ԵՐԵՎԱՆ, 20 Սեպտեմբեր — Sputnik. Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով անօրինական անցել է հայ-թուրքական պետական սահմանը:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
«Խախտումների արձանագրման նոր տեխնիկայի շնորհիվ սահմանապահները րոպեների ընթացքում կարողացել են բռնել սահմանն անօրինական հատողին։ Պարզվել է, որ նա Թուրքիայի քաղաքացի է, 1972թ.–ին ծնված»,–ասված է հաղորդագրության մեջ։
Սահմանախախտը հայտնել է, որ ինքը հովիվ է և բնակվում է Իգդիր նահանգի Գեդիքլի գյուղում: Ըստ նրա`պետական սահմանը հատել է պարտադրված՝ հոտից պոկված խոշոր եղջերավոր անասունին գտնելու նպատակով:
Պատկան մարմինները կճշտեն սահմանն անօրինական հատած անձի ներկայացրած տարբերակը, կպարզեն դեպքի բոլոր մանրամասները: