03:56 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Թոմ Քաթենա

Թոմ Քաթինա. «Ինձ կրոնս է ոգեշնչում»

AURORA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
22310

Այս կյանքում անմահանալ հնարավոր է միայն տառապանքի միջոցով, կարծում է Սուդանի Նուբա լեռների կեսմիլիոնանոց բնակչության միակ վիրաբույժ և «Ավրորա» մրցանակի հավակնորդ Թոմ Քաթինան։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Աֆրիկայի լեռներում միսիոներական գործունեության իրականացման հարցում հիմնական խթանը քրիստոնեությունն է, աստծուն ծառայելը, Հայաստանի ամերիկյան համալսարանում ասաց «Aurora Prize» մրցանակի հավակնորդներից մեկը՝ բժիշկ Թոմ Քաթինան։

Քաթինան կաթոլիկ միսիոներ է, որը շուրջ 17 տարի զբաղվում է բժշկական օգնություն տրամադրելով։

«Իմ հիմնական մոտիվացիան կրոնն է։ Ես կաթոլիկ միսիոներ եմ։ Քրիստոսն ասում էր. «Ինչ էլ որ անում ես եղբայրներիդ և քույրերիդ համար, անում ես ինձ համար»։ Իմ եղբայրներն ու քույրերն աղքատ մարդիկ են, որոնք վնասվածքներ են ստացել, անուշադրության են մատնված»,- ասաց Քաթինան։

Նրա խոսքով` հոգ տանելով թշվառների մասին, մարդիկ ծառայում են Քրիստոսին։ Նա նաև հիշատակեց աստվածաշնչյան մի պատմություն. մի անգամ Քրիստոսը մի մարդու պատգամեց բաժանել հարստությունը, վերցնել խաչը և գնալ նրա հետևից «հավերժական կյանքի» հասնելու համար։

«Կարծում եմ՝Քրիստոսը նկատի ուներ, որ պետք է ազատվել ամեն սուտ, անպետք «բեռից», վերցնել խաչն ու քաջությամբ հետևել այն ճանապարհին, որը երբեք թեթև չի լինի։ Կյանքն արագընթաց է, մենք բոլորս կմահանանք, կմնա միայն անսահմանությունը։ Այդ իսկ պատճառով եկեք մի փոքր տանջվենք այս կյանքում անմահության հասնելու համար»,- ասաց Քաթինան։

Հենց այս փիլիսոփայության մեջ է Քաթինան ոգեշնչման աղբյուր գտնում։ Նրա խոսքով` իր կյանքում ոչ մի տաղտկալի օր չի լինում, միշտ տարբեր խնդիրներ են եղել. բնածին արատներով երեխաներ, քաղցկեղով հիվանդ ծերեր։

Բժիշկ Թոմ Քաթինան Սուդանի Նուբա լեռների Mother of Mercy հիվանդանոցի վիրաբույժն է։ Կաթոլիկ եկեղեցու միսիոներ և վիրաբույժը երկար տարիների ընթացքում միակ բժիշկն է, որը մշտապես օգնություն է տրամադրում պատերազմի թոհուբոհով անցած շրջանի ավելի քան կես միլիոնանոց բնակչությանը։ Քաթինան տարեկան ավելի քան 1000 վիրահատություն է կատարում։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանության ականատեսների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այդպիսով, շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923 թթ.) աջակցել մարդկանց, որոնք, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կենցաղը:

Русская версия

Գլխավոր թեմաներ