13:21 20 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
«Սասնա ծռերի» դատավարությունը

Խուզարկություն, թե զննություն. Գործադուլ անող փաստաբանների որոշումը

© Sputnik/ Nelli Danielyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
338 0 0

Գործադուլ հայտարարած փաստաբանները կդադարեցնեն գործադուլը, բայց կշարունակեն պայքարել դատարաններում իրենց նկատմամբ կիրառվող զննության ու խուզարկության դեմ այլ միջոցներով։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Այն, ինչ դատական կարգադրիչներն իրականացնում են դատարան մուտք գործող փաստաբանների նկատմամբ, խուզարկություն չէ, այլ ուղղակի զննություն։ 

Այսօր աշխատանքի չներկայացած փաստաբանների հրավիրած քննարկմանը հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Եթե փաստաբանին ասում են` պայուսակդ բացիր, և փաստաբանն ասում է` չեմ բացում, ու վերցնում պայուսակը բացում են, այ դա է խուզարկությունը։ Եթե փաստաբանի պայուսակին մատով ոչ ոք չի կպնում, այստեղ խուզարկության մասին խոսք չկա»,– ասաց Զոհրաբյանը։

Հակադարձելով պալատի նախագահի դիրքորոշմանը` փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ փաստաբանների նկատմամբ ցանկացած գործողություն` լինի զննություն, թե խուզարկություն, պետք է իրականացվի բացառապես օրենքի շրջանակներում։

«Եթե մենք մտնում ենք դատարանի դահլիճ, և մեզ խուզարկում կամ զննում են,  ու եթե դա համարվում է փաստաբանի պարտականությունները կատարելու գործընթաց, հետևաբար պետք է օրենք լինի թե՛ զննություն, թե՛ խուզարկություն իրականացնելու մասին»,– ասաց Աթանեսյանը։

Շուրջ երկու ժամ տևած քննարկման արդյունքում կողմերը համաձայնության չեկան, թեև, ի սկզբանե, պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ հանդիպմանը մասնակցում է համերաշխության նպատակով։

«Գնդակը պետության դաշտում է»,– հանդիպման ավարտին,ամփոփելով քննարկումը, նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Մենք ակնկալելու ենք, որ պետական մարմիններն, այնուամենայնիվ, կհասկանան, որ պետք չէ պետության հետ վարվել այնպես, ինչպես վարվում են, և մենք բոլորս սիրում ենք մեր երկիրն ու պետությունը, մեր այս գործողությունը ևս միտված է մեր երկրում օրինականության հաստատմանը և մեր պետության հեղինակությանը»,– ասաց Վարոսյանը։

Քննարկման ավարտին գործադուլ հայտարարած փաստաբանները հայտնեցին, որ կդադարեցնեն գործադուլը, բայց կշարունակեն պայքարել դատարաններում իրենց նկատմամբ կիրառվող զննության ու խուզարկության դեմ այլ միջոցներով, այդ թվում` միջազգային կառույցների դիմելով։

Գլխավոր թեմաներ