ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում չարաշահումների փաստով մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին, տնտեսվարին և տեխնիկական բաժնի աշխատողին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանը, դպրոցի տնտեսվարի և տեխնիկական աշխատողի օժանդակությամբ շարունակաբար յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումար: Քննչական կոմիտեն չի հայտնում գումարի չափը։
Գործի նախաքննությունն ավարտվել է, առաջիկայում այն կուղարկվի դատարան։
Ի դեպ, դպրոցի ծնողներից մեկը Facebook սոցիալական ցանցում գրել էր, որ դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանը դրամահավաք է իրականացնում։ Տնօրենը հերքել էր մեղադրանքը։
Նշենք, որ դպրոցի տնօրենը վերջին տարիներին պատվոգրեր է ստացել ՊՆ-ից, Երևանի քաղաքապետարանից և պետական այլ կառույցներից։