14:20 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սերժ Սարգսյան

Հայ–ռուսական համալսարանը 20 տարեկան է. այստեղից դուրս են գալիս ապագա գիտնականները

© Пресс-служба президента РА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
108220

Այսօր Հայ–ռուսական (սլավոնական) համալսարանը տոնեց 20–ամյակը։ Թեև բուհը դեռ երիտասարդ է, բայց կարողանում է հոգալ իր ուսանողների ապագան։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հաջողությունների մասին խոսելիս ռեկտոր Արմեն Դարբինյանն ավելորդ համեստություն չի դրսևորում։ Ասում է` իրենց համալսարանում խնդիրներ չկան, այլ բան է, որ իրենք են իրենց առջև խնդիրներ դնում նորանոր հաջողությունների հասնելու համար։

Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյոք համալսարանը տալիս է անհրաժեշտ «ուսանողական պրոդուկտ» երկրի պահանջարկին համապատասխան, Դարբինյանը պատասխանեց` մեր շրջանավարտները երբևիցե չեն ունեցել և չունեն աշխատատեղի խնդիր։

«Բարձր որակի գրավականը մեր ուսումնական գործընթացն է և գիտական բարձր արդյունքները։ Մեր շրջանավարտները գրեթե հարյուր տոկոսով ապահովված են աշխատանքով և աշխատաշուկայում ցանկացած գործատու տեղյակ է, որ Հայ-ռուսական համալսարանի ավարտական դիպլոմը որակի նշան է»,- ասաց համալսարանի ռեկտորը։

Հանդիսավոր միջոցառման ընթացքում ռեկտորը «Տարվա մարդ. դիվանագիտական գործունեություն» անվանակարգում մրցանակ շնորհեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին։ Վերջինը բարձր գնահատեց համալսարանի դերը հայ-ռուսական հարաբերությունների դինամիկ զարգացման համատեքստում։

«Ռուս-հայկական համալսարանը հանդիսանում է Հայաստանի տարածքում ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի հիմնական խթանը։ Ամեն տարի բուհի հիմնասյունի վրա, այդ թվում` դեսպանատան ու Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի համագործակցությամբ, անցկացվում են տասնյակ միջազգային ու ռեգիոնալ գիտական կոնֆերանսներ, թեմատիկ կլոր սեղաններ և այլն»,- ասաց դեսպանը։

Վոլինկինը նշեց` իրենց խնդիրն է համալսարանը դարձնել առավել զարգացած, դարձնել մագնիս առաջադեմ ու մտածող երիտասարդների համար։

«Այն պետք է դառնա ռուս-հայկական դարավոր բարեկամության խորհրդանիշը»,-ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանը։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը հոբելյանի կապակցությամբ ջերմ շնորհավորեց համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին և մաղթեց հաջողություններ: Նա շեշտեց, որ Հայ-ռուսական համալսարանը մի յուրահատկություն ունի, դա հայապահպանությունն է։

1 / 2
Սերժ Սարգսյանը Սլավոնական համալսարանում

«Տարօրինակ է, չէ՞, շատերի համար՝ Հայ-ռուսական համալսարան, բայց նշում եմ հայապահպանության գործոնը: Ես սա ասում եմ, որովհետև այն ուսանողները, մեր հայրենակիցները, ովքեր ապրում են Ռուսաստանում և ամեն տարի 200-ից ավելի գալիս, ուսանում են այս համալսարանում, վստահաբար կարող եմ ասել, որ նրանց մեծ մասը կապվում է Հայաստանին, շատ-շատերը վերհիշում են իրենց արմատները և այնուհետև ողջ կյանքի ընթացքում իրենց զգում են Ռուսաստանի լիարժեք քաղաքացի ու նաև հայ: Սա չափազանց կարևոր առաքելություն է համալսարանի համար»,-ասաց երկրի ղեկավարը։

Սերժ Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրեց պետական բարձր պարգևներով:

Հանրապետության նախագահը Երևանի քաղաքապետի, կրթության և գիտության նախարարի, համալսարանի ռեկտորի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Հայ-ռուսական համալսարանում, ծանոթացավ ժամանակակից և որակյալ կրթության ապահովման նպատակով բուհում ստեղծված պայմաններին: Սարգսյանին ներկայացվեցին նաև Հայ-ռուսական համալսարանի նոր մասնաշենքի շինարարության ընթացքն ու համալսարանի «Ուսմունք» հենակետային դպրոցը:

Գլխավոր թեմաներ