ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը համաներում հայտարարելու խնդրանքով դիմել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանին։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հաշվի առնելով Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչպես նաև պատիժ կրող անձանց ու նրանց հարազատների՝ նոր իրողություններով պայմանավորված սպասումները, կարծում եմ երկրում հասունացել է համաներում հայտարարելու պահը»,- վարչապետին ուղղված բաց նամակում գրում է պատգամավորը։
Զոհրաբյանը նշում է, որ նախորդ իշխանությունների օրոք բազմաթիվ են եղել հանրության համար նվազ վտանգավորություն ունեցող հանցագործությունների համար բավական խիստ պատժաչափերով դատապարտված անձինք։ Իսկ համաներումը նման մարդկանց ուղղվելու հնարավորություն կտա և կնպաստի նրանց վերասոցիալականացմանը:
Զոհրաբյանը նաև հիշեցնում է, որ վերջին անգամ Հայաստանում համաներում հայտարարվել է 2013 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Ըստ նրա` այսօր համաներում հայտարարելու անհրաժեշտության մասին են վկայում նաև Հայաստանի իրավաբանների ու փաստաբանների մեծամասնությունը: