06:39 21 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.10
  • GBP615.42
  • EUR551.12
  • RUB7.20
Գորգագործություն

Գորգ, մածուն, գինի, օղի, թառ. Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ–ին նոր ցանկ կներկայացնի

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
11810

ՀՀ մշակույթի նախարարությունը որոշել է ընդլայնել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը: Դրանում տեղ կգտնեն ազգային պարերի, երաժշտության, արվեստների մի քանի տեսակներ, կերակրատեսակներ ու խմիչքներ:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր մշակույթի նախարարության առաջարկով ևս 8 կետով ավելացրեց Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների՝ 2010 թվականի մարտի 11-ին հաստատված ցանկը: Դրանում տեղ կգտնեն հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները, մրգերի տարբեր տեսակներից հայկական օղիների պատրաստման գործընթացը, հայկական մածունի պատրաստման ու կիրառման ավանդույթը, ավանդական գորգագործությունը:

Ի դեպ, նախագծի մեկնաբանություններում նշվում է, որ գորգը Հայաստանում գործում են փայտե դազգահի վրա բրդյա, բամբակյա կամ մետաքսե թելերով: Իսկ դազգահի պատկերը հայտնի է դեռ 14-րդ դարի վիմագիր աղբյուրներից: Ցանկում տեղ են գտել նաև հայկական թառն ու թառագործությունը, ինչպես նաև գինեգործությունը:

Հայկական գինու պատրաստման յուրահատուկ եղանակը ներկայացված է հետևյալ կերպ. «Ավանդաբար գինի պատրաստում էին այգիներում կամ բնակելի համալիրին կից գտնվող հնձաններում: Խաղողը լցնում էին հնձանի վերին հատվածի` առագաստի մեջ, որտեղ տղամարդիկ այն ոտքերով տրորում էին (երեխաներին կնքելիս տղաների ոտքերին էին մեռոն քսում, որ գինի տրորեն, և աղջիկների ձեռքերին, որ խմոր հունցեն): Քաղցուն հոսում էր առագաստի մոտ պատրաստված կավակերտ հորի մեջ, որը կոչվում է գուբ, այնտեղ նստվածք տալիս, մասամբ զտվում, ապա հոսում գետնափոր կրապատ հորերի (տաքար) կամ կարասների մեջ: Քաղցուն այդ տարաների մեջ աստիճանաբար հասունանում էր, վերածվում քաղցրավուն մաճառի, այնուհետև՝ քառասուն օրվա ընթացքում դառնում գինի: Հասունացած գինին պահպանում էին մառաններում»:

Հայաստանյան ոչ նյութական մշակութային արժեքների շարքում այսուհետ իրենց պատվավոր տեղը կունենան նաև հայկական ազգային պարի տեսակը՝ թամզարան և ազգային մեղեդու տեսակը՝ սահարին, որը ծագել է որպես ծիսական մեղեդի: Հնում այն կատարվել է պտղաբերությանը, մարդու և բնության շարունակականությանը նվիրված ծիսական արարողությունների ժամանակ:

Սահարու փոխակերպումները պահպանվել են նաև մեր օրերում: Այն կատարվել և մինչ օրս էլ կատարվում է հիմնականում ավանդական զուռնայով, դուդուկով և քամանչայով: Սահարի կատարելու համար պահանջում է կատարողական հատուկ վարպետություն, որի շնորհիվ 19-20-րդ դդ. հաճախ կատարվել է նաև վարպետություն ցուցադրող մրցույթների ընթացքում: Ազգային մշակույթի այս բոլոր տեսակները, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով, Հայաստանն առաջիկայում պատրաստվում է ներկայացնել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճանաչմանը:

Գլխավոր թեմաներ