00:48 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տրանսպորտ

Հայաստանի տրանսպորտային համակարգը կդառնա լավագույնը տարածաշրջանում

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
74401

Երևանի քաղաքապետարանը աշխատում է տարածաշրջանում ամենալավ տրանսպորտային ենթակառուցվածք ստեղծելու վրա։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևանի քաղաքապետարանը մեծ հույսեր է կապում տրանսպորտային բարեփոխումների հետ։ Պաշտոնյաները վստահ են, որ եթե բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն, ապա համակարգը տարածաշրջանում լավագույնը կդառնա։

«Մենք մեր համակարգը մշակել ենք Լոնդոնի և աշխարհի տարբեր երկրների  փորձը մանրամասն ուսումնասիրելուց հետո։ Մի բան պարզ է` տրանսպորտային ենթակառուցվածքը պետք է ձևավորվի` հաշվի առնելով նրա հնարավորությունները, կարիքները։ Եթե ամեն ինչ ստացվի, երևանյանը տարածաշրջանում լավագույնը կդառնա», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

Չնայած նրան, որ համակարգը դեռ մինչև վերջ ձևավորված չէ, դրա առավելությունը արդեն ակնհայտ են։ Կիսաքանդ եղած երթուղայիններին կփոխարինեն մեծ և փոքր հարմարավետ ավտոբուսներ։ Փոփոխությունները կազդեն նաև վարորդների վրա`  նրանք միանման հագուստ կկրեն, նաև  կքննարկվի աշխատավարձերի հարցը։ Երթուղայինների վարորդները օրական վաստակում են միջինը 4000–ից (մոտ 8,5 դոլար) մինչև 6000 (մոտ 12 դոլար) հազար դրամ` 8 ժամվա աշխատանքի համար։

Երևանում կներդրվի ուղեվարձի ավտոմատացված համակարգ, բայց ինչպես դա կգործի` դեռ պարզ չէ։ Հարևան Վրաստանում նման համակարգը գործում է արդեն 9 տարին։

«Ցանկանում ենք զեղչերի համակարգ ներդնել բոլոր սոցիալական խմբերի համար` դպրոցականներից մինչև թոշակառու։ Բոլոր ավտոբուսները հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար», – ասել է Նիկոյանը։

Հատուկ էկրանների վրա կերևա ավտոբուսի տեղաշարժը, ինչը կօգնի մարդկանց ազատվել անվերջ սպասումներից։

Նորամուծությունները կազդեն նաև տրոլեյբուսների վրա, նաև կբացվեն մետրոյի նոր կանգառներ։ Քաղաքապետարանում հույս ունեն երկուս ու կես անգամ նվազեցնել երթևեկության գերծանրաբեռնվածությունը։ Իսկ ամենակարևորն այն է, որ էլ չի լինի «գծի տեր» հասկացողությունը, նրանց կփոխարինեն կազմակերպությունները կամ պետությունն ու կազմակերպությունները։

Նման համակարգը կսկսի գործել 2018թ.–ի վերջից։

Գլխավոր թեմաներ