10:29 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Միսս ԱՊՀ 2017

Շուշան Երիցյանը «Միսս ԱՊՀ» տիտղոսը նվաճելու և գեղեցկության գաղտնիքի մասին

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3911

Ինքնավստահությունն է ցանկացած կնոջ հաջողության գրավականը, կարծում է մայիսին «Միսս ԱՊՀ -2017» տիտղոսը նվաճած մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանը։

«Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության միջազգային մրցույթին հաղթած Հայաստանի ներկայացուցիչը Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում խոսեց իր կյանքում «Միսս ԱՊՀ —2017» տիտղոսի կարևորության մասին։ Զրուցել է Անի Լիպարիտյանը։

– Հույզերը, որոնք Դուք ունեցաք մրցույթի ժամանակ, երբ հայտարարեցին, որ Դուք եք հաղթել, մնացին անցյալու՞մ, թե՞ Դուք դեռ զգում եք հաղթանակի համը։

– Մրցույթի առաջին իսկ վայրկյանից շատ ուժեղ զգացումներ ունեի։ Իսկ այն պահին, երբ լսում ես անուն–ազգանունդ, շոկ ես ապրում։ Այնուհետև սկսում ես գիտակցել, թե ինչ պատասխանատվություն է այժմ քեզ վրա դրված։ Այս տիտղոսն ինձ համար օրեցօր ավելի կարևոր է դառնում։

Մրցույթի ժամանակ ես հասցրեցի ընկերանալ մասնակիցներից մի քանիսի հետ։ Մենք շարունակում ենք շփվել, և ես հույս ունեմ, որ մեր ընկերությունը կշարունակվի։ Այժմ ես զբաղված եմ իմ նախկին նախագծերով, իսկ հետագայում կցանկանայի նոր մրցույթների մասնակցել։

– Ո՞րն է Ձեր գաղտնիքը, ինչպե՞ս է Ձեզ հաջողվել գրավել ժյուրիի անդամների համակրանքը և, 24 աղջիկների շարքում, զբաղեցնել առաջին տեղը։

– Ինձ թվում է, որ եթե աղջիկը միայն գեղեցկություն ունի և այլևս ոչինչ, նա ոչինչ չունի։ Միայն արտաքին տվյալներն ինքնին չեն կարող որոշիչ լինել։ Կարծում եմ, ժյուրիի անդամները իմ մեջ նկատեցին նաև այլ որակներ, որոնք արտաքին տվյալներից առավել կարևոր եղան։

– Արդյո՞ք արդեն ունե՞ք առաջարկներ նորաձևության տներից։

– Ներկա պահին պայմանագրեր չունեմ, քանի որ դեռ շատ քիչ ժամանակ է անցել։ Այժմ մենք պետք է հասկանանք, թե որ ուղղությամբ է պետք շարժվել, չէ՞ որ սա միայն իմ անձնական հաղթանակը չէ։ Սա իմ երկրի հաղթանակն է։ Ինչ-որ քայլեր անելիս` առաջին հերթին, ես պետք է մտածեմ Հայաստանի հեղինակության մասին։

– Արդյո՞ք մենք կտեսնե՞նք Ձեզ նոր ֆիլմերում կամ սերիալներում։

– Այո, ես շարունակում եմ նկարահանվել կինոյում, նկարահանվում եմ մի սերիալում։ Ծրագրում եմ նկարահանվել արտասահմանյան ֆիլմում։

– Ավանդական հարց. ո՞րն է գեղեցկության գաղտնիքը։

– Իմ պատկերացմամբ գեղեցկությունը լայն հասկացություն է, սակայն փորձեմ բացատրել երկու խոսքով։ Ոչ մի աղջիկ գեղեցիկ համարվել չի կարող, եթե բացակայում է ինքնավստահությունն ու հավատն իր ուժերի նկատմամբ։ Բացի այդ, պետք է կարողանաս ճիշտ մատուցել գեղեցկությունդ։ Ամեն ինչ սկսում է հոգու մեջ առկա լույսից, բարությունից, ինտելեկտից։ Բացի այդ, կա նաև «աստղով մարդ» հասկացությունը, ինչ նույնպես պակաս կարևոր չէ։

Русская версия

Գլխավոր թեմաներ