21:52 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)
81 0 0

Հայաստանյան իրադարձությունները կարող են ազդել տնտեսության, բյուջեի ու ՀՀ միջազգային վարկի վրա։ Ֆինանսների նախարարությունը մտահոգված է։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Ֆինանսների նախարարությունը մտահոգված է երկրում ընթացող զարգացումներից, որոնք կարող են բացասական հետևանքներ թողնել երկրի միջազգային վարկանիշի և ներդրումների վրա։ Այս մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ։

«Ինչպես հայտնի է, վերջերս Fitch և Moody's միջազգային վարկանիշային կազմակերպությունները բարձր են գնահատել Հայաստանի մակրոտնտեսական կատարողականը և հարկաբյուջետային կարգապահության բարելավումը, որոնց հիման վրա մեր երկրի տնտեսական հեռանկարները կայունից փոխվել են դրականի: Ուստի շատ կարևոր ենք համարում, որ բոլոր զարգացումներն ընթանան հանրային քաղաքական երկխոսության, կառուցողական քննարկումների և փոխադարձ համաձայնության համատեքստում»,- ասված է հայտարարությունում:

Նախարարությունը շեշտում է, որ շուկաները սիրում են քաղաքական կայունություն, հավասարակշռություն և ցածր ռիսկեր։ Մինչդեռ, ցանկացած տևական հուզում, ըստ նախարարության, չի կարող չազդել երկրի արժութային պարտատոմսերի վարկանիշի վրա, բարձրացնելով վերջինիս տոկոսադրույքները, ինչն էապես կդժվարացնի պետական բյուջեի պակասուրդը արտաքին էժան միջոցներով ֆինանսավորելու հնարավորությունները:

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ է` ՀՀ-ում ցույցեր են ընթանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և բողոքի ակցիաների կազմակերպիչ, «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի ձախողված բանակցություններից հետո բողոքի ցույցերն ավելի մեծ թափ ստացան։ Երևանի Արցախի փողոցում բախումներ սկսվեցին ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև, ինչից հետո ակցիայի կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին բերման ենթարկեցին, ապա ձերբակալվեցին։ Դատախազության տարածած հայտարարության համաձայն` նրանք բռնվել են հանրորեն վտանգավոր արարքների կատարման պահին, մասնավորապես՝ ապրիլի 13-ից կազմակերպել և անցկացրել են հավաքներ՝ անտեսելով լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված սահմանափակումները:
թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)

Գլխավոր թեմաներ