02:52 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Արկադի Դվորկովիչ

Հայաստանի հաջողությունները տպավորել են ՖԻԴԵ–ի նախագահի թեկնածուին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
35 0 0

Արկադի Դվորկովիչը կարծում է, որ Հայաստանը շախմատի տարածման հարցում կարող է օրինակելի լինել շատ երկրների համար։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին տպավորել են Հայաստանի այն ձեռքբերումները, որոնք գրանցվել են շախմատի զարգացման գործում։ Այս մասին նա ասաց այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Դվորկովիչի խոսքով` Հայաստանում շախմատի դասավանդման համակարգը ճիշտ հիմքի վրա է դրված։ Ստեղծված է մի ամբողջ շղթա` դպրոցներում դասավանդելուց մինչև դասավանդման նոր միջոցների մշակում և կադրերի պատրաստում։

«Շատ երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, սովորելու շատ բան ունեն։ Ես այստեղ այնքան բան տեսա, ինչը չեմ տեսել այլ երկրներում», — ընդգծեց նա։

Դվորկովիչը նշեց, որ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելով` հույս ունի նպաստել այդ մարզաձևի տարածմանն ու բարելավել ՖԻԴԵ-ում կառավարման համակարգը։ Նրա կարծիքով` համաշխարհային շախմատի ամենակարևոր խնդիրը Միջազգային ֆեդերացիայում պրոֆեսիոնալ ղեկավարության բացակայությունն է։

«Մենք դոփում ենք տեղում կամ շատ դանդաղ ենք առաջ գնում։ Անհրաժեշտ է զարգացնել մարզիչների ու դատավորների պատրաստման համակարգը։ Բացթողումներ կան ֆինանսական ու մարկետինգի տեսակետից, պետք է շախմատը զարգացնել այն տարածաշրջաններում, որտեղ դրանք շատ տարածված չեն», — ընդգծեց նա։

Դվորկովիչը նշեց, որ միայնակ մարդը ոչ մի բան չի կարող անել, ու նրան շախմատի ֆեդերացիաների ազգային առաջնորդների, մարզիկների հզոր թիմ է պետք։ Նա հայտնեց նաև, որ հույս է դնում հայ ընկերների վստահության վրա։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն իր հերթին հայտնեց, որ հայկական կողմը պաշտպանելու է այն թեկնածուներին, որոնք երկրում ու աշխարհում շախմատի տարածմանն ուղղված ծրագրեր կներկայացնեն։ Նրա խոսքով` այդ հարցում կարևոր է ոչ թե թեկնածուի անձը, այլև նրա նախագծերը։

«Հայաստանի շախմատի ֆեդերացիան ձգտում է, որ շախմատը լայն տարածում ստանա», — ասաց նա։

Հայաստանը շախմատային սպորտում առաջատար դիրքեր է զբաղեցնում, իսկ շախմատի դասերը 2011 թվականից պարտադիր են երկրորդից չորրորդ դասարանների աշակերտների համար։ Հայ շախմատիստները պարբերաբար առաջին տեղերն են զբաղեցնում միջազգային տարբեր մրցաշարերում։

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ