10:56 19 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Արագիլ

Արմավիրում կրակել են արագիլի վրա. պետական կառույցներում վիրավոր թռչնին օգնող չի գտնվել

© Sputnik / Arpi Beglaryan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
116410

Ֆեյսբուքը ողողված է վիրավոր թռչնի լուսանկարներով։ Սոցիալական կայքերում բարձրացած աղմուկը պատկան կառույցներում դեռ լսելի չէ։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Գայ գյուղում արագիլ է սատկել։ Վիրավոր թռչնին գտնողները վստահեցնում են, որ կենդանու վրա կրակել են։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆեսբուքյան օգտատեր Աննա Մարգարյանը, որը նաև պատմեց, թե ինչպես են ամբողջ մի օր փորձել փրկել կենդանուն, բայց այդպես էլ չեն գտել պետական գեթ մեկ մարմին, որը զբաղվում է վիրավոր կենդանիներին օգնություն ցույց տալով։

«Արյան հետքերը չորացած էին։ Ենթադրեցինք, որ մեկ օրվա վաղեմության են։ Կրծքավանդակի ու թևի հատվածում միանշանակ կրակոցից առաջացած բաց թափանցող վնասվածք կար, ոտքերն ամբողջությամբ արյունոտված էին»,– պատմեց մեր զրուցակիցը։

Արագիլին տեսել են պատահաբար, գյուղի տներից մեկի բակում։ Սկզբում զարմացել են, որ իրենց ներկայությունը նրան չի վախեցնում։

«Մեզ զարմացրեց, որ արագիլը մեր մոտենալուց չի վախենում ու չի թռչուն։ Հետո նկատեցինք, որ արագիլը վիրավոր է, նրա վրա արյան հետքեր կային, ու երևում էր, որ շատ թույլ է, նույնիսկ կանգնած էր կտուցով գետնին հենված, որ չընկնի»,– ասաց Աննա Մարգարյանը։

Արագիլին մասնագիտացված օգնություն ցույց տալու Աննայի ու նրա ընկերների փորձերը ոչ մի արդյունք չեն տվել։ Նախ` փորձել են կապ հաստատել գյուղում գրեթե ամեն սյան վրա փակցված հայտարարության հեռախոսահամարով։

«Այդ տարածաշրջանում բոլոր այն սյուները, որոնց վրա արագիլի բույն կա, համարակալված են, ինչ-որ ինֆորմացիա կա, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար` կապ հաստատելու համար։ Բայց ոչ կայքը կա, ոչ հեռախոսահամարն է միանում։ Հետո գյուղացիներից իմացանք, որ նման դեպքեր լինում են, որ արագիլներն ընկնում, կամ ինչ–որ ձևով վնասվում են, բայց այդ կազմակերպությունը չի արձագանքում»,– պատմեց Աննան։

Փորձել են ահազանգել նաև ՀՀ բնապահպանության նախարարություն և ԱԻՆ 911 հեռախոսահամարով։ Բնապահպանության նախարարություն միանալ չի հաջողվել։ Իսկ ԱԻՆ–ից հայտնել են, որ իրենք կենդանիներով այլևս չեն զբաղվում։

Ստիպված են եղել հարևան գյուղերում անհատ անասնաբույժներ փնտրել։ Նրանցից երկուսը ինչ-որ դեղորայքով փորձել են բուժել վիրավոր կենդանուն։ Բայց հաջորդ գիշերն արագիլը սատկել է։

Մենք ևս փորձեցինք կապ հաստատել տեղեկատվական թերթիկում նշված հեռախոսահամարով, բայց կազմակերպության հետ կապ հաստատել չհաջողվեց։

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը տեղեկացրեց, որ նախարարությունը ևս նման աջակցություն ցույց տվող ստորաբաժանում չունի։

«Եթե խնդիրը վերաբերում է ապօրինի որսին կամ այլ խախտումների, դրանով զբաղվում է Բնապահպանության և ընդերքի տեսչությունը։ Իսկ եթե կենդանուն բուժօգնություն ցույց տալու հարց է լինում, դիմում ենք Երևանի կենդանաբանական այգու մասնագետներին»,– ասաց Վարդանյանը։

Բնապահպանության և ընդերքի տեսչությունում էլ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան, հայտնեցին, որ մեր հիշատակած դեպքի մասին ահազանգ չեն ստացել և ահազանգը գրանցեցին մեր հայտնած տեղեկությունների հիման վրա։

Այդուհանդերձ, ֆեյսբուքում շարունակում են տարածվել վիրավոր թռչնի լուսանկարները։ Սոցիալական կայքերի օգտատերերը զարմացած ու զայրացած են ոչ միայն բարության ու խաղաղության խորհրդանիշ թռչնի նկատմամբ անմարդկային վերաբերմունքից, այլև պետական մարմինների անգործությունից։

Ըստ թեմայի

Հայկական արագիլների նվերը կամ Նոր տարին հղիանալու համար լավ ժամանակ է
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ