ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հավաստի ինֆորմացիա տրամադրելու և օպերատիվ աշխատանքի արդյունքում լրագրողը կարող է շահել լսարանի վստահությունը: Այս և լրագրողական աշխատանքի շատ այլ խնդիրներ ապրիլի 9-13 կներկայացվի ապագա և սկսնակ լրագրողներին «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնի շրջանակներում:
Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների մեջ Գյումրիի դերն ու կարևորությունը` հնգօրյա մեդիափառատոնի մեկնարկն ազդարարվեց ապրիլի 9-ին, Գյումրիում՝ Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնում:
Մարաթոնի ուսումնական ծրագրի շրջանակներում հայկական ԶԼՄ-ներին և ապագա լրագրողներին իրենց փորձը կներկայացնեն ռուսական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու փորձագետները:
Վաստակաշատ լրագրող, ԵԱՏՄ-ի եվրասիական հանձնաժողովի արտաքին գործերի ու տնտեսական քաղաքականության նախագահի տեղակալ Վադիմ Կոզյուլինը ապագա լրագրողներին ներկայացրեց Եվրասիական տնտեսական միության դրական և բացասական կողմերը՝ հիմնական շեշտը դնելով Հայաստանի վրա:
Հայտնի լրագրողը երիտասարդներին խորհուրդ է տալիս շատ խորանալ նյութի էության մեջ: «Պակասում է փորձը, շատ հաճախ ավելի թեթև են մատուցվում նյութերը, դրա համար լրագրողները մեղադրվում են ոչ ճշմարտացի լինելու մեջ, իսկ դա հենց նյութի մեջ չխորանալու պատճառով է: Ինձ համար լրագրողական 2 հիմնական չափորոշիչ կա՝ արհեստավարժություն ու ազնվություն»,-Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ նշեց Վադիմ Կոզյուլինը:
Մեդիա-մարաթոնը կազմակերպվել է Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից, Գիտության և մշակույթի ռուսաստանյան Երևանի մասնաճյուղի, «Ռազմավարական նախագծերի կենտրոն» ԱՀԿ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Հայաստանում ռուսաստանյան բուհերի ասոցիացիայի աջակցությամբ: Միջոցառումն իրականացվում է նախագահական դրամաշնորհների ֆոնդի կողմից հատկացված միջոցներով:
«Սա գերազանց հնարավորություն է սկսնակ և երիտասարդ լրագրողների համար լրագրության, իրադարձությունների լուսաբանման, նյութերի տարածման և թիրախային լսարանների հետ աշխատանքի բնագավառում նորագույն մեթոդներին ծանոթանալու համար: Միջոցառման շրջանակներում նախատեսված է ավելացնել հայ-ռուսական հարաբերությունների թեմայով տեղեկատվությունը, ինչպես նաև ընդլայնել երիտասարդ և ապագա լրագրողների աշխարհայացքը և պրոֆեսիոնալիզմը»,- իր խոսքում նշեց Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի գործադիր տնօրեն Անդրեյ Ռուսակովը:
«Կոնտեքստ» մեդիա-մարաթոնը կանցկացվի Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնների Գյումրու և Երևանի մասնաճյուղերի, Մ.վ.Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի, ԵՊՀ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հարթակներում:
Մեդիա-մարաթոնի շրջանակներում կլինի նախագծերի և լուսանկարների մրցույթ: Հաղթողները կստանան արժեքավոր նվերներ և Ռուսաստանում վերապատրաստվելու հնարավորություն: