ԵՐԵՎԱՆ, 9 Օգոստոս — Sputnik. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի թափուր պաշտոնում կառավարությունը որոշեց նշանակել ճարտարապետ Սարհատ Պետրոսյանին:
Որոշումը քիչ առաջ ընդունվեց կառավարության նիստում` միաձայն։
Սարհատ Պետրոսյանն ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան՝ ստանալով ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։
2004-2017 թվականներին դասավանդել է նույն համալսարանի քաղաքաշինության ամբիոնում. դոցենտ է։
Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են հատկապես քաղաքային որակյալ միջավայրերի ու քաղաքների զարգացման քաղաքականությունների մշակումը։
Ճարտարապետը երևանյան պատմական շենքերի ու կառույցների պահպանման համար պայքարի ակտիվ մասնակիցներից է։
Սարհատ Պետրոսյանը նաև Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ 1–ին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի փեսան է։
Նշենք, որ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին պետ Մարտին Սարգսյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր 2 ամիս առաջ` հունիսի 8-ին։
Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014թ-ի հունիսից։