ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար կսպասենք մինչև հուլիսի 25-ը։ Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Անդրադառնալով Վիկտոր Սողոմոնյանի այն հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանը երկրում չի լինի մինչև հուլիսի 25-ը, բայց պատրաստ է տեսակապով հարցաքննվել` ՀՔԾ պետը նշեց.
«Վկային հարցաքննելու, նրան հարցաքննության կանչելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են Քրեական դատավարության օրենսգրքով։ Տեսակապով, տեսազանգով կամ որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում»,–նշեց նա և հավելեց, որ կսպասեն մինչև նրա վերադարձը` մինչև հուլիսի 25–ը։
Հիշեցնենք`ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ Մարտի 1-ի գործով դեռ որպես վկա հարցաքննվելու:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա գտնվում է արտերկրում և մինչև հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ: