10:51 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Սուպերմարկետ

Ինչպես են նվազել բանանի, շաքարավազի և մի շարք այլ մթերքների գները. պարզաբանում է ՏՄՊՊՀ–ն

CC0 / kc0uvb / Shopping
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
33020

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը մոնիթորինգ է անցկացրել շուկայում` պարզելու լայն սպառման մթերքների գների տատանման պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը տեղեկացնում է, որ իրենք շաբաթական երեքանգամյա կտրվածքով դիտանցումներ և մոնիթորինգ են իրականացնում բացառապես գերիշխող ապրանքային շուկաներում, ինչպես նաև գերիշխող դիրք զբաղեցնող առևտրային կետերում:

Համաձայն մոնիթորինգի` մի քանի գերիշխող ապրանքային շուկաներում արձանագրվել է գների նվազում: Ընթացիկ տարում որոշակի գնային նվազում է արձանագրվել բանանի շուկայում: Մասնավորապես, ապրիլի 3-ից 1 կգ բանանի գինը նվազել է միջինում 175 դրամով՝ 870-ի փոխարեն մայիսի սկզբին դառնալով 695 դրամ:

Գնանկումը շարունակվել է նաև մայիս ամսվա ընթացքում՝ արձանագրելով ևս մինչև 105 դրամի նվազում: Հանձնաժողովի դիտարկումներով` 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին բանանի գների նվազումները պայմանավորված են մի քանի գործոններով: Նախ` պետք է նկատի ունենալ, որ բանանի իրացումը կրում է սեզոնային բնույթ. յուրաքանչյուր տարի, ապրիլ-մայիս ամիսներից սկսած, իջնում են բանանի իրացման գները: Այս հանգամանքը պայմանավորված է հիմնականում նրանով, որ նշված ամիսներին արդեն շուկա են դուրս գալիս տեղական արտադրության մրգերը, որոնց սպառման ծավալների աճին զուգահեռ նվազում են ներկրված արևադարձային մրգերի սպառման ծավալները: Բացի այդ, 2018 թվականի տարեսկզբից միջազգային շուկաներում դիտարկվում է բանանի ձեռքբերման գների իջեցում, ինչը, մի քանի ամիս անց ազդեցություն է ունենում իրացման գների վրա:

ԵԱՏՄ ամդամակցությամբ պայմանավորված` բանանի շուկայում ներմուծում իրականացնող տնտեսվարողների թիվը վերջին 3 տարիների ընթացքում էականորեն ավելացել է: Ներմուծման ընթացակարգերի պարզեցումը հանգեցրել է ներմուծող տնտեսվարողների թվի աճին: Եթե 2015 թվականին բանան ներմուծող տնտեսվարողների  թիվը եղել է 16, ապա 2017-ին  ավելացել է՝  դառնալով 42: Այս հանգամանքը ևս որոշակիորեն իր ազդեցությունն է ունեցել իրացման գների վրա:

Հանձնաժողովի դիտանցումներով որոշակի գնային նվազում է արձանագրվել նաև հավկիթի շուկայում, որտեղ ևս կան գերիշխող տնտեսվարողներ: Այս շուկայում գործունեություն են իրականացնում մեկ տասնյակից ավելի  տնտեսվարողներ, որոնցից արտադրության և իրացման առավել խոշոր ծավալներ ունեն թվով 4-ը՝ «Արաքս», «Արզնի», «Լուսակերտ» և «Աշտարակ Ձու» ընկերությունները։ Նշված տնտեսվարողներին բաժին է ընկնում արդյունաբերական եղանակով արտադրված ձվի իրացման ավելի քան 80%-ը։ Այսպես, խոշոր առևտրային ցանցերում իրականացվող դիտանցումների արդյունքները ցույց են տալիս, որ 2018 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսներին ձվի իրացման միջին գները կազմել են համապատասխանաբար 48-55 դրամ։ Հարկ է նաև նշել, որ  ձվի գնագոյացման գործընթացն ունի սեզոնային բնույթ և որպես կանոն յուրաքանչյուր տարի այս ժամանակահատվածում, նկատվում է ձվի իրացման գների աստիճանական նվազում՝ պայմանավորված սպառման ծավալների անկմամբ։ Բացի այդ, Հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ ի թիվս այլ գործոնների, այս ապրանքատեսակի գնագոյացումը մեծապես կախված է  նաև տվյալ ժամանակահատվածի արտադրական ծավալներից:

Հանձնաժողովը գնային  փոփոխություն է արձանագրել նաև ներկրված սառեցված հավի բուդ  ապրանքային շուկայում:  Այսպես` 2018 թվականի ապրիլին 1 կիլոգրամի իրացման մանրածախ միջին գինը կազմել է 851 դրամ, մայիսին նկատվել է գնանկում՝ մինչև  761 դրամ, կամ 10.6 տոկոս: Նույն ժամանակահատվածում 2 տոկոսով նվազել է նաև շաքարավազի, իսկ 3 տոկոսով Նոր զելանդական կարագի գինը:  ՀՀ ՏՄՊՊՀ-ը այս պահին իրականացնում է ուսումնասիրություն՝ վերոնշյալ շուկաներում գնային փոփոխությունները պարզելու նպատակով:

ՀՀ ՏՄՊՊՀ-ի հաղորդագրության համաձայն` գների անկման վրա ազդող գործոնները կարող են լինել բազմաթիվ՝ տարադրամի փոխարժեքից և արտադրական ծավալներից սկսած՝ մինչև եղանակային պայմաններ: Վերոնշյալ բոլոր ապրանքների գծով գնի տատանումներ դիտարկվել են մշտապես, ինչը բնականոն և նորմալ երևույթ է:

Գերիշխող մյուս ապրանքային շուկաներում (կաթնամթերք, ձավարեղեն, ալյուր, ձեթ, բենզին և այլն) գնային նվազումներ չեն արձանագրվել:

Ըստ թեմայի

Այլևս դիպլոմային աշխատանքներ չեն գնի՞. ինչպես լուծել խնդիրն առանց կախարդական փայտիկի
Ալթունյան. «Անմիջապես հունվարի 1-ից դեղերի թանկացում չի նախատեսվում»
Հակամրցակցային համաձայնություն, թե՞ թանկացում
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ