14:30 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Արման Թաթոյան

Ադրբեջանական «սև ցուցակ» երևույթը հայատյաց քաղաքականության մաս է

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գրառումներից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանի «սև ցուցակը» չունի որևէ լեգիտիմ բնութագիր։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Ազատության մեջ հայտնվելուց հետո բլոգեր Ալեքսանդր Լապշինի կատարած գրառումները ևս մեկ անգամ հաստատում են, որ Ադրբեջանում հայատյացությունն ունի խորը արմատներ, իրականացվում է պետական բարձր աջակցությամբ և ուղղված է ազգությամբ հայերի դեմ: Այս մասին նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարածած հայտարարության մեջ։

«Այդ քաղաքականության արդյունքն է այն, որ արդեն ոչ միայն ազգությամբ հայերին, այլ նաև հայերի հետ որևէ առնչություն ունեցող ցանկացած անձին խոշտանգելը խրախուսվում է և համարվում պատվաբեր արարք: Ակնհայտ է, որ Ադրբեջանում «սև ցուցակները» հայատյաց քաղաքականության բաղկացուցիչ մաս են»,- նշել է օմբուդսմենը:

Մինսկում Ալեքսանդր Լապշինի ձերբակալման վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս համոզմունքները ներկայացրել է միջազգային կառույցներին:

Նրանցից ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը, Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտը Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել իրենց դիրքորոշումները՝ կապված Լապշինի հանձնման հետ: ԵԱՀԿ ներկայացուցիչն այս առնչությամբ դիրքորոշում էր հայտնել այն մասին, որ Լապշինին ադրբեջանական կողմին հանձնելու դեպքում նա կարժանանա անարդար վերաբերմունքի՝ որպես վրեժխնդրություն իր լրագրողական գործունեության և իր տեսակետները արտահայտելու համար, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մարդու իրավունքների կարևոր հիմնահարցերի հետ:

Ըստ Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի՝ Լապշինի արտահանձնման որոշումն իրական սպառնալիք է եվրոպական արժեքների հիմքում ընկած՝ խոսքի եւ զանգվածային լրատվության միջոցների ազատության համար և լրջորեն վտանգում է մարդու իրավունքների արժեքները:

«Միջազգային գործընկերների այցերն ու նրանց աշխատանքն Արցախում համարվել են ու կհամարվեն իրավաչափ: Պետք է անդադար ու համառ աշխատանքով հասնել նրան, որ քաղաքակիրթ աշխարհը ճանաչի մեր հայրենիքի արցախյան հատվածն իր ժողովրդավարական ինստիտուտներով»,- նշված է Թաթոյանի հայտարարության մեջ:

Օմբուդսմենի կարծիքով` ադրբեջանական «սև ցուցակ» կոչվող երևույթը իրավական ոչնչացման է ենթակա. այն հայատյաց քաղաքականության մաս է և չունի որևէ լեգիտիմ բնութագիր:

Նշենք, որ Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։ Ադրբեջանի նախագահի հրամանով նրան ներում շնորհվեց սեպտեմբերի 11-ին։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

Գլխավոր թեմաներ