08:08 24 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Հացթուխ

Աշխատանք կա, փող չկա. ո՞րն է հայաստանյան գործազրկության գաղտնիքը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
27210

Աշխատանքի տոնավաճառում ներկայացված առաջարկները շատ են։ Քիչ չեն նաև աշխատանք փնտրողները, բայց թափուր աշխատատեղերը չեն համալրվում, գործազուրկներն էլ չեն պակասում։ Sputnik Արմենիան փորձել է բացահայտել այս առեղծվածը։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Ամալյա Մարտիրոսյանը երիտասարդ հաշվապահ է, աշխատանք ունի, բայց փորձում է ավելի լավ աշխատանք գտնել։ Նա այդ նպատակով այսօր` նոյեմբերի 16-ին, այցելել էր Երևանում բացված աշխատանքի տոնավաճառ, որտեղ մի քանի տասնյակ ընկերություններ մոտ 200 թափուր աշխատատեղ էին առաջարկում։

«Բնականաբար կարևոր են և՛ պայմանները, և՛ աշխատավարձը` 250 000–ից բարձր»,– Sputnik Արմենիային ասաց Ամալյան` հավելելով, որ մեկ շաբաթից պատրաստվում է հեռանալ ներկայիս աշխատավայրից։ 

Ярмарка труда
© Sputnik / Nelli Danielyan
Ամալյա Մարտիրոսյան

Աշխատանք փնտրողներին աշխատանք առաջարկողները, որոնք ներկայացված են տոնավաճառում, հիմնականում ՏՏ, կապի և բանկային ոլորտի ձեռնարկություններն են։

Հայաստանյան բանկերից մեկի ներկայացուցիչ Էմմա Մարգարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ բանկի թափուր աշխատատեղերը ևս, որպես կանոն, հիմնականում սպասարկման ոլորտին են առնչվում։ Թեև ներկա պահին կան նաև գանձապահի, ֆինանսական խորհրդատուի ու տեղեկատուի թափուր հաստիքներ։

Ярмарка труда
© Sputnik / Nelli Danielyan
Աշխատանքային շուկա

«Բացի այդ, ունենք մարքեթինգի մասնագետի, ծրագրավորողի և իրավաբանի թափուր հաստիքներ։ Պահանջները` բարձրագույն կրթություն, օտար լեզուների իմացություն։ Իսկ իրավաբանի, ծրագրավորողի դեպքում պահանջում ենք նաև մասնագիտական փորձառություն»,– ասաց մեր զրուցակիցը։

Աշխատանքի տոնավաճառ ի պաշտոնե այցելած աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը ներկայացված առաջարկներին ծանոթանալուց հետո նշեց, որ գործատուները հիմնականում պահանջում են բարձր որակավորում, ունեցող, օտար լեզուների իմացությամբ մասնագետների։ Բայց աշխատաշուկայի հիմնական հատվածը ցածր աշխատավարձով, ոչ մասնագիտական աշխատանքի առաջարկներն են։

Նրա խոսքով` Երևանի զբաղվածության 10 կենտրոններում հոկտեմբերի 28-ի դրությամբ 1300 թափուր հաստիք կա, որոնց 95-97 տոկոսը 60-90 հազար դրամ աշխատավարձով, մասնագիտական կրթություն չպահանջող աշխատատեղերն են։

«Աշխատաշուկայում այսօր կան ոչ միայն բարձր որակավորում պահանջող թափուր աշխատատեղեր, որոնք հաճախ չեն համալրվում, այլև ունենք ցածր որակավորում պահանջող կամ ընդհանրապես որակավորում չպահանջող աշխատատեղեր, օրինակ` հացթուխ, գիշերային պահակ, ընդունարանի աշխատող։ Բայց նույնիսկ այս աշխատատեղերը շատ հաճախ չեն համալրվում ցածր աշխատավարձերի պատճառով»,– ասաց Ուդումյանը։

Աշխատավարձերի գրավչության հարցում իր գործընկերոջ հետ համաձայն է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանը։ «Զրոյի նկատմամբ, այսինքն` աշխատանք չունեցողի համար հաստատ գրավիչ աշխատանքներ են, բայց այսօր անգամ մեր միջին աշխատավարձը, եթե հարցնեք` գրավիչ է, թե ոչ, հաստատ կասեմ` ոչ, որովհետև երբ նայում ենք սպառողական զամբյուղին, տեսնում ենք, որ այդտեղ լուրջ խնդիր ունենք»,– ասաց Ավագյանը։

Ի դեպ, հետաքրքրական է, որ անգամ ՏՏ ոլորտում, որտեղ աշխատավարձերն այսօր անհամեմատ բարձր են, ևս պարբերաբար թափուր աշխատատեղեր են առաջանում, ու գործատուները կանգնում են բարձրակարգ մասնագետներ գտնելու խնդրի առաջ։ Բայց այս ոլորտում խնդիրը փոքր–ինչ այլ է։ Բանն այն է, որ ՏՏ ոլորտից մասնագետների լուրջ արտահոսք կա Հայաստանից դեպի արտերկիր։

«ՏՏ ոլորտում հայ մասնագետներն արտերկրից մի քանի անգամ բարձր աշխատավարձերով առաջարկներ են ստանում և դուրս են գնում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանը։ Նրա խոսքով` մեր երկրում ՏՏ ոլորտում տարեկան շուրջ 4000-5000 մասնագետների պահանջարկ է առաջանում, որոնց մեծ մասը արտերկիր մեկնած աշխատողների թափուր մնացած տեղերն են։ Ու նույնիսկ բարձր աշխատավարձերի պայմաններում այդ աշխատատեղերը դժվարությամբ են համալրվում նոր մասնագետներով։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2018թ–ին Հայաստանում գործազրկությունը 20.2% է կազմում, 2017-ին 17.8% էր։ Այս հավելյալ 3 տոկոսը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեկնաբանմամբ, ոչ թե ավելացել է, այլ առաջացել է հաշվարկի մեթոդաբանության փոփոխության արդյունքում։

Բանն այն է, որ գյուղատնտեսության մեջ ներգրավված ինքնաբավ ընտանիքները, որոնք իրենց բերքը չեն վաճառում, նախկինում համարվում էին ինքնազբաղված, իսկ նոր մեթոդաբանությամբ` գործազուրկ։

Գլխավոր թեմաներ