15:14 17 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Երևան

Խոսում է Երևանը. ինչ են ակնկալում մայրաքաղաքի բնակիչներն ապագա քաղաքապետից

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
101210

Երևանցիները դեռ վերջնականապես չեն կողմնորոշվել` թեկնածուներից ում տալ նախապատվությունը քաղաքապետի ընտրության հարցում։ Սակայն շատերը համոզված են, որ նոր քաղաքապետը ստիպված է լինելու լուծել քաղաքում կուտակված մի շարք խնդիրներ։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Երևանցիներին ոչ այնքան մտահոգում է ապագա քաղաքապետի անձը, որքան հանրապետության խոշորագույն քաղաքի հսկայական խնդիրները լուծելու նրա ունակությունը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում քաղաքացիները հույս հայտնեցին, որ Երևանի նոր քաղաքապետը չի կրկնի իր նախորդի սխալները։

Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված է անցկացնել 2018 թվականի սեպտեմբերին։ Դրանց կմասնակցեն դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»), Արարատ Զուրաբյանը («ՀՀՇ»), հայտնի հայ ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստր` Անահիտ Թարխանյանը։ «Լուսավոր Հայաստանը» և ՀՀԿ–ն իրենց հերթին առաջարկում են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։

Խոսում են Երևանի բնակիչները

«Քաղաքապետի թեկնածուներից ոչ մեկին չգիտեմ, սակայն ով էլ գա իշխանության, նա պարտավոր է ազատել մեզ այս աղբանոցից և վերադարձնել Երևանի նախկին տեսքը», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն անունով Երևանի բնակիչը։

Արմենն արդեն 60-նն անց է, տաքսու վարորդ է աշխատում։ Բացի քաղաքի կեղտոտ վիճակից, նա բողոքում է նաև ավտովարորդների համար նախատեսված բարձր տուգանքներից։ Նրա կարծիքով` այդ տուգանքները երկրի հասարակ քաղաքացիների համար պարզապես անհաղթահարելի են։

Ի տարբերություն Արմենի, Արտյոմ Հովհաննիսյանը լսել է քաղաքապետի թեկնածուների մասին։ Նա կցանկանար, որպեսզի քաղաքապետի աթոռը զբաղեցներ Զարուհի Փոստանջյանը, սակայն ոչ այն պատճառով, որ նրան մյուսներից ավելի է հավանում։

«Ներքին քաղաքականության մեջ բազմաբևեռություն պետք է լինի։ Եթե քաղաքապետ դառնա մեր բոլորիս կողմից շատ սիրելի Փաշինյանի կուսակցությունից որևէ մեկը, ապա մի քանի տարի անց կստեղծվի նույն իրավիճակը, ինչ-որ ՀՀԿ–ի կառավարման տարիներին», – Sputnik Արմենիային ասաց Հովհաննիսյանը։

Քաղաքացիների կարծիքները տարբերվեցին, սակայն մեր կողմից հարցվածների մեծամասնությունը, ավելի շատ հիշատակեց Մարությանի անունը։ Նա ավելի մոտ է ժողովրդին, քանի որ «ժողովրդի ծոցից» է, նրանց «սիրված Հայկոն» է։ Այսպես նրան բնութագրեց, օրինակ, Գևորգ Երիցյանը։ Նա հավատում է Երևանի ապագային և կարծում, որ Հայաստանի մայրաքաղաքի խնդիրները անմիջապես կլուծվեն։

Թելման Գևորգյանը նույնպես աջակցեց Մարությանի թեկնածությունը։ Նոր քաղաքապետը, իսկապես, ստիպված է լինելու լուծել կուտակված մի շարք խնդիրներ` տրանսպորտի ոլորտից, մինչև փողոցների լուսավորություն, սակայն Մարությանը, երևանաբնակների կարծիքով, կկարողանա հաղթահարել այդ խնդիրը։

«Հավատում եմ, որ նա կարող է լավ մենեջեր լինել, և պարտադիր չէ, որ քաղաքապետը նախևառաջ քաղաքական գործիչ լինի։ Թեև դեռ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակներից Հայկը ակտիվ ընդդիմադիր գործունեություն էր ծավալում», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գևորգյանը։

Իսկ ահա մասնագիտությամբ շինարար Արտակ Մանուկյանը իրավիճակին, ինչպես ինքն է ասում, սթափ է նայում։ Նրա կարծիքով` քաղաքը պարզապես խրվել է խնդիրների մեջ, որը քաղաքապետը միայնակ լուծել չի կարողան։ Այստեղ, ըստ նրա, կոլեկտիվ աշխատանք է պետք տանել։

«Քաղաքի յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտակից լինի, չաղտոտի, տան մերձակայքում գտնվող ծառերը ջրի, վերանորոգի իրենց բակում տեղադրված նստարանները։ Այլապես մենք այս փոսից դուրս չենք գա», – ասում է Արտակը։

Նա թերահավատորեն է վերաբերում նույնիսկ «ամենահումորով» թեկնածուին։

Ի՞նչ գիտենք քաղաքապետի թեկնածուների մասին։

Մինչ Երևանի բնակիչները որոշում են, թե առաջնահերթ ինչով պետք է զբաղվի քաղաքապետը, այդ պաշտոնը զբաղեցնել ցանկացողների թիվն աճում է։ Նախօրեին հայտնի դարձավ, որ քաղաքապետի պաշտոնին մտադիր է հավակնել հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը։

Թարխանյանը ծնվել է 1959 թվականին Գյումրիում, սակայն ապրել և մեծացել է Երևանում։ Մասնագիտությամբ նա նույնպես ճարտարապետ է։ Ավելի վաղ բազմիցս նշել է, որ սերը դեպի մասնագիտությունը սերմանել է հայրը։ Նա մանկուց գիտեր, որ հոր ճանապարհով է գնալու։

Նրա թեկնածությանն աջակցել են «Երևանյան հասարակություն» ՀԿ–ն և ԳԱԼԱ կուսակցությունը։

«Ջանքեր կգործադրեմ Երևանի բնակիչների սպասումներն արդարացնելու համար», – գրել է Թարխանյանը Facebook սոցցանցի իր էջում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու,  հայտնի երգիծաբան Հայկ Մարությանը ծնվել է 1976 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը։ Ավելի քան տասը ֆիլմերում և սերիալներում է նկարահանվել։ Ամուսնացած է Իվա անունով չեխ կնոջ հետ, նրանք 4 երեխա են դաստիարակում։ Մարությանն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս աշխատում էր Սպիտակում որպես «Կարմիր Խաչի» կամավոր։

Ի տարբերություն առաջին երկու թեկնածուների, «Երկրի ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն արդեն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու փորձ ունի` անցած տարի նրա կուսակցությունը ստացել էր ձայների նվազագույն քանակը` 7,75% –ը(26 109 ձայն)։ Նա նաև հարուստ քաղաքական փորձ ունի, ՀՀ ԱԺ պատգամավոր է եղել։ Փոստանջյանը ծնվել է 1972 թվականին Երևանում, ամուսնացած է, ունի 4 երեխա։

Արարատ Զուրաբյանը, որը «ՀՀՇ»–ի թեկնածուն է, նույնպես փորձառու քաղաքական գործիչ է։ Ծնվել է 1963 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը, աշխատել է որպես տնտեսագետ, հիմնադրել է «Շարժում» թերթը ԱՄՆ–ում։ Նախկինում զբաղեցրել է ՀՀ ՆԳՆ վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Վեց տարի գլխավորել է Երևանի «Կենտրոն» վարչական շրջանը։

«ՀՀԿ»–ն և «ԲՀԿ»–ն առաջարկում են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Սակայն դեռ հասկանալի չէ`արդյո՞ք այդ պաշտոնն անձամբ Զեյնալյանին պետք է, թե՞ ոչ։

Զեյնալյանը ծնվել է Երևանում 1969 թվականին։ Մասնագիտությամբ վիրաբույժ է, օրդինատուրան ավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտում, աշխատել է որպես սանիտար, բուժեղբայր, բժիշկ։ Հայաստանի սահմանին մարտերի ժամանակ վիրավորվել է, հաշմանդամության երկրորդ կարգ է ստացել։ 1998-2001 թվականներին զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը։ Առողջապահության ոլորտի մի շարք օրինագծերի հեղինակ և համահեղինակ է։ 2018 թվականի մայիսից զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Այս պաշտոնը նա զբաղեցնում էր 2011 թվականից։

Ըստ թեմայի

ԲՀԿ–ն հրապարակել է Երևանի քաղաքապետի իր թեկնածուի անունը
Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի թեկնածու է
Ո՞վ կհագնի քաղաքապետի ծիրանին «Ելքի» պառակտման պարագայում
Աղբը կտանեն. նախարարը կանչել է «Սանիթեքի» տնօրենին ու Երևանի քաղաքապետի պաշտոնակատարին
Երևանը մնաց առանց քաղաքապետի. քվորում չլինելու պատճառով ավագանու նիստը չկայացավ
թեգերը:
Զարուհի Փոստանջյան, Հայկ Մարության, Արտակ Զեյնալյան, Երևան

Գլխավոր թեմաներ