23:47 16 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.74
  • GBP593.49
  • EUR535.47
  • RUB7.60
Արթուր Մեսչյան

Երևանի կենտրոնում տեղի ունեցած փլուզումը պետք է դաս լինի․ Մեսչյան

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20120

Ըստ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի` շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատն ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարությունը չի հաստատել:

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Արամի 23-ում գտնվող շենքի պատի փլուզումը պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն այնպես, որ չլինի նույն պատմությունը։ Այս մասին ասել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբին տրամադրված պատմական շենքի պատը հունվարի 11-ի ուշ երեկոյան փլվել է։ 2017թ-ի սեպտեմբերից մինչև 2018թ-ի մարտն ընկած ժամանակահատվածում Արամի փողոցում անցկացվել են շինարարական աշխատանքներ, որոնց ժամանակ մշակութային և պատմական հուշարձանների օգտագործման ու պահպանության մասին օրենքի խախտումներ են եղել։ Մասնավորապես, նորմերը խախտելով` 11-մետրանոց փոս են փորել։

Մեսչյանի խոսքով՝ արտակարգ պատահարը կանխելու նպատակով առաջարկվել են շենքն ամրացնելու մի քանի տարբերակներ, սակայն մշակույթի նախարարությունը դրանցից ոչ մեկը չի հաստատել։

«Սա պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն էնպես, որ չլինի նույն պատմությունը: Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետեւանք էր: Կարելի էր պատը հանգիստ ամրացնել, խուսափել փլուզումից և հանգիստ շարունակել աշխատանքները», - ասել է Մեսչյանը։

Նա հավելել է, որ պատը հնարավոր է վերականգնել և վերադարձնել շենքի մշակութային արժեքը։ Մեսչյանի խոսքով՝ «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետի հետ նախագիծ կմշակի ճարտարապետական հուշարձանների պահպանության վերաբերյալ։

Նշենք, որ փլուզված շենքի մոտ ներկա պահին բողոքի ակցիա է ընթանում։ Մարդիկ պահանջում են փրկել ճարտարապետական հուշարձանները։ «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի խոսքով՝ պատկան մարմինները ոչինչ չեն անում պատմական շենքերը պահպանելու համար։ Նրանք կա՛մ անտեսում են վարչապետի որոշումները, կա՛մ այդ ամենը ներկայացում է։

«Հստակ երևում էր, որ ոչինչ չի արվում շենքի փրկության համար։ Բազմիցս եկել են մասնագետներ, ճարտարապետներ, պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել շենքն ամրացնելու համար, բայց հաջորդ օրը հրաժարվել են այդ գաղափարից։ Ամեն ինչ գնացել է դեպի փլուզում», - լրագրողներին ասաց Հեքեքյանը։

Նա վստահ է, որ իշխանությունների անգործությունը վկայում է մի բան՝ ամեն ինչ արել են, որ պատը քանդվի։

Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է, որ «Փոքրիկ երգիչների» շենքը (Արամի 23) վթարային է դարձել անմիջապես հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փորված փոսորակի հետևանքով:

Գլխավոր թեմաներ