ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Վարորդները, որոնք Վրաստան են մեկնում ոչ սեփական ավտոմեքենայով, մինչև արձակուրդների սեզոնի ավարտը կարող են սահմանին չներկայացնել տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ լիազորագիրը։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Մանվել Մայիլյանը։
Հունիսի 26-ին Sputnik Արմենիան, հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական բաժնին, հայտնել էր, որ այն վարորդները, որոնք մտադիր են հարևան երկրի տարածք մուտք գործել ուրիշի ավտոմեքենայով, պետք է անպայման ունենան ավտոմեքենայի սեփականատիրոջ լիազորագիրը։
Հուլիսի 11-ին այդ տեղեկությունը հաստատեց Վրաստանում Հայաստանի դեսպանությունը` նախազգուշացնելով, որ վրացական կողմը նոր օրենք է ընդունել։ Փաստաթղթի համաձայն` հուլիսի 1-ից Վրաստանի սահմանը հատող վարորդները (եթե ուրիշի անունով գրանցված ավտոմեքենայով են), պետք է ներկայացնեն սեփականատիրոջ լիազորագիրը վրացերեն կամ անգլերեն տարբերակով: Ընդ որում` նշված էր, որ նոտարը պետք է հաստատած լինի թարգմանությունը։
Մայիլյանը պարզաբանեց, որ այդ նոր պահանջի ներմուծումը հետաձգվել է մինչև զբոսաշրջային սեզոնի ավարտ։ Այսպիսով, այժմ Հայաստանի բնակիչները, որոնք ուրիշի անունով գրանցված ավտոմեքենայով հատում են Վրաստանի սահմանը, պարտավոր չեն ներկայացնել նոտարի հաստատած լիազորագիրը։
«Սակայն բոլոր վարորդներն անպայման պետք է ունենան տեխնիկական անձնագիր»,- նախազգուշացրեց Մայիլյանը։
Նա ներկայացրեց նաև երեխաներին Հայաստանի սահմաններից դուրս տանելու կանոնները։ Մայիլյանը նշեց, որ եթե խոսքը վերաբերում է Վրաստանին կամ Ռուսաստանին, ապա անչափահասը կարող է անարգել հատել սահմանը ծնողներից մեկի ուղեկցությամբ։ Դրա համար երկրորդ ծնողի` նոտարի կողմից հաստատված թույլտվություն չի պահանջվում։ Բացառություն կարող են լինել այն դեպքերը, երբ երեխայի ելքն արգելված է դատական կարգով։
Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները, որպես կանոն, պահանջում են երկրորդ ծնողի պաշտոնական թույլտվությունը։ Միաժամանակ, Մայիլյանի տվյալներով, Եվրոպայի երկրներում ոչ ոք և ոչ մի տեղ փաստաթուղթ չի պահանջում և չի ստուգում։
Նույն կանոնները գործում են, եթե երեխան առանց ծնողների, բայց հարազատների ուղեկցությամբ մեկնում է Հայաստանից։
«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Վրաստանը թույլ են տալիս անչափահասի մուտքը` օրինական ներկայացուցչի կամ ազգականի ուղեկցությամբ։ Եվրոպական երկրները պահանջում են ծնողների թույլտվությունը», — ասաց ԱԱԾ ներկայացուցիչը։
ԱՄՆ-ի և Իրանի մեր հայրենակիցները, որոնք քաղաքացիություն չունեն, բայց հանգստանում են այստեղ և ցանկանում են մեկնել Վրաստան, նույնպես խնդիրներ չեն ունենա սահմանին։ Բանն այն է, որ Վրաստանը չեղարկել է այդ երկրների հետ վիզային ռեժիմը։