17:04 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.29
  • GBP618.87
  • EUR551.32
  • RUB7.35
Արթուր Աղաբեկյան

Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը. գեներալ Մանվելի «հետքերն» են փնտրել

© Facebook/ Artur Aghabekyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
822 0 0

Արցախի նախկին փոխվարչապետը դիմել է Ազգային անվտանգության ծառայությանն ու գլխավոր դատախազին։ Նա ուզում է, որ պաշտոնյաները պարզաբանեն «խայտառակ որոշման գործադրումը»։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ՝ հուլիսի 13-ին, խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում, Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի` Մեծ Թաղեր գյուղում գտնվող հայրական առանձնատանը, հարակից շինություններում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում։

Արթուր Աղաբեկյանն այս մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Նա նշել է, որ խուզարկությունների նպատակն է եղել հայտնաբերել 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր:

«Համաձայն դատարանի վերը նշված որոշման` ես իբր յուրացրել եմ տրամադրված օգնությունը, որի մի մասն էլ փոխանցել եմ Մանվել Գրիգորյանին: Այս աստիճան խայտառակ և շինծու մեղադրանքները կարելի է սպասել միայն չկայացած դատաիրավական համակարգից»,- գրել է գեներալ-լեյտենանտ Աղաբեկյանը:

Նա նշել է, որ գրավոր դիմել է Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազին և ԱԱԾ-ին՝ նմանատիպ խայտառակ որոշման գործադրումը Արցախի Հանրապետությունում հանձն առնելը պարզաբանելու նպատակով:

«Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված օպերատիվ տվյալներին, դիմում եմ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրենին՝ ուսումնասիրել ձեռք բերված օպերատիվ տվյալները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015 թվականի մայիսից ընդհանրապես չեմ շփվել Մանվել Գրիգորյանի հետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ հանդիպել եմ նրան 2 անգամ՝ ԱՀ նախագահի պաշտոնական ընդունելությունների ժամանակ»,- ավելացրել է նախկին փոխվարչապետը:

Նա շեշտել է, որ ՀՀ-ից և արտերկրից ստացված օգնությունների ստացման և բաշխման հանձնաժողովի համակարգող չի եղել, եղել է միայն օգնություն ուղարկող իրավաբանական և ֆիզիկական անձանց խորհրդատվություն տրամադրող, և հանձնաժողովի քարոզչական մասով պատասխանատու:

«Պարոնա՛յք, մի խայտառակեք «ռեսպուբլիկան»: Ակնկալում եմ Արցախի Հանրապետությունում քաղաքական գնահատական տեղի ունեցածի մասով, եթե օպերատիվ տվյալները Արցախի Հանրապետության կառավարությունը և պատկան մարմինները չեն տրամադրել»,- գրել է Աղաբեկյանը:

Գրառման մեջ նա նշել է, որ իր առանձնատունը խուզարկվել է 3 անգամ։

«Առաջին երկուսը խորհրդային զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից՝ համագյուղացիների բռնության գործադրմամբ, իսկ վերջինը, ինչպես կասեր, «Շմայսը»՝ քաղաքավարի ներխուժել են օրենքի տառին համապատասխան»,- գրել է Աղաբեկյանը:

Նա հետգրության մեջ նշել է, որ դատարանի որոշման մեջ անճշտություններ կան։

«Դատավորն ապրած կենա՝ ոչ թե Ստեփանակերտի Թումանյան 109 հասցեում գտնվող Ա.Աղաբեկյանի կարի արտադրամաս, այլ Թումանյան 99 հասցեում գործող «Մետաքսկոմբինատ» պետական ընկերություն, որի 15000 քառ. մետր տարածքում գործում են 11 ընկերություններ, որոնցից 3-ը կարի արտադրություններ են: Ոչ թե Ստեփանակերտի ջրաշխարհ, այլ Տող գյուղի տարածքում գործող «Նոր Կյանք» ջրաշխարհ՝ տարածք, որը ազատագրել ենք 20 ընկերներով, որոնցից 18-ը զոհվել են Արցախյան ազատամարտում, և նրանց հիշատակը հավերժացնելու համար կառուցել ենք «Նոր Կյանք» հանգստի գոտին»,- եզրափակել է Աղաբեկյանը։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Մանվել Գրիգորյանը կալանավորված է։

Ըստ թեմայի

Մանվել Գրիգորյանի առողջությունը վատանում է. փաստաբան
Մանվել Գրիգորյանի «հոգեպահուստի» մի մասը գտել են «Արա Լեռ»–ից և Միրզաջանից. տեսանյութ
Մանվել Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին. ԵԿՄ–ն հայտարարություն ընդունեց
Հոկտեմբերի 27–ից հետո Մանվել Գրիգորյանն ուզում էր պատժել Ռոբերտ Քոչարյանին
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի աներորդին էլ տանը զինանոց ունի. նոր բացահայտում
թեգերը:
Մանվել Գրիգորյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ