թվացյալ հաճույքը վայլելու համար: Գերազանցած արագությունը, զորամասն ինքնակամ լքելը, հսկողության թուլացումը, զորամասի ներսում արտոնյալ կարգավիճակով զինծառայողների առկայությունը, մարտական հերթապահություն իրականացնող զինակից ընկերոջ սխալին վիրավորանքով արձագանքելը` սրանք բոլորը կարող են և այս շաբաթվա դեպքերի պարագայում վերածվեցին անշրջելի, երկու դեպքում` ողբերգական իրողության»,- ասել է նախարարը՝ շեշտելով մեր ժողովրդի համար Հայրենիքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է: Դուք` այդ առաքելության կրողներն եք: Ուրեմն այդ ճանապարհին պարտավոր ենք լինել ազնիվ և խոհեմ:

Ըստ Սարգսյանի՝ երբ մենք խոսում ենք երկրում առկա արատավոր երևույթների մասին` պետք է գիտակցենք, որ ամեն մեծ հանցագործություն հետևանք է նույնատեսակ հարյուրավոր մանր և միջին զանցանքների և անսկզբունքայնության դրսևորումների:

«Մենք պարտավոր ենք վերացնել այդ երևույթները մեր անմիջական շրջապատում` թույլ չտալով, որ դրանք բազմանան և մեծանան` վտանգելով մեր ազգային գոյը: Դուք ամեն օր կանգնած եք կարևորագույն խնդիրները մեծ դժվարությունների գնով կատարելու մարտահրավերի առջև: Հակառակորդը ջանք չի խնայում մեր ընտանիքներին, ողջ հասարակությանը ցավ պատճառելու համար: Ուրեմն պետք է լինենք շրջահայաց և չավելացնենք այդ վտանգներին նորերը: Հիշեք, որ բանակում տեղի ունեցող ամեն մի պատահար, ամեն մի դեպք մեծ ցավ է պատճառում մեր ողջ ժողովրդին, իսկ երկարատև առումով նաև խաթարում է բանակի նկատմամբ հասարակության վստահությունը: Դա կարող է թուլացնել մեզ, հեռացնել Ազգ-բանակ լինելու հրամայականից, դրդել մարդկանց խուսափելու պատվաբեր զինվորական ծառայությունից: Ցանկացած գայթակղության առերեսվելիս՝ հիշեք ձեր ծնողներին, ընկերներին, հարազատներին, հրամանատարներին, համածառայակիցներին, ձեր սիրած էակներին և մտապահեք, որ նույնիսկ աննշան թվացող սխալը բանակի պարագայում կարող է ճակատագրական դառնալ»,- իր ուղերձում նշել է նախարարը:

Սարգսյանը հորդորել է խստորեն պահպանել անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարել հրամանատարների հրահանգները, հարգել ծառայակից ընկերներին, և ծառայությունը կանցնի առավելապես անվտանգ և մեծ օգուտ կբերի ամրապնդվելու, քաղաքացիական հասունացման, հասարակության արժանի զավակ դառնալու ճանապարհին:

«Հիշեք նաև, որ կյանքում չկան անելանելի իրավիճակներ: Անգամ ամենաբարդ խնդիրը լուծում ունի, իսկ այն, ինչ այս պահին ձեզ անելանելի է թվում, ընդամենը օրեր, շաբաթներ անց կդառնա աննշան և երկրորդական: Ձեր շուրջը միշտ կան մարդիկ, ում հետ կարող եք կիսվել, պատմել Ձեզ անհանգստացնող խնդիրների մասին` ձեր հրամանատարները, գնդերեցները, զինվորական հոգեբանները: Եթե չեք գտնում այդպիսի մարդկանց, պատմեք իրավիճակի մասին ձեր ծնողներին, ընկերներին, զանգահարեք Պաշտպանության նախարարության 1-28 թեժ գիծ կամ դիմեք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»,- ասել է նախարարը:

Բանակում կան ուրույն կանոններ և սովորույթներ: Դրանք ձևավորվում են ամենատարբեր իրողությունների համադրման արդյունքում: Հարգեք դրանք: Բայց եթե դրանց մեջ տեսնում եք Ձեր արժանապատվությունը կամ ինքնասիրությունը վտանգող երևույթներ, մի վարանեք վստահորեն և անհապաղ վերադաս ղեկավարությանը Ձեր մտահոգությունների մասին պատմելու հարցում:

«Դուք այսօր կատարում եք աշխատանք, որից կախված է Ձեր ծնողների, հարազատների, սիրելիների, ընկերների, մեր ողջ ժողովրդի անվտանգությունը: Ուրեմն կատարենք այդ աշխատանքը մեծագույն պատասխանատվությամբ և արժանապատվությամբ: Նվաստացնելով ձեր զինակից ընկերոջը, ծաղրելով թույլին, դրդելով նրան ծայրահեղությունների, դուք ուղիղ հարված եք հասցնում մեր անվտանգությանը, ուրախացնում հակառակորդին, հիասթափեցնում մեր հասարակությանը»,- ասել է նախարարը:

Նա դիմել է նաև հրամանատարներին՝ նշելով, որ նրանք մեր հասարակության այն ուժեղագույն մասն են, որ հայրենիքի պաշտպանությունը դարձրել է ողջ կյանքի առաքելություն:

«Ձեր գերակշիռ մեծամասնությունը անցել է պատերազմի դժվարին փորձություններով և դարձել մեր ազգային ոգու և սխրանքի խորհրդանիշ: Դուք գիտեք, որ ժողովուրդը ձեզ է վստահել իր զավակներին: Լավագույններին, ամենաարժանավորներին: Վստահ եմ, որ գիտեք, որ հոգատար պետք է լինեք նրանց հետ, պետք է խստագույնս բացառեք «արտոնյալների» առկայությունը, ովքեր մի օր հենց Ձեզ կանգնեցնելու են ծանրագույն խնդիրների առջև: Խստապահանջ եղեք Ձեր ավելի քիչ փորձ կամ հմտություններ ունեցող գործընկերների նկատմամբ և, եթե նկատում եք սպայի պատվին անվայել դրսևորում Ձեր կողքին` անպայման ընկերական զրույցի, իսկ եթե դա չի օգնում` նաև խիստ կանոնակարգված ընթացակարգերի միջոցով կանխեք դա»,- ասել է Սարգսյանը:

Նախարարի խոսքով՝  անարդարությունը, անփութությունը, անտարբերությունը կարող են հեշտությամբ խաթարել երիտասարդի հավատը հրամանատարության, ինչո՞ւ չէ՝ նաև պետության հանդեպ:

«Զինվորը, որը վախենում է իր հրամանատարից, վախենալու է նաև հակառակորդից: Հարգեք և մեծարեք զինվորին, ձեր օրինակով ցույց տվեք ճիշտ ուղին, եղեք ոչ միայն հրամանատար, այլև առաջնորդ, մանկավարժ և ավագ ընկեր, և զինվորն ինքը հաճույքով կհետևի ձեր օրինակին»,- ասել է նախարարը:

Վիգեն Սարգսյանը խնդրել է զինծառայողներին իրենց առաջիկա պարապմունքների, սպայական և սերժանտական խորհրդակցությունների ժամանակ քննարկել այս ուղերձը և կատարել անհրաժեշտ հետևություններ:

Նախարարը բարի ծառայություն է մաղթել բոլորին:

Գլխավոր թեմաներ