ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետին կից պետական վերահսկողական ծառայությունը Մարալիկի քաղաքապետարանում ուսումնասիրություն կիրականացնի: Այս մասին Մարալիկ կատարած այցի ընթացքում այսօր հայտարարեց ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
«Այստեղ ճգնաժամ կա, և կան ճգնաժամի լուծման տարբերակներ կան: Ուզում ենք հասկանալ` ինչի համար են բնակիչները բողոքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սանասարյանը:
Այցի ընթացքում Դավիթ Սանասարյանը հանդիպում ունեցավ նաև Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանի հետ` նրանից պահանջելով քաղաքապետարանի հաշվապահական փաստաթղթերը` համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Քաղաքապետը խոստացավ տրամադրել, բայց ոչ այսօր, քանի որ օրն աշխատանքային չէ, և քաղաքապետարանի այդ հարցով պատասխանատու աշխատակիցները տեղում չեն:
Քաղաքապետը նաև տեղեկացրեց` արդեն շուրջ 10 աշխատանքային օր չի կարողանում մուտք գործել աշխատավայր, քանի որ իր հրաժարականը պահանջող մարալիկցիները փակել են քաղաքապետարանի մուտքի դուռն ու ամեն օր վերահսկողություն են իրականացնում:
Քաղաքապետարանի դուռը բացվեց այսօր` Դավիթ Սանասարյանի այցի ժամանակ: Արդեն Գևորգյանի աշխատասենյակում Սանասարյանը հիշեցրեց` վարչապետը հորդորել է բոլոր այն համայնքների ղեկավարներին, ովքեր չեն վայելում իրենց համայնքի բնակիչների վստահությունը, հրաժարական տալ:
«Համայնքապետները հրաժարական են տալիս, ժողովրդի պահանջին ընդառաջ են գնում, և նորից ընտրություն է լինում: Ընտրությունից հետո նոր Հայաստանում որևէ մեկը չի կարող ասել, որ ընտրություն է կեղծվել»,- ասաց Սանասարյանը` հավելելով, որ հրաժարականի որոշումը պիտի կայացնի քաղաքապետը:
Իսկ իրենք կկատարեն ուսումնասիրություններն ու կսպասեն արդյունքներին:
Միաժամանակ, Դավիթ Սանասարյանը մարալիկցիներին կոչ արեց համբերատար սպասել ուսումնասիրությունների ավարտին, բացել քաղաքապետարանի մուտքը և թույլ տալ համայնքի ղեկավարությանն աշխատել:
Հիշեցնենք` արդեն տևական ժամանակ է, ինչ Մարալիկում բողոքի ակցիաներն են ընթանում ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականի պահանջով: