ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի սահմանին գտնվող հայկական գյուղերի համար կպահպանեն հոսանքի և գազի սակագնային արտոնությունները։ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում արված համապատասխան փոփոխությունների նախագիծն ԱԺ-ում ընդունվեց վերջնական ընթերցմամբ։
Սահմանամերձ համայնքների համար արտոնություններն ուժի մեջ էին մտել 2015 թվականից և պետք է գործեին մինչև 2018 թվականը։ Այժմ առաջարկվում է երկարացնել դրանք մինչև 2021 թվականը։
Աջակցություն է ցուցաբերվելու Ճամբարակ (նախկինում Կրասնոսելսկ) քաղաքի և գյուղական 37 բնակավայրի բնակիչներին։ Օգնության համար հիմք է ծառայում Ադրբեջանի սահմանին մոտ լինելը։
Արտոնությունները նույնը կմնան. բնակիչների համար 50%-ով կնվազեցնեն գազի (մինչև 360 խմ ամսական օգտագործելու համար) և էլեկտրականության (տարեկան մինչև 1440 կՎտ/ժ) գինը։ Այն գյուղերն ու տները, որտեղ կա էլեկտրականություն, բայց չկա գազ, լրացուցիչ աջակցություն կստանան էլեկտրականության համար (մինչև 180 խմ գազին համարժեք)։
50%-ով էժան կմնա նաև ոռոգման ջուրը, ընդ որում` ինչպես հասարակ գյուղացիների, այնպես էլ ագրարային բիզնեսի համար։ Իսկ այն գյուղացիներին, որոնց հողերը մնացել են գնդակոծման գոտում, կփոխհատուցեն հողի և գույքի հարկերը։
Այդ նպատակներով պետբյուջեից տարեկան շուրջ 930 մլն դրամ կհատկացվի։