16:43 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Անտառ

Իրականում ինչ է կատարվում Հաղարծինում. ովքեր են կանգնած բողոքի ակցիայի «թիկունքին»

© Sputnik/ Р. Мангасарян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
94341

Հաղարծինում օրեր առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայի թիկունքին փայտի ապօրինի բիզնեսով զբաղվողներն են կանգնած:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik, Սառա Գալստյան. Օրեր առաջ Հաղարծին և շրջակա որոշ գյուղերի բնակիչները բողոքի ցույց կազմակերպեցին և փակեցին Երևան-Իջևան ճանապարհը։ Գյուղացիները դժգոհում էին, թե «Դիլիջան» ազգային պարկի ղեկավարությունն իրենց թույլ չի տալիս մտնել պարկի տարածք և դուրս բերել անգամ թափուկ ու ցախ։ Մարզային իշխանության ներկայացուցիչները խոստացան հարցը կարգավորել, և ճանապարհը բացվեց։

Իսկ ի՞նչ էր պատահել իրականում, ինչու՞ էր ազգային պարկի ղեկավարությունը գնացել նման արգելքների, երբ տարիներ շարունակ այդ հատվածում փայտի ապօրինի բիզնեսով զբաղվողներն առանձնակի խնդիրներ չէին ունեցել։

Իրավապահ մարմինների մեր աղբյուրը պատմեց հետևյալը։ Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցում են, որ վերջին երեք տարվա ընթացքում ազգային պարկում, որտեղ օրենքով ընդհանրապես արգելված են հատումները, ապօրինի և ընտրողաբար հատվել է ավելի քան 6000 ծառ, ու ազգային պարկի որոշ հատվածներ վերածվել են մեծ բացատների։ Նա իր նստավայրում բոլոր պատասխանատուների մասնակցությամբ քննարկում է անցկացնում և պահանջում մեկամսյա ժամկետում հարցը կարգավորել և դադարեցնել ծառահատումները։

Այնուհետև, ընթացիկ տարվա հուլիսին Սերժ Սարգսյանը փոխում է ազգային պարկի տնօրենին և այդ պաշտոնում նշանակում ԱԱԾ բարձրաստիճան սպայի՝ Արմեն Աբրահամյանին։ Նախագահը հանձնարարում է ազգային պարկի տարածքների հսկողությունն իրականացնել զինված, մասնավոր պահնորդական կազմակերպությունների միջոցով, մայրուղիներում ուժեղացնել հսկողությունն ապօրինի փայտանյութի տեղափոխման նկատմամբ։

Փայտի ապօրինի բիզնեսով զբաղվողները, կարծելով, թե խստացումը ազգային պարկի նոր տնօրենի նախաձեռնությունն է, որոշում են չնահանջել և, ինչպես հայտնում է մեր աղբյուրը, օգոստոսի 4-ին ապօրինի հատված փայտանյութով բեռնված 20-ից ավելի ավտոմեքենաներ դուրս են գալիս Հաղարծին գյուղից և շարասյունով ուղղվում դեպի Երևան։ Ոստիկանները փորձում են կանգնեցնել մեքենաները՝ ստուգելու համար ապօրինի փայտանյութի առկայությունը դրանցում, սակայն վարորդները չեն ենթարկվում ոստիկանների պահանջին։

Ոստիկաններին հաջողվում է, ճանապարհի վրա կենդանի պատ կազմելով, կանգնեցնել շարասյան վերջում ընթացող մի քանի ավտոմեքենաներին և վարորդների հետ մեկտեղ տեղափոխել ոստիկանության բաժին։ Տեսնելով սա, փայտի ապօրինի բիզնեսով զբաղվողները մարդկանց արագ հանում են դուրս՝ ճանապարհները փակելու, սակայն որպես բողոքի առիթ հրապարակայնորեն ներկայացնում են այլ պատճառ, իբր թե ազգային պարկը մարդկանց թույլ չի տալիս նույնիսկ ցախ հավաքել։ Եվ դա այն դեպքում, երբ մամուլում մինչ այդ տարածվել էր բնապահպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ ազգային պարկում տարեկան առաջանում է 1000 խմ թափուկ և օրենքով սահմանված կարգով այն կտրամադրվի բնակչությանը։ Հիմա Հաղարծինում «հրադադար» է։ Թե ի՞նչ զարգացումներ կլինեն, դժվար է կանխատեսել։ Կկարգավորվի՞ այս ոլորտը, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը։

Գլխավոր թեմաներ