Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին սպասում էին Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նա այցելեց Շառլ Ազնավուրի տուն–թանգարան` Սգո մատյանում գրառում թողնելու համար։
«Երեկ շատ ծանր և հուզիչ էր։ Սակայն հիմա հասկանում ես, թե որքան հպարտ ես, որ մեկ սիրտը կիսվել է ամբողջ աշխարհի համար։ Նրա խոսքերը, երգերը, այն ամենն, ինչ արել է, մեզ բոլորիս համար ուղեցույց է, թե ինչպես պետք է ապրել կյանքը», – ասաց Մնացականյանը։
Նա խոստովանեց, որ վերջին անգամ Ազնավուրի հետ շփվել է ԱՄՆ–ում 2017 թվականին։
Նշենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։ Նշանավոր ֆրանսիահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։
Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։
Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։