10:21 22 մայիսի 2018
Ուղիղ եթեր
Կարկուտ

Ինչո՞ւ չեն կրակում հակակարկտային կայանները. հարյուր հազարի փոխարեն` միլիարդների վնաս

galatv
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
48230

Վերջին 3 տարում Հայաստանում տեղացած կարկուտը ավելի քան 53 մլրդ դրամի վնաս է տվել գյուղացուն։ Իսկ գյուղապետները հրաժարվում են հարյուր հազարի ծախս անել կարկուտից պաշտպանվելու համար։ Sputnik Արմենիան պարզել է, թե ինչու է կարկուտը ծեծած տեղը ծեծում։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Եթե կա հակակարտային կայան, դա դեռ չի նշանակում, որ այն պետք է անպայման կրակի։ Թատերական հայտնի կանոնն այս պարագայում չի գործում։

Հայաստանում 547 հակակարկտային կայան կա, բայց գյուղացու բերքն ամեն տարի կարկուտը պարտադիր փչացնում է։

Գյուղատնտեսության նախարարության ներկայացրած պաշտոնական վիճակագրության համաձայն`միայն վերջին 3 տարում կարկուտը գյուղացուն 53.7մլրդ դրամի վնաս է տվել (2015թ–ին` 8, 2016–ին` 33.5, 2017–ին` 12.2 մլրդ)։

Այս տարվա կորուստները դեռ հաշվարկվում են, բայց պատճառներից մեկն արդեն հայտնի է. ամենապատասխանատու պահին Արարատի մարզի Սուրենավան գյուղում գտնվող կայանը չի կրակել, լիցքավորված չի եղել։ Գյուղապետարանը դրա համար գումար չունի։

Սուրենավանի դեպքն առիթ դարձավ, որ հանրությունն էլ իմանա այն, ինչ իշխանությունում վաղուց գիտեն։

ԱԻՆ Հիդրոօդերևութաբանական և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոնի պետի տեղակալ Սուրեն Հովսեփյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ նույն պատմությունը տարբեր գյուղերում ամեն տարի կրկնվում է` կարկուտը գալիս է, կայանը չի կրակում։

«Մենք բազմիցս և՛ մարզային կառույցների, և՛ մարզպետարանների միջոցով հորդորել ենք համայնքների ղեկավարներին, որ ժամանակին` մինչև կարկտային սեզոնի սկիզբը, պատրաստ վիճակի բերեն կարկտակայանները։ Դա եղել է հունվար–փետրվար ամիսներին։ Ընդհուպ, մենք տարածքային կառավարման նախարարին գրությամբ ուղարկել ենք այն կայանների ցանկը, որոնք ունեն խնդիրներ, որպեսզի դրանց լուծում տրվի»,– ասաց Հովսեփյանը։

Տարածքային նախարարությունը գյուղապետներին գրություններ է ուղարկում, հանձնարարում լիցքավորել կայանները, բայց նույն փակ շրջանը կրկնվում է ամեն տարի։ Կառավարության հանձնարարությունները մնում են անկատար, կարկուտը ծեծում է ծեծած տեղը։

«Գյուղապետները հիմնականում հրաժարվում են լիցքավորել` գումարի բացակայության պատճառով։ Համայնքներ կան, որ անցած տարվա գազի դիմաց մինչև հիմա էլ պարտք են, դրա համար էլ գազ վաճառող ընկերությունը հրաժարվում է նրանց նոր գազ վաճառել։ Գյուղեր կան, որոնցից մոտակա գազալցակայանները չափազանց հեռու են։ Ամեն համայնքի ղեկավար իր առանձին պատճառն ունի»,– ասաց մեր զրուցակիցը։

Հայաստանում համայնքային սեփականություն հանդիսացող 264 կայան կա։ Դրանք հիմնականում տեղադրվել են բարեգործական ծրագրերով ու նվիրաբերվել համայնքին։ Բայց դրանց հետագա սպասարկումն օրենքով մնացել է համայնքի բյուջեի վրա։

Սուրեն Հովսեփյանի խոսքով, մեկ կայանի լիցքավորման տարեկան ծախսը շուրջ 120 000 դրամ է։ Բայց եթե այդ տարի կարկուտ չգա, լիցքավորված գազը կարող է օգտագործվել հաջորդ տարի։

Համայնքայինից բացի կան նաև մասնավոր սեփականություն հանդիսացող կայաններ, որոնք հիմնականում պատկանում են խոշոր ֆերմերներին։ Այս կայանները կրակում են միայն երբ տերերը կցանկանան։

«Քանի որ դրանք մասնավոր սեփականություն են, պետական մարմինները սեփականատիրոջ որոշման վրա ազդելու իրավական հնարավորություն չունեն»,– ասաց Հովսեփյանը ։

Հայաստանի հակակարկտային կայանների միայն կեսից քիչն է, որ պատկանում է պետությանը։ Դրանք պետական բյուջեի շնորհիվ միշտ լիցքավորված են ու պատրաստ պաշտպանելու գյուղացուն կարկտաբեր ամպերից։ Բայց դրանք էլ բավարար չեն բոլոր կարկուտները ցրելու համար։

Արդյունքում` գյուղացին կորցնում է բերքը, պետությունը` գումար փնտրում գյուղացուն մխիթարելու համար։

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում, ընդհանուր առմամբ 547 հակակարկտային կայան կա։ Դրանցից 234–ը` պետական, 249–ը` համայնքային սեփականություն, 15–ը լոկացիոն տեսակի համայնքային սեփական կայաններ են, 49–ը` մասնավոր։

Կայաններից 207–ը տեղակայված են Արմավիրի, 99–ը` Արարատի, 73–ը` Արագածոտնի, 41–ը` Լոռու, 20–ը` Կոտայքի, 13–ը` Տավուշի, 87–ը` Շիրակի, 7–ը` Վայոց Ձորի մարզերում։ Իսկ Գեղարքունիքում ու Սյունիքում ընդհանրապես կայան չկա։ Այստեղ կարկուտներն այնքան էլ հաճախ չեն։

Հակակարկտային կայանները պաշտպանում են Հայաստանի ընդհանուր տարածքի 9.8%-ը։

Գլխավոր թեմաներ