20:00 26 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի առաջին ու առայժմ վերջին սերենադը. կնոջը կարելի է մեծարել նույնիսկ բանտից

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7810

Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչպես է իր կյանքի առաջին ու առայժմ վերջին սերենադը նվիրել կնոջը` Աննային։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik, Լուիզա Աբրահամյան. ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քաղաքական ու մասնագիտական գործունեության ընթացքում չի մոռանում նաև կնոջը շնորհավորելու ու հաճելի անակնկալներ մատուցելու մասին, ընդ որում` ոչ միայն կանանց տոների առթիվ։

2008թ-ի մարտի 1-ից հետո, քաղաքական հետապնդումներից խուսափելով, Նիկոլ Փաշինյանը ստիպված էր թաքնվել կամ, ինչպես ինքն է ասում, ընդհատակում էր։ Բայց մոտենում էր շատ կարևոր տարեդարձը, և Փաշինյանը չէր կարող այդ օրը կնոջն առանց շնորհավորանքի թողնել։

«Մեր ամուսնության տարեդարձի օրն էր, կնոջս ծաղիկներ էի ուղարկել, սակայն առանց գրառման, առանց որևէ նշանի, որ հեղինակը ես եմ,- պատմում է Փաշինյանը,- ուղղակի դուռը ծեծել են, ու առաքողը ծաղիկները տվել է կնոջս: Բայց կինս, իհարկե, կռահել է, թե ումից են դրանք»։

Մեկ տարի անց Փաշինյանն արդեն կամովին հանձնվեց ու դատապարտվեց ազատազրկման։ Հենց բանտում գտնվելու ժամանակ էլ որոշեց կնոջ ծննդյան առիթով նրան առաջին անգամ սերենադ նվիրել։

«Թերթում կարդացի, որ խումբ է ստեղծվել, որը սերենադ է կազմակերպում, նման ծառայություններ է մատուցում: Ընկերներիս միջոցով պատվիրեցի, որ այդ խումբը գնա ու կնոջս աշխատավայրի պատուհանի տակ սերենադ նվագի,- պատմում է պատգամավորն ու ծիծաղելով ավելացնում,- դա դարձավ առաջին և միակ սերենադը»։

Փաշինյանը խոստովանում է` նման հիշարժան օրեր ու հետաքրքիր դեպքեր շատ չեն եղել, բայց կնոջն ու դուստրերին տոների առիթով ծաղիկներ միշտ է նվիրում, հատկապես կակաչներ է սիրում։

Ինչ վերաբերում է Հայաստանում կնոջ դերին, Փաշինյանը 3 տեսակետ է առանձնացնում. Առաջինը` կնոջ տեղը խոհանոցում է, երկրորդը` ոչ միայն խոհանոցում, և երրորդը` կինը խոհանոց չպետք է մտնի:

Իսկ թե որն է կնոջ իսկական տեղն ու դերը հայ հասարակությունում, Փաշինյանի համոզմամբ, որոշողը ինքը` կինն է։ Դրա համար էլ պատգամավորի հիմնական մաղթանքը հայ կանանց մեկն է` լինել ինքնավստահ ու գեղեցիկ։

Գլխավոր թեմաներ