15:12 23 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Անդրեյ Ռազիգրաև

Երևանն ու գինին զարմացրել են ռուս հաղորդավարին. ինչո՞ւ է Անդրեյն ուզում նորից գալ Հայաստան

Youtube/ МУЗ-ТВ
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
95110

«Արձակուրդ առանց ուղեգրի» շոուի հաղորդավարը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանը պետք է լինի must-have երկրների ցանկում, կարծում է հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Ռազիգրաևը։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Անդրեյը վերջին անգամ Հայաստանում է եղել մոտ 20 տարի առաջ. գործուղման էր եկել ճիշտ այնպես, ինչպես այս անգամ։ Վերջին այցը հեռուստահաղորդավարի համար ոչ միայն գործուղում էր МУЗ-ТВ հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Արձակուրդ առանց ուղեգրի» ճանապարհորդական շոուի հերթական թողարկման նկարահանումներն իրականացնելու համար, այլ նաև հիանալի առիթ` Հայաստանին այլ տեսանկյունից նայելու համար։

«Առաջին ուղևորությանս ժամանակ ռադիոկայանի մասնաճյուղ էր բացվում, որտեղ աշխատում էի այն ժամանակ։ Ինձ վրա մեծ տպավորություն գործեց հյուրընկալությունը։ Ես այդ փաստը միանգամից նկատեցի ու մտապահեցի», — ասաց Անդրեյը։

Արևի երկիր կատարած առաջին ուղևորությունն ընդամենը 36 ժամ է տևել, իսկ այս անգամ Անդրեյը Հայաստանում 4 օր է անցկացրել։

«Որքան ավելի շատ ժամանակ ես անցկացնում երկրում, այդքան մեծ է մշակույթին, ժառանգությանը, պատմությանը ծանոթանալու հնարավորությունը։ Տեսնում ես մի շարք այլ բաներ, որոնք բնորոշ են ուրիշ երկրներին», — ասաց նա։

Այս անգամ Հայաստանը փոխել է Անդրեյի գիտակցությունն ու վերաբերմունքը։ Նա մեր երկիրը նորովի է ճանաչել, քանի որ այդ հարցում նրան օգնել է «Վարդանուշ տատիկ» զբոսաշրջային նախագծի ղեկավար Ամալյա Ակոպովան։ Նա հանդիպել է Ռուսաստանից ժամանած խմբին և հուշել, թե ինչ կարելի է նկարահանել։

Արդյունքում «Արձակուրդ առանց ուղեգրի» հեռուստահաղորդման հերթական գունեղ թողարկման ժամանակ հանդիսատեսը կարողացել է տեսնել մեր երկրի լավագույն ու հետաքրքիր 7 վայրերը` Ենոքավանից մինչև Սևան ու Երևան։

«Ինձ համար բացահայտում էր նաև այն, որ Հայաստանում ոչ միայն խորոված-մորոված կա, այլև համեղ գինի։ Երբեք չէի մտածի, որ Հայաստանը գինու վառ համի մայրաքաղաք է», — նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Անդրեյի խոսքով` մեր երկիրը բոլորի մոտ ասոցացվում է կոնյակի հետ, բայց գինին այստեղ իսկապես անմահական է։

«Բայց որպեսզի գինին համեղ լինի, պետք է մատուցել Սարյան փողոցի ժամանակակից մթնոլորտում։ Իսկ պանիրը, մարդիկ… Վերադառնալու և այդ հույզերը զգալու ցանկություն է առաջանում», — ասաց հեռուստահաղորդավարը։

Եվ զրույցի հենց այս հատվածում էլ նա նշեց, որ Հայաստանը must-have ցանկում է։ Հաղորդավարի խոսքով` մի շարք ԶԼՄ-ներ Հայաստանը ներկայացնում են որպես հետխորհրդային երկիր, որտեղ շատ են անցյալի մնացուկները, իսկ իրականում Երևանը փոխվել է և բացարձակ այլ քաղաք դարձել։

«Այստեղ ոչ միայն արժե այցելել, այլև պետք է ամբողջությամբ ընկղմվել այս քաղաքում, վայելել այն ամենը, ինչ տեսնում ես շուրջդ», — ավելացրեց նա։

Քանի որ Անդրեյը շատ և հաճախ է ճանապարհորդում, հետաքրքիր էր նաև, թե որ երկիրն է ամենից շատ տպավորել նրան։ Հեռուստահաղորդավարը նշեց, որ անկախ հայրենի Ռուսաստանի նկատմամբ ունեցած սիրո, Իտալիան ու ԱՄՆ-ն են բուռն տպավորություններ թողել։

Ըստ թեմայի

Օտարերկրացու աչքերով. ռուս զբոսաշրջիկը պատմում է Աշոտի բարության ու հայկական հպարտության մասին
Օտարերկրացու աչքերով․ ինչ չհասցրեց Հայաստանում անել ռուս զբոսաշրջիկը
Օտարերկրացու աչքերով․ ինչպես է գուշակը հայ ամուսին կանխատեսել Մոսկվայի բնակչուհու համար
Օտարերկրացու աչքերով. Մոսկվա վերադառնալով` ճանապարհորդուհին Հայաստանի լեռներն էր փնտրում
Օտարերկրացու աչքերով. Սոչիի հայերն այլ են, կամ ինչու է հայաստանյան այցն անմոռանալի

Գլխավոր թեմաներ