01:19 22 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Երևան

Ոստիկանությունը որոշել է դադարեցնել Փաշինյանի նախաձեռնած հավաքը

© Sputnik / Nelli Danielyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա (147)
186 0 0

Ոստիկանությունը անօրինական է որակում ընդդիմության քայլերը։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլ ի— Sputnik. ՀՀ ոստիկանությունը ապրիլի 16–ի լույս 17–ի գիշերը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«2018 թվականի ապրիլի 13-ից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հավաքը իրականացվել է Երևան քաղաքի ճանապարհները դիտավորությամբ փակելու, կազմակերպությունների բնականոն գործունեությանը խոչընդոտելու, կենսական նշանակության տրանսպորտային հանգույցները շրջափակելու և տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար անելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, վերջիններիս նկատմամբ բռնի գործողություններ կատարելով զանգվածային անկարգությունների դրսևորումներով:

Հավաքի կազմակերպիչները պարբերաբար կոչեր են հնչեցնում պատգամավորների մուտքը Ազգային ժողով արգելելու և Ազգային ժողովի շենքը շրջափակելու վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ մարդկանց իրավունքների ապօրինի սահմանափակումները և հասարակական կարգը խախտող խմբային գործողությունները կրել են շարունակական բնույթ, ՀՀ ոստիկանությունը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքով, շուրջ 3 օր սահմանափակվել է բացառապես հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին բանավոր նախազգուշացումներ տալով և պահանջներ ներկայացնելով, որոնք, սակայն, ամբողջությամբ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից:

Ոստիկանությունը հավաքի ազատության իրավունքին միջամտող այլ գործողություններ չի կատարել, քանի որ հավաքը հիմնականում կրել է խաղաղ բնույթ: Հավաքը որոշակի ժամանակահատված դադարել է խաղաղ լինելուց, հատկապես, երբ ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին ուղղորդել է դեպի Բաղրամյան պողոտա՝ փորձելով ճեղքել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանական պատնեշը: Հրահրված բախումների արդյունքում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնց արդյունքում վնաս է պատճառվել անձանց առողջությանը, հանրային սեփականություն հանդիսացող գույքին:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

Ոստիկանությունը հայտարարում է, որ հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի տևականությունը, երթևեկությունը կաթվածահար անելուն ուղղված դիտավորյալ գործողություները և մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար լայնածավալ անհարմարությունների ստեղծումը, և, վերջապես, հավաքի որոշ մասնակիցների կողմից զանգվածային անկարգությունների կատարումը, դրա հետևանքով ֆիզիկական և գույքային վնաս պատճառելը այլևս գերակա են դարձնում այլոց սահմանադրական իրավունքները և հանրային շահը, ընդ որում՝ այլ կերպ հնարավոր չէ կանխել դրանց անհամաչափ սահմանափակումները՝ նկատի ունենալով, որ ոստիկանության բազմաթիվ կոչերը, նախազգուշացումները և օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից: Հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Ոստիկանությունը 16.04.2018թ. որոշում է կայացրել դադարեցնել հավաքը և պահանջել է հավաքի ղեկավարից կատարել այն, այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին:

Պարզաբանում ենք, որ օրենքի նշված հոդվածի համաձայն՝ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանությունը հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունի ունի։ Վերոգրյալից ելնելով՝ նախազգուշացնում ենք հավաքի կազմակերպիչներին չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից»:

թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (147)

Ըստ թեմայի

Վաղը փողոցները կփակվեն ավելի լայն մասշտաբով. Փաշինյանի հայտարարությունը
Փաշինյանի կազմակերպած հավաքների համար դատախազությունը քրեական գործեր է հարուցել
Մարկ Գրիգորյանը պատմել է` ինչ է իրականում խոսել Նիկոլ Փաշինյանի հետ

Գլխավոր թեմաներ