09:45 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Մեքենաներ

Աջ ղեկով մեքենաները շատանում են. ինչո՞ւ են մարդիկ երթևեկությանը հակառակ գնում

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Խաչիկ Չախոյան
25602

Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաներն արգելելու մասին քննարկումները պարբերաբար ակտիվանում են։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում պետականորեն ընդունված է ձախ ղեկով ավտոտրանսպորտի շահագործումը, բայց արդեն մի քանի տարի է` մեծ ինտենսիվությամբ Հայաստան են ներկրվում աջ ղեկով ավտոմեքենաները:

 Ինչո՞ւ են մարդիկ ընտրում աջակողմյան ղեկով ավտոմեքենաները: Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումը, և արդյո՞ք հարմար է մեր երկրում վարել այդպիսի ավտոմեքենա, եթե մեր երթևեկությունը նախատեսված է ձախ ղեկով ավտոմեքենաների համար: Փորձենք հասկանալ:

Նախ և առաջ, նշենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 115 —120 հազար դրամ: Պարզ է, որ մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, որոնք կարող են ձախ ղեկով թանկարժեք ավտոմեքենաներ գնել: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ այսօր ավտոշուկայում անհամեմատ նվազել է վաճառվող ավտոմեքենաների քանակը` անկախ ղեկի դիրքից, բայց մարդկանց` սեփական ավտոմեքենա ունենալու ցանկությունը չի նվազել:

Ավտոշուկայում մեքենաների վաճառքի ցածր տոկոսը կապված է այն հանգամանքի հետ, որ մարդիկ մեքենաները ներկրում են այլ երկրներից: Եղավ մի պահ, երբ մեքենաները ներկրում էին Եվրոպայից և ԱՄՆ-ից, իսկ հիմա ներկրողների մեծ մասն ավտոմեքենա է ձեռք բերում Ճապոնիայից: Ասել է, թե՝ աջ ղեկով: Համեմատություններ կատարելով մեքենաների վաճառվող ու մաքսազերծման գների հետ՝ պարզ է դառնում, որ Ճապոնիայից ներկրելը ձեռնտու է մի շարք պատճառներով:

Ճապոնիայում մեքենաները շատ լավ են շահագործված և, բացի այդ, նույն մակնիշի ավտոմեքենան ծագող արևի երկրում անհամեմատ էժան է: Հայաստանում էլ մաքսազերծելու համար քաղաքացին ավելի քիչ գումար է տալիս: Այսինքն՝ անվիճելի է դառնում այն փաստը, որ Հայաստանի քաղաքացին աջ ղեկով ավտոմեքենան ձեռք է բերում ոչ թե ինչ–որ կանոն կամ օրենք խախտելու համար, այլ, պարզապես, ավելի էժան լինելու պատճառով:

Հասկանալի է, որ աջ ղեկով ավտոմեքենան աջակողմյան երթևեկության մեջ օգտագործելու համար որոշակի անհարմարություններ կան: Առաջին հերթին դա վերաբերում է վազանցին: Տեսադաշտը փակ լինելու պատճառով հնարամտությունների պետք է դիմել հանդիպակաց ուղղությամբ մեքենան տեսնելու համար: Բայց դրա համար էլ կան տեխնիկական միջոցներ, օրինակ, տեսախցիկ տեղադրելով աջ կողմում ու այն միացնելով մեքենայի սրահում տեղադրված մոնիտորին, կարելի է տեսնել` ճանապարհն ազատ է վազանցի համար, թե ոչ:

Շատերն աջ ղեկով ավտոմեքենան գնելուց հետո փոխում են ղեկի դիրքը` մեքենան դարձնելով ձախ ղեկով: Ամեն ինչ արվում է մեքենան ավելի էժան գնով ձեռք բերելու համար:

Վրաստանում նույնպես աջ ղեկով մեքենաների շատացման միտում կա։ Մեր հարևան պետությունը որոշեց դրա դեմ պայքարել հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելով և թանկացրեց մաքսազերծումը, ինչը նվազեցրեց աջ ղեկով մեքենաների թվաքանակի ավելացման ռիսկերը։

Հայաստանում առայժմ պահանջ է դրվել տաքսիների «ոլորտում». լիցենզիա չի տրվում այն տրանսպորտային միջոցներին, որոնք աջակողմյան վարման ղեկային համակարգ ունեն: Ոլորտը կարգավորող գերատեսչությունն այդ որոշումը հիմնավորում է այսպես` դա բխում է ուղևորի անվտանգության պահանջից:

Թե ինչ կլինի աջ ղեկով մեքենաների ճակատագիրը, առայժմ պարզ չէ։ ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությունն ավտոմեքենաների ոլորտի խնդիրների վերաբերյալ աշխատանքային խումբ է ձևավորել, որն ակտիվ աշխատում է օրենսդրական փաթեթ ներկայացնելու ուղղությամբ։

Գլխավոր թեմաներ