16:18 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Վթար

«Փտած» մեքենաներ կամ «փտած» վարորդական իրավունք. ո՞վ է վթարների մեծամասնության «հեղինակը»

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
231 0 0

Ո՞վ է ավելի մեղավոր Հայաստանի ճանապարհներին տեղի ունեցող վթարների համար։ Փորձագետներն այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Հայաստանի ավտոճանապարհների հիմնական խնդիրը հնացած ավտոպարկն է, Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասաց ճապոնական խոշոր ավտոդիլերի պաշտոնական ներկայացուցիչ Գրիգոր Համազյանը։

«Ես` որպես վարորդ և այդ ոլորտի մասնագետ, կարծում եմ, որ Հայաստանի ճանապարհների գլխավոր խնդիրը հին ավտոպարկն է։ Հատկապես մահացու ելքով վթարների «մասնակիցները» հաճախ շատ հին, օրինակ` խորհրդային ժամանակների արտադրության ավտոմեքենաներն են», — ասաց Համազյանը` այդ ավտոմեքենաները «փտած» անվանելով։

Ըստ նրա` դրանք պետք է ընդհանրապես հանել շահագործումից, հատկապես ավտոմայրուղիներում, որտեղ ավտոմեքենաները մեծ արագությամբ են սլանում։

Համազյանի հետ համաձայն չէ մամուլի ասուլիսի մյուս հյուրը` «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահի տեղակալ Դավիթ Պեդանյանը։ Նրա խոսքով` ՃՏՊ-ներին մեծ մասամբ մասնակցում են հենց նոր ավտոմեքենաներ, որոնց վարորդները հաճախ գերազանցում են արագությունը, իսկ որոշ դեպքերում նրանց ընդհանրապես չպետք է թույլ տրվեր ղեկի դիմաց նստել։

«Այնպես որ խնդիրը ոչ թե «փտած» ավտոմեքենաներն են, այլ «փտած վարորդական իրավունքները»», — ասաց Պեդանյանը։

Նա համաձայնեց, որ հին ավտոմեքենաների դեպքում մահացու ելքով ՃՏՊ-ների վտանգն ավելի մեծ է։

Ինչ վերաբերում է հայ հասարակության համար ցավոտ խնդրին` աջ ղեկով ավտոմեքենաներին, որոնց վերաբերյալ սահմանված արգելքը բուռն քննարկումների թեմա է դարձել, ապա Համազյանն ընդգծեց, որ ավտոարտադրողները ավտոմեքենաները հավաքում են` հաշվի առնելով ճանապարհային երթևեկության կանոնները և կոնկրետ երկրներում ավտոճանապարհների անվտանգությունը։

«Ավտոմեքենայի հավաքման որակը բացառապես կախված է ավտոմեքենայի դասից, կապ չունի` աջ ղեկ ունի, թե ձախ», — ասաց նա։

Մյուս կողմից` աջակողմյան երթևեկություն ունեցող երկրներում աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների վարորդներն ավելի քիչ տեսանելիություն ունեն ավտոմայրուղիներում։

«Ստացվում է, որ մեծանում է վթարի վտանգը», — ասաց Համազյանը` նշելով, որ պաշտոնական տվյալով` աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-ների քանակը մոտ 10%-ով շատ է։

Դավիթ Պեդանյանի կարծիքով` սեփական գույքի տնօրինումը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է, որը չպետք է ոտնահարվի։

Հայաստանում 2017 թվականին 3535 ՃՏՊ է տեղի ունեցել, ինչը 2016 թվականի համեմատ շատ է 10,4%-ով։ Անցած տարվա ընթացքում վթարների հետևանքով զոհերի քանակը հասել է 279-ի (2016 թվականին 266), իսկ տուժածներինը` 5179-ի (2016 թվականին` 4452)։

Գլխավոր թեմաներ