06:31 19 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.59
  • GBP639.29
  • EUR559.61
  • RUB7.62
Նաիրիտ

«Սարգսյանին դատել». Փաշինյանի կառավարությունը պատրա՞ստ է գործարկել «Նաիրիտը»

Photolure
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
399 0 0

EU-ASIA Business Finance Centre միջազգային հոլդինգի ներկայացուցիչները պատրաստ են դատի տալ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, նրանք Փաշինյանի կառավարությանը համոզել են գործարկել «Նաիրիտը»։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հայաստանի կառավարությունը պատրաստ է EU-ASIA Business Finance Centre միջազգային հոլդինգի հետ հուշագիր ստորագրել «Նաիրիտի» գործարկման վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում հայտնեց հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը։

Միջազգային հոլդինգը շատ շուտով հուշագիր կներկայացնի, որի համաձայն գործարանում աուդիտ կիրականացվի, իսկ կես տարվա ընթացքում կգործարկվի ացետիլենի արտադրության արտադրամասը։ Իշխանության և հոլդինգի միջև հուշագիրը նախատեսվում է ստորագրել այս շաբաթ։

Նախօրեին Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում էր ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ և քննարկել այդ հարցը։

«Փաշինյանի կառավարությունը պատրաստ է ստորագրել հուշագիրը։ Աուդիտից հետո պարզ կդառնա, թե ինչ վիճակում է գործարանը և որքան ժամանակ կպահանջվի այն վերագործարկելու համար», — ասաց Գրիգորյանը։

Հոլդինգի նախագահը նաև բացահայտ մեղադրանքներ հնչեցրեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին։

«Հրապարակավ հայտարարում եմ, որ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը գող է, նա «Նաիրիտը» թալանել է 300 մլն դոլարի չափով», — հայտարարեց Գրիգորյանը։

Նա հայտնեց, որ նման հայտարարության պատճառով նախկին վարչապետն արդեն մեկ անգամ դատարան է դիմել, բայց այդպես էլ չի ներկայացել դատալսմանը։ Նա ընդգծեց, որ չի վախենում Սարգսյանի հետ դատավարությունից և պատրաստ է անհրաժեշտության դեպքում հասնել մինչև Եվրոպական դատարան։

Հոլդինգի նախագահը նաև կարծում է, որ որոշ ընկերություններ Հայաստանի նախկին կառավարությանը վճարել են գործարանի վերագործարկումը թույլ չտալու համար։

«Գերմանական «Բայեր» ընկերությունն ու այլ ընկերություններ գոհ չեն, որ մենք ուզում ենք գործարկել «Նաիրիտը»։ Կասկած կա, որ նրանք վճարել են նախկին կառավարությանը գործարանը չբացելու համար», — ասաց Գրիգորյանը։

Նա համոզված է, որ «Նաիրիտն», անկասկած, մրցունակ գործարան է, և պատահական չէ, որ երկար տարիներ հետխորհրդային տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ է ունեցել։

«Նաիրիտի» գործարկումն առաջին հերթին թույլ կտա մի քանի հազար աշխատատեղ բացել, 160 հա տարածք ունեցող գործարանում նախատեսվում է բազմաթիվ արտադրամասեր բացել։ Առաջինը, ինչ հնարավոր կլինի անել աուդիտից հետո, վերագործարկել ացետիլենի արտադրության արտադրամասը։ Դրա համար 20-30 մլն եվրո կպահանջվի։ Ըստ Գրիգորյանի` ձեռնարկության գործարկումից կես տարի անց հնարավոր կլինի արտահանել արտադրանքը։

1940 թվականին հիմնադրվել է «Նաիրիտ» գործարանը, 1976-ին` «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը, որը հետագայում վերանվանվեց «Նաիրիտ-2»։ 1989 թվականին Հայաստանում սկիզբ առած բնապահպանական շարժման արդյունքում գործարանը փակվեց և վերագործարկվեց 1992-1993 թվականներին։ 1995թ-ին գործարանը բաժանվեց 3 ընկերության` «Նաիրիտ» ՓԲԸ, «Նաիրիտ-1» արտադրական և «Նաիրիտ-2» ԳԱ ՓԲԸ-ներ։

2003-ին Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով՝ «Նաիրիտ-2» ԳԱ ՓԲԸ-ի հիմքի վրա ստեղծվեց քլորոպրենային կաուչուկների արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը (գործում է Չինաստանում), որտեղ հայկական կողմի բաժնեմասը 40% է։

Իսկ «Նաիրիտ-1» ՓԲԸ-ի բաժնետոմսերը 90%-ը 2006-ին վաճառվեց «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերությանը։ Տնտեսական ճգնաժամի պատճառով 2008-ին «Նաիրիտի» աշխատանքը դադարեցվեց։ Վերագործարկման բոլոր ծրագրերն ու խոստումները մինչ օրս մնացել են անկատար։

Գլխավոր թեմաներ